Ի՞նչ կլինի նրա հետ

Հինգշաբթի օրը չինարենի խմբակից դուրս էի գալիս, տեսա Ալբերտին և ասացի.

-7-երը` երեք անց կես, գնա:

Նա, ինչպես միշտ, որոշեց լինել մյուսների նման և ինչ-որ բան ասել, բայց շտապում էր: Ես էլ այդ արտահայտությունը հենց այդ օրն էի սովորել: Ամեն անգամ, երբ 7-րդ դասարանի աշակերտ էր մտնում դասարան, ասում էինք՝ «7-երը երեք անց կես», չինարենի պարապմունքի առաջին օրն էր: Մի անգամ էլ մի ուսուցչուհի մտավ, և մենք մեխանիկորեն կրկնեցինք` «7-երը երեք անց կես»:

Հաջորդ օրը ուրախ տրամադրությամբ եկա դպրոց: Առավոտից ինչ-որ բան էի լսում, որն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում ու չէի ուզում լսել դրա շարունակությունը, «Գիտես չէ՞, 7բ-ի…»:

Կենսաբանության դաս էր, և ընկեր Հովսեփյանը շատ անտրամադիր էր: Նա ասաց, որ այդ տղան շատ լավ էր սովորում: Տղաներն էլ ասացին, թե 7բ-ի Ալբերտի մասի՞ն է խոսքը, իսկ ընկեր Հովսեփյանը ասաց՝ այո: Այդ պահին ես այդ անվան վրա ուշադրություն չդարձրի:

-7բ-ի Ալբերտի պապան ա զոհվել,- ասաց Վազգենը:

Մի պահ ժամանակով հետ գնացի և հասկացա, թե ում մասին էր խոսքը:

Ալբերտը մեր պարսկերենի խմբակից է: Նա սովորում է 7-րդ դասարանում: Շատ լավ տղա է: Լավ է սովորում, բարի է, մի փոքր էլ միամիտ: Երբեմն ինքն իրեն խոսում է, ուզում է լինել ինչպես բոլորը, բայց չի ստացվում, երբեմն ուզում է զայրացնել, բայց այնքան թեթև է դա անում, որ ոչ ոք նրանից չի նեղանում:

Ընկեր Հովսեփյանը ասաց, որ նրա հայրը երեք օր առաջ էր զոհվել Ղարաբաղում:

Տղաները սկսեցին պատմել, թե նա ինչպես է զոհվել, իսկ ես այդ ժամանակ շվարած  էի:

-Շատ ափսոս,- ասաց ընկեր Հովսեփյանը,- շատ լավ տղա էր:

-Ասում են` լացում ա,- ասաց Վազգենը, որից հետո բոլորը ասացին, որ նա հաստատ դասի չէր գա իր հոր զոհվելու հաջորդ օրը, իսկ Վազգենը ասաց, որ նա չի եկել դասի, դպրոցի վերևի դաշտում է լաց լինում:

Ինչո՞ւ հենց նա, ինչո՞ւ ոչ մեկ ուրիշը, կամ ընդհանրապես` ինչո՞ւ:

Դասամիջոցին գնացի ընկերուհուս մոտ:

-Գիտե՞ս` ում պապան ա զոհվել,- ասացի ես:

-Չէ:

-Պարսկերենի Ալբերտին հիշու՞մ ես:

Ես սկսեցի նրան հիշեցնել այն դեպքերը, որ պատահել էին իմ Ալբերտի ու ընկերուհուս հետ պարսկերենի պարապմունքներից առաջ, որ նա հիշի:

-Հաաա~, ցավում եմ:

-Դու իրան երբեք չես հասկանա, մենակ ցավալով չի:

-Ճիշտ ես ասում:

-Պատկերացրու ինչ-որ մեկը 12 տարի քո կողքին լինի ու հանկարծ անհետանա: Ինքը իրա պապայի հետ մի ամբողջ 12 տարի ա անցկացրել: Պատկերացնու՞մ ես, այսինքն, ի՞նչ եմ ասում, ախր, ես էլ չեմ հասկանում:

Զանգը հնչեց: Նոր դարերի պատմության ուսուցչուհին նույնպես անտրամադիր էր:

-Ես երբ ինչ-որ տխուր բան եմ լսում, ամբողջ օրը մտածում եմ դրա մասին: Հիմա ամեն օր վատ բան ա պատահում, ու ես տրամադրություն չեմ ունենում: Բայց երբ ինչ-որ մեկը հաջողություն ա ունենում, ես էլ եմ իրա համար ուրախ լինում:

-7-ի բ-ի Ալբերտի մասի՞ն եք ասում:

-Հենց նրա մասին էր խոսքը: Ասում են, որ ցածր դասարանցիներից մեկի հայրն էլ է զոհվել… Չգիտեմ, ճի՞շտ է, թե չէ:

Երեխաները նորից սկսեցին պատմել նրա հոր զոհվելու պատճառը, ու կրկին չլսեցի և մինչև հիմա էլ չգիտեմ:

Ի՞նչ կլինի Ալբերտի հետ: Կկարողանա՞ վիշտը հաղթահարել, կմնա՞ նույն լավ սովորող, բարի, միամիտ, տարօրինակություններով լի Ալբերտը:

Այդ օրը մի բան փոխվեց իմ մեջ: