Իմ եղանակը

Դեկտեմբերյան երեկոներից մեկն է: Կանգնած եմ պատուհանի մոտ ու հիանում եմ ձյան ադամանդանման փաթիլներով, որոնք երկնքից մեղմորեն իջնում են ցած ու իրենց հետ խաղաղություն ու վճիտություն են բերում: Նայում եմ նրանց ու սիրտս միանգամից սիրով ու ջերմությամբ է լցվում: Նրանց հետևելու ընթացքում ցանկանում ես դուրս վազել ու դառնալ նրանց մի մասը, դիպչել նրանց ու զգալ այն հանդարտությունը, որ բերում են մեր աշխարհ: Փաթիլները սկսում են ավելի ու ավելի դյութել, փարվել ու ջերմացնել, որ մոռանաս ձմռան ցրտի ու սառնամանիքների մասին ու մի պահ նաև ուշադրություն դարձնես ու հիանաս նրա գեղեցկությամբ, խորհրդավորությամբ ու հրաշքներով:

Նայում եմ այդ փոքրիկ աստղերին, որոնք երկնքից իջնում ու գրկում են խոնջացած հողը, և միանգամից հիշում եմ «Գտնված երազ» մուլտֆիլմը: Հիշում եմ բարի ծերուկին, ով իր քունն էր կորցրել, արծաթե գեղեցկուհուն, ու Ռուբեն Հախվերդյանի «Ձյունը» երգը: Երևի բոլորն էլ տեսել են այդ մուլտը, ու համոզված եմ, որ բոլորն էլ այն շատ սիրում են: Սիրում եմ այդ մուլտի բարությունը, պարզությունը, այն ինձ միանգամից հիշեցնում է ձմեռը:

Գիտե՞ք, առաջ չէի սիրում ձմեռը: Այն ինձ համար միշտ եղել է կոպիտ, դաժան ու սառնասիրտ, բայց վերջերս իմ շատ սիրելի ընկերուհիներից մեկը ասաց, որ ձմեռն ամենաշատն է սիրում: Նա շատ արևոտ ու խինդով լցված մարդ է, և ինձ զարմացրեց նրա ասածը, բացի այդ, ես սկսեցի բացատրություններ փնտրել նրա ասածի մեջ: Կարծում էի, որ աշունն է սիրում, բացի այդ նա նյութ էլ ունի գրած աշնան մասին, իսկ հիմա`ձմեռ… Հասկացա՜, ես վերջապես այսօր հասկացա, թե կոպտության ու սառնասրտության հետևում ինչ է թաքցնում ձմեռը: Այն իր խորքում ավելի շատ արև է պահում, քան ամառը, ավելի մեծ սեր, քան աշունը ու ավելի շատ բարություն, քան գարունը: Այն երազանքների ու դրանց իրականացման, հրաշքների ու կախարդանքի համաձուլվածքն է… Կարծում եմ գտել եմ իմ եղանակը…