margarita voskanyan lori

Իմ երեք կյանքերը

Իմ կյանքը 1000 հատիկ ունեցող փազլ է:

Դու իմացար, որ այն այդքան շատ հատիկներ ունի: Իմացար ու վախեցար: Վախեցար ու փախար: Փախար ու էլ hետ չեկար: Ես անգամ չհասցրի ասել, որ 999-ը ես արդեն վաղուց հավաքել եմ, քեզ միայն մեկն էր մնացել: Մեկը, բայց ամենակարևորն ու պատասխանատուն:

Քո գնալուց հետո իմ փազլի բոլոր հատիկները խառնվեցին իրար: Բայց ես քեզ պես վախկոտ չէի: Փազլիս՝ կյանքիս 999 հատիկը հավաքեցի ու սկսեցի փնտրել քեզ: Փնտրեցի ու չգտա: Չգտա ու տխրեցի:

Որպես օրենք՝ փազլ հավաքելիս մարդիկ կորցնում են վերջին հատիկը, փնտրում են ամենուր՝ տուփի մեջ, սեղանի ու բազմոցի տակ, անգամ այն տեղերում, որտեղ չեն էլ եղել, ու վերջում, երբ չեն գտնում՝ կանոնի համաձայն ասում են. «Ի սկզբանե տուփի մեջ չի էլ եղել այդ վերջին մի հատիկը»:

Կանոնից չշեղվելով՝ ես էլ չէի գտնում իմ վերջին ու 1000-րդ հատիկը, ու չէի կարողանում հասկանալ՝ կորցրել եմ, թե ի սկզբանե չի եղել:

Հիմա հասկացա, որ այդ մի հատիկը դու տարար քեզ հետ՝ չմտածելով, որ իմ մի մասնիկն ուրիշ փազլների համար խորթ է լինելու ու տարբեր: Իսկ դու միայն այդ մի հատիկն ունես՝ ամբողջություն լինելու համար:

Էլ ինչպե՞ս չատեմ քեզ, կամ էլ` ինչպե՞ս ներեմ, որ քո լինել-չլինելու պատճառով ուրիշները փորձում են իրենց կեղտոտ, ճմրթված ու անհամապատասխան փազլի հատիկը մտցնել իմ կյանք: Միևնույնն է՝ թույլ չեմ տա:

Եվ վերջապես, դու գիտես, թե ինչ է նկարված իմ փազլի վրա: Որքան էլ զարմանալի թվա քեզ, բայց փոկ, հեռավոր հյուսիսում ապրող փոկ: Դու ինձ սառն ու հաջողություն չբերող համարեցիր, փոխեցիր ճանապարհդ ինձ տեսնելիս: Իսկ ես գալիս էի քեզ մոտ, որ հասկանամ՝ ինչ կերպարանք ունես: Բայց դու միշտ փախչում ես ինձնից, նույնիսկ իմ մասնիկն ես վերցնում ու կորչում՝ չմտածելով ո՛չ իմ, ո՛չ էլ քո մասին: Չէ՞ որ դու կամ ավելի ես լինելու կամ պակաս, իսկ այդպիսի կիսատ-պռատ պատկերներով ո՞ւմ ես պետք: Հավատա, բոլորն էլ մեծ ու խոշոր, հասկանալի փազլներ են փնտրում, միայն ես եմ քեզ նման անհասկանալի, բայց նաև տարբերվող փազլի հետ կռիվ տալիս: Շատ եմ խնդրում, էլ ճամփադ մի փոխիր ինձ տեսնելիս, ես սառն ու անհաջողակ չեմ: Ես քո կիսատ սառնությունը լրացնող միակ մասնիկը կլինեմ։

Ես փազլի 1000, չէ՛, արդեն 999 հատիկից կազմված և 3 կյանք ունեցող փոկ եմ: Դու մի անգամ հեռացար ու սպանեցիր ինձ: Ես փազլի 999 հատիկից կազմված, 2 կյանք ունեցող փոկ եմ: