Իմ արմատները

Ես ու պապիկս հաճախ ենք զրուցում միմյանց հետ։ Տարբեր թեմաների կարող ենք մենք առնչվել մեր թոռ-պապական զրույցներում։ Օրինակ, ամենշոշափվող ու ինձ համար ամենաանհրաժեշտ թեման դասերի հետ է կապված։ Այս տիպի զրույցները հիմնականում հեղեղված են լինում պապիս խրատներով։ Պապս ինձ, ինչպես նաև եղբորս խրատում է լավ սովորել։ Այդ խրատները դարձել են կյանքիս ճանապարհին ամրացված նախազգուշացնող ցուցիչներ, որոնք ինձ ստիպում են ոտքս միշտ պահել սովորելու ոտնակի վրա և միշտ օգնում ինձ առաջ շարժվել։
Մի անգամ մեր զրույցի թեման դարձավ պապիկիս պատմած գեղեցիկ պատմությունը, որ նույնպես խրատական իմաստ ուներ իր մեջ։ Այդ պատմությունը երկու իրար անչափ սիրող սրտերի մասին էր։ Անչափ, որովհետև նրանց չկարողացավ բաժանել նույնիսկ դաժան պատերազմը։ Պատերազմ, որ չխնայելով ոչինչ, խուժեց մարդկանց կյանք և խառնեց այնտեղ գտնվող ամեն ինչ։ Ինչ արած, մեկ է, ինչ էլ անենք, չենք կարող բուժել այն խորը վերքերը, որոնք անջնջելի հետք են թողել զոհված մարտիկների ընտանիքներում, այնպես որ, անցնենք վերոհիշյալ պատմությանը։
Պատերազմն սկսվել էր։ Զորահավաք էր։ Հազարավոր երիտասարդներ, մեկնեցին ռազմադաշտ՝ չիմանալով, թե կվերադառնա՞ն արդյոք հետ, իրենց սպասող ընտանիքներին, թե՞ կզոհվեն ռազմի դաշտում՝ տալով իրենց կյանքը հայրենիքին։ Նրանց մեջ է եղել նաև մեր պատմության հերոսը, ով բացի ընտանիքից, ուներ իրեն սպասող մի ուրիշ, սիրող էակ։ Պատերազմ մեկնելուց առաջ տղան հանդիպում է աղջկան։ Երդում են տալիս հավերժ սիրել միմյանց, հավատալ և երբեք հույսը չկորցնել։ Հենց այս հավատի, սիրո և հույսի շնորհիվ է, որ մեր հերոսը ռազմի դաշտում մի քանի անգամ փրկվել է սպառնացող մահից։
Պատերազմի թեժ պահն էր։ Մեր հերոսը, ով ի դեպ կապավոր էր, գնում էր վնասված կապը վերականգնելու։ Այդ ժամանակ այնքան ուժեղ կրակ է բացվել թշնամու վրա, որ փոշի է բարձրացել, և հերոսը, ոչինչ չտեսնելով, անցել է թնդանոթի առջևով։ Հրետանավորը տեսնելով այդ ամենը, փողը միանգամից մի կողմ է փախցրել և փրկել նրա կյանքը։ Մի ուրիշ անգամ էլ ընկերոջ հետ քայլելիս ականի վրա են կանգնել։ Ընկերը մահացել է, բայց մեր հերոսը նորից է փրկվել՝ կորցնելով ոտքը և աչքը։ Այսպես շատ անգամներ է փրկվել նա և վերջապես, թեև մեկ ոտքով և վնասված աչքով վերադարձել է տուն։ Նա չի հայտնել սիրած աղջկան իր վերադարձի մասին։ Ուրիշներից իմանալով սիրած տղայի վերադարձի լուրը, աղջիկն էլ լուր է ուղարկում նրան գալ իրենց տուն` խնդրելու իր ձեռքը: Չէ՞ որ նրանք հավերժ սիրելու խոստում էին տվել միմյանց։ Չնայած աղջկա ծնողների բացասական վերաբերմունքին, նրանք ամուսնանում են և կազմում լավ ընտանիք։ Ունենում են չորս երեխա, երեք տղա և մեկ աղջիկ։ Հաղթահարելով մեծ դժվարություններ, նրանք կարողանում են ամեն գնով ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը։
Հա, չմոռանամ վերջում նշել մի շատ կարևոր փաստ, որ այս պատմության հերոսները եղել են պապիկիս հայրն ու մայրը։