qnarikmkhitaryan

Իմ երազած Հայաստանը

Ինչպե՞ս կարող ենք կոչել այն  երևույթը, երբ ուրախությունը համատարած է, սև քողով ապրած ազգը մեկ օրում սպիտակազգեստ է դառնում,  «էս ինչ սերունդ է» արտահայտությանը փոխարինելու է գալիս «Ա՜յ, սա սերունդ է» արտահայտությունը, շուրջդ ժպիտներ են, տարեց մարդկանց աչքերում՝  հպարտություն, փողոցներում բազմաթիվ մարդիկ , ովքեր խորոված են անում, երգում,  պարում։ Չեք հավատա,  բայց սա  հայերիս հեղափոխություն անելու մեթոդն է։  Երգով, պարով փոխում ենք ամեն բան, ժպտում ենք մեզ հակառակ մարդկանց,  բացատրում մեր պահանջն ու խնդիրը, և որ կարևոր է՝ լինում ենք հաստատակամ և  միասնական։

Մեր ազգը միշտ էլ այսպիսին է եղել, ուղղակի մեզ պետք էր մի «դուխով» մարդ, ով կկարողանար անել առաջին քայլը և իր հետևից տաներ մնացածին։ Ով էլ սկսեր շարժում,  ժողովուրդը կգնար նրա հետևից,  միայն թե վախը այսքան տարիներ խեղդել էր, և ոչինչ փոխել չէր ստացվել։

Վախը այն էր, որ ոստիկանը ձեռք կբարձրացնի հայրենակիցների վրա, որ վիճակը անկառավարելի կդառնա, մարդիկ կսկսեն չհամբերել, չլսել միմյանց։ Այս ամենին եղավ համապատասխան լուծում, մարդիկ  հենց ցույցերի ժամանակ կարողանում էին այնպիսի իրավիճակներ ստեղծել, որոնք ունեին հերոսներ և, ամենակարևորը, ասելիք։ Ոստիկան Աշոտը, Իրայի ամուսինը, Լեյլա տատիկը, փողոցի կենտրոնում դհոլ նվագող հայ աղջիկները, ճանապարհի գծերին նստած գիրք ընթերցողներ, ոստիկանական վահանը անձնավորող աղջիկները, ծննդյան օրը Ֆրանսիայի հրապարակում լուսացնող երիտասարդը,  հաղթանակի վերջին օրը սիրելիին ամուսնության առաջարկ անող տղան, և բոլոր նրանք, ովքեր մի ողջ պատմություն կերտեցին Երևանի ծածուկ ու հայտնի փողոցներում՝ ներկայացրեցին հայի պայքարող, մի փոքր գիժ և հաղթող տեսակը։

Անընդհատ ուզում եմ խոսել այս հեղափոխության չերևացող կողմերի մասին, պատմել իմ աչքով տեսածն ու լսածը, պատմություններ, դեպքեր, որոնք երբեք իմ կյանքից չեն անհետանա, այլ ընդհակառակը, մի ժպտացող երազի նման կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում։

Լինել հեղափոխության սերնդի մի մասնիկ և գլուխը բարձր քայլել, աներևակայելի հաճույք է։ Այո՛, ինձ համար հաճելի է այն, որ ես մեկ ամիս առաջ պայքարում էի, անգամ ձգտում էի բացատրել այն մարդկանց, ովքեր չէին ընդունում սկիզբ առած շարժումը։ Բայց ահա եկավ մի պահ, որ ես կրկին կանգնեցի այդ նույն մարդկանց դիմաց և  հպարտ հայացքս ուղղելով նրանց ասացի. «Գաղափարները միշտ նույնն են եղել, ժամանակներն ու մեթոդներն են ուրիշ, իսկ մեր մեթոդները կարողացան կոտրել շատ հիմար կարծրատիպեր, այժմ հաղթելու համար պետք է լինել հստակ և դիպուկ: Եթե չեք  հավատացել  մեր խոսքերին, այժմ պետք չէ ձևացնել, թե մեր կողքին եք»։

Հեղափոխությունն ինձ սովորեցրեց  երբեք իմ կարծիքը չթելադրել մարդկանց, ուղղակի բացատրել, իսկ հասկացողը կհասկանա: Սովորեցի լինել համբերատար, սովորեցի հակասություններ գտնել իմ և մնացած մարդկանց կարծիքների միջև, լսել բոլորի տեսակետները, և այսպես շարունակ:  Ու ինձ թվում է, շատերն ինձ նման դարձան։ Մենք սովորեցինք դիմանալ փորձություններին, վառվեցինք արևի ճառագայթներից, սոված մնացինք, հարվածներ ստացանք,  և այդքանից հետո չկար ոչ մի դժգոհություն, մինչդեռ եթե ես տանեցիների խնդրանքով մի գործ անեի ու արևից վառվեի, դա կվերածվեր պատերազմի։ Ստացվում է այնպես, որ հեղափոխությունը ոչ միայն երկրի իրավիճակ փոխեց, այլ նաև մարդկանց։ Հայերը փոխվեցին  դեպի ավելի լավը։

Հեղափոխությունը փոխեց մարդկանց, փոխեց այն աստիճան, որ երկրի նախագահը ցուցարարների հետ քոչարի է պարում, նախարարները ամեն երեկո ուղիղ եթերներով պատմում են  իրենց քայլերի մասին։

Մեզ մի շատ կարևոր քայլ է մնում անել. համբերել և կրթվել, երկիրը երկիր պահելու համար, և էն «դուխով» սերնդին կրթել, որ չունենա կաղալու ոչ մի ճանապարհ, և լինի ավելի համառ, քան մենք ենք:

Հենց այդպիսին է մեր երազած Հայաստանը: