Իմ գյուղը

Ես ուրիշ կերպ եմ կապված իմ գյուղի հետ: Միշտ իսկական հանգստությունը գտնում եմ այնտեղ: Գյուղը գտնվում է Սևանի ափին, և ճիշտ է, շատ հեռու է Երևանից, բայց աշխատում ենք շուտ-շուտ գնալ: Չգիտեմ, ինձ թվում է, որ միայն գյուղից չէ: Տատիկներս ու պապիկներս ապրում են այնտեղ, և մեր կապն այնքան ամուր է ու ջերմ, որ շատ ենք կարոտում ու ամեն հնարավոր դեպքում այցելում ենք նրանց և աշխատում, ինչքան հնարավոր է, երկար մնալ և զգալ նրանց սերն ու ջերմությունը: Միշտ շատ երեխաներով ենք գնում և այնքան ուրախ անցկացնում օրերը, որ չենք էլ զգում, թե ինչքան արագ է անցնում ժամանակը:

Երբ փոքր էի և շատ ժամանակ ունեի, այնտեղ մնում էի ամբողջ ամառային արձակուրդներին: Եվ երեք ամիս հետո վերադառնում էի քաղաք մեծ դժվարությամբ: Ամբողջ կյանքում էլ այն կմնա ինձ համար ամենաթանկ վայրը,ամենասիրելի անկյունը: Ու միշտ մտածել եմ, որ ամենալավ գյուղն է իմ գյուղը: