Julieta Tamrazyan

Իմ ընկերոջը

Պատմությունը՝ կարճ, ջերմությունը՝ մեծ։

Հուսով եմ՝ այնտեղ երազանքներդ կկատարվեն։

Դու չդարձար իմ սիրո պատմության հերոսը։ Առանց իմանալու իմ կյանքի սցենարը՝ ստեղծեցիր քոնը իմ ֆիլմի մեջ։ Ստեղծեցիր պատմության նոր գլուխ՝ չիմանալով դրա մասին։ Դու ստեղծեցիր այն, երբ մենք անցյալ տարի էլ իրար կողքի նստեցինք։ Չեմ կարողանում չհիշել իմ ու քո դժգոհ դեմքերը, երբ իմացանք այդ նորության մասին։ Չեմ մոռանա նաև մեր ծիծաղը երկու րոպե հետո։ Չեմ մոռանա քո հորինած երգերը, «շեդեվրները»։ Հիմա ոչ մեկն էլ չի նկարի սեղանների վրա։ Ես էլ ոչ մեկին չեմ ստիպի մաքրել այդ նկարները։

-Մի երկու րոպեից մաքրի, թող մի քիչ էլ հիանամ էս նկարով,- ես կասեի ինքս ինձ ամեն անգամ նկարը վերացնելուց առաջ։

Հուսով եմ՝ կարողացար մարդկանց դեմքեր նկարել։ Նայիր աստղերին և երևակայիր, էդպես ավելի հեշտ է։ Օհ, դու չե՞ս սիրում էդպես ռոմանտիկ բաներ։ Մոռացել էի։

Պիտի պահեի քո բոլոր նկարած նկարները։

Այն օրը մեր հին տեղը եկա։ Ամեն ինչ մաքրել էին։

Քո ձեռագիրը անգիր եմ արել։ Տարբերվող էր մնացածներից։

Մի քանի գրություն կար մնացած։ Ամենատպավորիչը “i don’t know“ արտահայտությունն էր։ Վերջապես ասացի՞ր։ Երբեք չես ասել՝ չգիտեմ։ Կասեիր ամեն բան, մենակ թե այդ բառը չասեիր։ Շնորհակալ եմ, որ ուրախացնում էիր ամեն պահի, ամեն ակնթարթի։ Հիմա չկա իմ կողքին մեկը, ում հետ ժամերով կխոսեմ ամենաանիմաստ, բայց մեր շնորհիվ ամենահետաքրքիր թեմայից։ Շատ ես սիրում անգլերենը։ Վստահ եմ՝ հիմա էլ ես այդ լեզուն սիրում։ Լավ է, որ քո գնացած վայրում բոլորը անգլերեն են խոսում։

Բացի՛ր դուռը։ Ասա ամենահիմար բանը, որ ասել ես քո կյանքում։ Ես քեզ վերջապես կասեմ, որ դու ամենալավ ընկերն ես։ Ու ես կպահեմ քո յուրաքանչյուր բառը, որ արտաբերեցիր ինձ համար։ Ես կերգեմ քեզ հետ, չնայած երբեք այդպես չեմ արել։ Մենք կխոսենք ժամերով իրար հետ, կծիծաղենք։ Դու ինձ հրաժեշտ չտվեցիր։ Գոնե մի օր պարգևիր ինձ հրաժեշտ տալու համար։

Երևի ես կգրեմ իմ նոր սցենարը, պատմության նոր գլուխը։ Բայց գլխավոր հերոսը, մեկ է՝ դու ես։ Նոր սցենարում քո դերը երկրորդական դարձնելը անհնար է։