Մարդկանց ինչքան էլ երկար ժամանակ ճանաչես, միևնույն է, էլի չես ճանաչելու: Հա, ճիշտ եմ ասում, այս անգամ իրոք չեմ փիլիսոփայում: Դու պետք է մարդու համար լինես բարեկամ, ընկեր, թշնամի, հարևան, որ կարողանաս նրան լավ ճանաչել: Բայց միաժամանակ բոլորը լինել այդքան էլ հնարավոր չէ, չէ՞: Հըմ, համ էլ կասկածում եմ, որ գոնե այդ ձևով կստացվի մինչև վերջ ճանաչել: Ինչևէ, այդքան շատ մտահոգվելու կարիք չկա, մեկ է, ոչինչ էլ չի փոխվի, իզուր կտխրես: Ուզո՞ւմ ես քեզ լավ զգալ, ժպտալ և ուրախանալ, ուղղակի այնպես արա, որ երեխաներով շրջապատվես, որ մանկանաս: Դու չես էլ կարողանա ժամանակ գտնել տխրելու համար: Մեկը քեզ անընդհատ կասի. «Ինչի՞ ես տխուր», ու դու հանուն նրա ու նրա ժպիտի կժպտաս, մեկը քեզ համար կերգի, ու դու ուղղակի չես կարողանա չժպտալ, մյուսն էլ ձեռքիցդ բռնած այստեղ-այնտեղ կտանի, տիկնիկ կդնի ձեռքիդ ու կսկսի համոզել, որ քնեցնես տիկնիկին:
Դասարանով գնացել էինք մեր Կոթի գյուղի մանկապարտեզ, նստել այն տեղը, որտեղ մեկ էլ 10 և ավելի տարի առաջ էինք նստել։ Ու տարիների ընթացքում ինչքա՜ն բան էր փոխվել: Մեր ննջասենյակն արդեն ճաշասենյակ է դարձել, ճաշասենյակը՝ ննջասենյակ, աստիճանների վրայի գորգը հանել էին (դա բոլորս նկատեցինք), կահույքն ու խաղալիքներն էլ արդեն ավելի լավն էին: Փոքրիկներն էլ ամեն տարի փոխվել են, ու հիմա էլ ուրիշներն են մեր տարիներ առաջվա տեղը զբաղեցնում:
Նրանք էլ են ուրիշ, բայց նրանցից մեկը մեր խմբից մեկի նման շատախոս է, մեկը՝ ամաչկոտ, մյուսը՝ պարտաճանաչ, մեկն էլ ամենաչարաճճին է: Ինքս էլ չգիտեմ, թե նրանցից որ մեկն է ինձ փոխարինում, որովհետև բացի մանկապարտեզ գնալուս առաջին օրից ու այդ օրը ամաչկոտ հայացքով դռան մոտ նստած լինելուցս ուրիշ բան չեմ էլ հիշում:
Հերթը հասնում է փոքրիկների ներկայանալուն, դաստիարակն էլ իր հերթին մի քանի բառով ներկայացնում է նրանց։ Նոնայի հասցեին մի շարք գովեստի խոսքեր լսելուց հետո Լինան կանգնում է, թե.
-Ընկե՛ր Նունե, կուզեք, չէ՞, բոլորը Նոնա լինեն:
Պարզվում է՝ ընկեր Նունեի սիրած արտահայտություններից մեկն է. «Երանի, թե բոլորդ Նոնայի նման խելոք ու պարտաճանաչ լինեք»։
Եթե ուզում ես մարդուն մինչև վերջ ճանաչել, ասեմ, որ դժվար թե ստացվի: Մի էլ փորձիր, ուղղակի քեզ փոքրերով շրջապատիր: Նրանց մինչև վերջ ճանաչել պետք է որ ստացվի: Նրանց անկեղծությունից ու պարզությունից ուրիշ ոչ ոք չի կարող ունենալ: Լինան հենց զգում էր՝ մեկը չի ժպտում, ասում էր. «Մի՛ տխրեք»։ Հետո սկսում էր շատախոսել ու էլի մեզ ուրախացնել: Վերջում էլ ասում եմ.
-Ա՛յ շատախոս, ինչի՞ ես էդքան շատ խոսում:
Ասում է.
-Ես շատախոս չեմ, դու ես շատախոս:
-Հա, ես էլ եմ խոսել շատ սիրում:
Ինչքա՜ն արագ անցան տարիները: Հիշում եմ մանկապարտեզում անցկացրած ընդամենը առաջին հինգ րոպեները, իսկ հիմա արդեն դպրոցն ավարտելու ժամանակն է: Հիմա անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ ես Նոնայի նման խելո՞ք եմ եղել, թե՞ Լինայի նման շատախոս, ու ինչպես ինքն է ասում՝ չարաճճի: