nelli khachatryan

Իմ անծանոթների մասին

Էսօր գրելու եմ մարդկանց մասին, որոնց չեմ ճանաչում, բայց չգիտես՝ ինչու, հիշում եմ։ Համաձայն եմ, ավելորդ ինֆորմացիա է, ուղեղս էլ երևի մի օր էդպես կմտածի ու կջնջի հիշողությունիցս, բայց մինչ այդ եկեք այս նյութս նրանց նվիրենք։

Այսպիսով, նվիրվում է այն աղջկան, ով համերգի ժամանակ եկավ նստեց կողքիս ու ասաց, որ ուղղակի մենակ է եկել, եթե կարելի է՝ մեզ միանա։

Նվիրվում է միասնական երկու քննություններին էլ ներկա դեղին շորով տղային, որի քթի ծալքերը նույն ձևով կրկնվում էին, ինչ հանձնաժողովի անդամինը (շատ նման էին, երևի հայրն էր):

Նվիրվում է ամեն օր նույն 15 համարը նստող կնոջը, որի ծոծրակն էի միայն տեսնում, ու շատ նման էր հորաքրոջս՝ նույն սանրվածքն ու ականջօղը։ Նաև 15 համարի 4 աղմկոտ տղաներին, որին ես ու Զարինեն պայմանականորեն անվանում էինք «Միքոն և ընկերները»։ Մեր օրը նրանցով էր սկսում, իրենց շատախոսությունից իրենց մասին գիտեինք այնքան, ինչքան մեր շերլոքյան հոտառությունն էր թույլ տալիս, իսկ կատակներից, իհարկե, «ստացած չի, կթռնես»-ը արդեն հաջողի նման մի բան էր։

Չեմ մոռանում նաև իհարկե մեր դեղինի վարորդներից բարի բեղերով պապիկին ու անդադար հեռախոսով խոսող երիտասարդ վարորդին։ 15 համարից կհիշատակեի նաև մեր տան հաջորդ կանգառում նստող Անիին ու Տաթևին, միայն թե նրանց հետ ծանոթացել ու ընկերացել ենք, իսկ այս նյութը դրա մասին չէ:

Նյութը մեր թաղամասից էն աղջկա մասին է, որը միշտ ականջակալներով է ու ոչ թե քայլում, Մերլինի մորուքը վկա, այլ թռվռալով է առաջ գնում։

Նաև համալսարանի կանգառի էն աղջկա մասին է, որը անձրևի տակ թրջվում էր, ու որին անձրևանոց առաջարկեցի։

«Սիթիզն» եկած էն պուճուրի մասին է նաև գրածս, որը երբ իմացավ 20 տարեկան եմ, զարմացավ, որ այդքան մեծ եմ, ու ասաց, որ ես պետք է արդեն մահացած լինեի։

էն տղաների մասին է, որոնք տրանսպորտում Թաջ Մահալի պատմությունն էին ուզում հիշել, ես էլ նրանց պատմում էի (մտքումս)։

Թումոյի էն սիրուն մարզիչներից մեկի մասին է, որը մոտեցավ ինձ ու ընկերուհուս ու հարցրեց, թե ինչ-որ անհասկանալի երաժշտությամբ ու բառերով երգը կարող ա՝ հիշենք՝ որտեղից է։

Քանի որ գիտեմ, որ 17-ի նյութերը Չինաստանում նույնպես կարդում են, գրում եմ նաև էն չինացի տղայի մասին, որը «Լավ էլի»-ի համերգի ժամանակ մի լավ ուրախացավ ու արդեն մեզ հետ երգում էր։

«Avengers»-ը նայելիս հետևի շարքում նստած տղայի մասին է նյութս, որը մինչև ֆիլմի սկսվելը ասաց, որ «եթե Ստարկին բան ա եղել, վերջ, էլի չի նայելու»։ Կինոթատրոնից տուն գնալիս էն հեծանվորդի մասին է, որի հետ իրար աչքերի նայելով անընդհատ աջ ու ձախ էինք գնում, որպեսզի իրար չբախվենք, բայց ամեն դեպքում ոտքս մոտիկից ծանոթացավ նրա անվադողի հետ (ի դեպ, իմ վրա ջղայնացավ, չնայած երկուսս էլ մեղավոր էինք)։

Իհարկե, նյութս նաև նվիրում եմ իմ վիրտուալ ծանոթներին՝ copypaste-ցի sherloch, երևակայող 007, miss devil, Լիան, Անի, ես չեմ հիշում 6 տարի առաջ ինչ էինք խոսում, բայց էս նյութը ձեզ էլ է նվիրվում, չգիտեմ՝ ձեզնից ով էր, բայց ապրես Arctic monkeys խմբի համար։

15 համարից ակնոցով տղային մոռացա, նույն կանգառում մենակ մենք էինք իջնում, ու ամեն անգամ մեկս մյուսին էինք սպասում, որ ասի՝ կանգառում կպահեք։

Գրում եմ էն ոստիկանի մասին, որ եկել էր մեր տուն ինչ-որ տվյալներ ճշտելու, բայց կեսից որոշեց, որ իմ ու սենյակակցիս դպրոցական գիտելիքները ճշտելը ավելի հետաքրքիր զբաղմունք է։

Բարևներս Ռեյ Չարլզին էնքան նման կույր պապիկին ու իր կնոջը, Զեյն Մալիկին նման երկար թարթիչներվ տղային ու Գերմանիայում հանդիպած հայ կնոջը, որն իր աղջկա վրա էր բարկանում խանութում։ Բարևներ նաև առաջին դասը սովորած համադասարանցուս՝ Արտյոմին, որի մասին միայն հիշում եմ, որ շատ սպիտակամաշկ էր, ու ճաշարանում ով իր ճաշը չէր ուզում, ինքն ուտում էր։

Եթե ձեզ մոռանամ, դուք արդեն ապահով տեղում եք։

Գիտե՞ք՝ ինչ, մարտահրավեր եմ նետում բոլորին, հիմա էդպես ընդունված է։ Դուք էլ գրեք ձեր անծանոթների մասին, միգուցե ես էլ ինձ էդտեղ գտնեմ։