lyusya balabekyan

Ի՜նչ լավ բան է համացանցը

Երբ տատիկիս պատմեցի, որ օնլայն ընկերություն եմ անում Մարոկկոյից իմ հասակակից աղջկա հետ, զարմացած նայեց ինձ՝ չհասկանալով ո՛չ «օնլայն» բառը, ո՛չ էլ Մարոկկոյից ընկերուհի ունենալու փաստը:

Ուրախացա: Ֆրանսերեն սովորելու համար համացանցում օգնություն խնդրեցի կայքերից մեկում գրանցված իմ հասակակիցներից, ու հանկարծ հայտնվեց մի աղջիկ՝ 14 տարեկան: Շուտով իմացա, որ նա լավ գիտի իմ հայրենիքի պատմությունը:

Զարմացա: Երբ գրեցի, որ իմ հայրենիքը Հայաստանն է, նա շտապեց ինձ պատասխանել՝ մի՞թե դա այն երկիրն է, որտեղ 1915 թ.-ին մեծ ցեղասպանություն է եղել: Որտեղի՞ց գիտեր. պարզվեց, որ իրենց պատմության դասագրքերում է այդ մասին գրված, և այնպիսի նկարներ է տեսել, որ… Երբ շարունակեցինք զրուցել, պարզվեց, որ նա գիտեր անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Մի պահ նույնիսկ սկսեցի կասկածել. գուցե հայկական արմատնե՞ր ունի:

Տխրեցի: Ցավ ապրեցի, որ նա իմ հայրենիքի պատմության սև էջերը գիտի: Իհարկե, ես դեռ կշարունակեմ ներկայացնել իմ Հայաստանը նրան, բայց նա մի կարևոր միտք ասաց՝ դատապարտելով այդ ոճրագործությունը. «Միայն Աստված կարող է վերցնել քո կյանքը, քանի որ նա է քեզ կյանք պարգևել՝ անկախ կրոնից և ազգային պատկանելությունից»:

Հպարտացա: Երբ հրապարակում են, որ այսինչ երկիրն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, փաստաթուղթ է ստորագրել, մենք՝ հայերս, սկսում ենք ավելի հավատալ, որ արդարությունը կհաղթանակի մի օր: Իսկ այսօր ես վստահ կարող եմ ասել, որ այն փաստը, որ հեռավոր Մարոկկոյում ապրող մուսուլման մի աղջիկ դատապարտում է մեր թշնամիների կատարած ոճրագործությունները, վեր է ամեն տեսակ փաստաթղթերից: Հպարտ եմ, որ վաղը ես մենակ չեմ, ինձ հետ ոտքի է կանգնելու ամբողջ մարդկությունը:

Ի՜նչ լավ բան է համացանցը…