anna  andreasyan

Ժպտացե՛ք, դա ձեզ ավելի է գեղեցկացնում

Ինչպես ինքս եմ նկատել՝ իմ հոդվածները հիմնականում խմբավորվում են երկու կատեգորիայի՝ փիլիսոփայություն և բողոք ու քննադատություն։ Հիմա արդեն ինչքան ժամանակ է՝ երկրորդ տեսակից ոչինչ չեմ գրել, ինչի արդյունքը բողոքի և դժգոհության կուտակումն է ներսումս։ Այսօրվա բողոքիս թեման Հայաստանում մարդկանց՝ չափից ավելի «մուննաթ» լինելու մասին է։

Հայաստանում ինչքան խանութ, օֆիս, օդանավակայան, բանկ, մի խոսքով՝ սպասարկման ոլորտի հետ առնչվող յուրաքանչյուր տեղ մտելիս միշտ հանդիպել եմ, մեղմ ասած, ոչ այնքան բարեհամբույր վերաբերմունքի։ Հասարակ և ամենօրյա իրավիճակ․ մտնում ես խանութ ու հանկարծ մի հարց ես ուզում տալ ինչ-որ ապրանքի վերաբերյալ, այնպիսի «մուննաթ» դեմքով պատասխան ես ստանում, որ որոշում ես էլ երբեք այդ խանութում որևէ հարց չտալ։ Կամ լավագույն օրինակը, որ միշտ հիշում եմ, օդանավակայանն է, երբ մոտ 5 տարի առաջ երկրից դուրս էի գնում և առաջին անգամ պետք է օդանավ նստեի, բնականաբար, այնքան էլ լավ չգիտեի՝ որտեղ պետք է կանգնեմ, ինչ վերցնեմ հետս և այլն, հասկացաք՝ ինչ նկատի ունեմ։ Դե, բնականաբար, սպասում էի, որ աշխատակիցները կօգնեն և ուղղություն ցույց կտան, բայց բացի «մուննաթ» դեմքի արտահայտությունից ու զարմանքից՝ ուրիշ ոչինչ չստացա։

Հիմա այս օրինակները բերեցի այն բանի համար, որ դժգոհությունս ավելի հասկանալի լինի սպասարկան ոլորտի աշխատակիցների ոչ այնքան բարեհամբույր ու օգնելու պատրաստակամ չլինելու մասին։ Եթե մեկը ինչ-որ բան չգիտի, դա լրիվ նորմալ երևույթ է, և կարելի է ավելի ըմբռնումով մոտենալ։ Սա էլ այն պատճառներից մեկն է, որ մարդիկ Հայաստանում մի տեսակ վախեցած են հարց տալուց։

Ասեմ, էլի կասեք՝ ասաց, բայց օրինակ՝ Ամերիկայում ինձ հիացնում էր մարդկանց այդչափ բարեհամբույր լինելը։ Յուրաքանչյուր տեղ հանգիստ կարող էիր տվյալ ոլորտի վերաբերյալ հարց տալ կամ օգնություն խնդրել, և ժպիտը դեմքին՝ մեկը միշտ շատ քաղաքավարի կօգներ քեզ։ Հա, հա, հենց այն ժպիտը, որ մեր՝ հայերիս մոտ մի տեսակ ծիծաղ է առաջացնում ու կասկածներ դիմացինի՝ հոգեկան հավասարակշռության վերաբերյալ։

Եզրափակելով այսօրվա բողոքիս ալիքը՝ ուզում եմ նշել, որ չեմ ակնկալում փողոցում հանդիպած յուրաքանչյուր մարդ ժպտա կամ բարեհամբույր լինի, բայց եթե ինչ-որ տեղ աշխատում եք, որը ենթադրում է մարդկանց հետ շփում, խնդրում եմ, եթե ոչ ձեր իսկ ցանկությունից մղված, ապա ձեր աշխատանքային պարտականությունները հաշվի առնելով՝ մի քիչ ավելի բարեհամբույր եղեք։

Հ․Գ․ Ու հա, մեկ-մեկ էլ ժպտացե՛ք, դա ձեզ ավելի է գեղեցկացնում։