Իմ ընտանիքի պատմությունը

Լուսանկարը՝ Շուշանիկ Հարությունյանի

Լուսանկարը՝ Շուշանիկ Հարությունյանի

Իմ ընտանիքի պատմությունն սկսվում է Վանի Այգեստան թաղամասից: Սիրում եմ պատմել իմ ընտանիքի պատմությունը, բայց արժե՞ արդյոք խոսել այդ ցավի ու տառապանքի մասին, որ նրանք են ապրել ցեղասպանության տարիներին, և որ արդեն հարյուր տարի է` չի մոռացվում ո՛չ ցավը, ո՛չ ողբերգությունը: Եվ այնուամենայնիվ, պատմելով կամ վերհիշելով այդ պատմությունները` նույն ցավն եմ զգում, ինչ զգացել եմ առաջին անգամ լսելիս:
Պապիս պապը` Խեչոն, գաղթել է Վանից: Խեչո պապը հայտնի է եղել որպես բարի, ազնիվ և գործունյա մարդ: Մի առավոտ, երբ տեղացիներից մեկը հայտնում է նրան թուրքերի հարձակման բոթը, նրա ներաշխարհը տակնուվրա է լինում, նրա գլխում ծագում է մի մռայլ միտք` հեռանալ իր համար այդչափ թանկ ու սիրելի Վանից: Բայց որքա՜ն ծանր էր այդ, որքա՜ն ցավալի:
Էլ ինչ էր մնում Խեչո պապին, եթե ոչ` հավաքել ընտանիքը և հեռանալ` վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրերը:
Ընտանիքը բաղկացած էր վեց հոգուց, ունեցել է երկու տղա, երկու աղջիկ: Ճանապարհին նրանք ականատես են լինում բազմաթիվ վայրագությունների ու ավերածությունների, կրում են բազում զրկանքներ, որոնք մնում են նրանց սրտերում` որպես չսպիացած վերքեր: Սկզբում նրանք ապաստան են գտնում Էջմիածնում, իսկ որոշ ժամանակ անց ընտանիքի մի մասը գալիս է Իջևանի Թալա (այժմ` Գետահովիտ) գյուղ: Մեր տոհմը սկսվում է Խեչո պապի կրտսեր որդուց` Հարությունից: Երբ նրանք գաղթել են, Հարություն պապը տասնհինգ տարեկան է եղել: Այդ ժամանակից ի վեր մեր գյուղում մեզ անվանում են «գաղթական»: Հետագայում Հարութ պապն ամուսնացել է Մարիամ անունով մի որբ աղջկա հետ: Նրանք ունեցել են հինգ զավակ` երկու որդի, երեք դուստր:
Հարութ պապի մասին բոլորը խոսում են գովեստով, պատմում են նրա հյուրընկալության, անսահման ազնվության և բարության մասին, որ փոխանցվել է Խեչո պապից: Թվում է` այդ ամենը տեսնելուց հետո անհնար է վերադառնալ բնականոն կյանքի, սակայն նա ապացուցում է, որ դեռ կարելի է ապրել: Պապս պատմում է, որ մի օր Հարութ պապը երազում տեսել է Այգեստանը, իր հայրենի տունը, ընկերներին, արթնացել է ու արտասվել: Նա ասել է, որ մի սուր կսկիծ է վառում իր սիրտը: Հարութ պապը երբեք չի փոխել իր բարբառը և միշտ խոսել է Վանի բարբառով: Նա իր տունը կառուցել է գյուղի ծայրին: Եվ ամեն անգամ, երբ տան մոտով մի օտարական է անցել, նա ասել է. «Ղարիբ մարդ է, տու՛ն կանչենք, սովա՛ծ կլինի»: Նա շատ է սիրել ընթերցանությունը, բոլորը պատմում են, որ նրա ձեռքին միշտ գիրք կար, ինչպես նաև օրաթերթ, որտեղ նա միշտ փնտրում էր Վանի մասին տեղեկություններ: Եվ մինչև իր կյանքի վերջը նա հույսը չի կորցրել, որ մի օր կվերադառնա Վան, կգնա իր տուն, ավարտին կհասցնի իր հոր` Խեչո պապի կիսատ թողած գործը: Այս էր նրա նվիրական երազանքը:
Իմ ընտանիքի պատմությունը մի գաղթական հայի պատմություն է` աշխարհասփյուռ հայի պատմություն: Պապիս պապի հուշերը ինձ տանում-հասցնում են մինչև Արևմտյան Հայաստան: Ահա ես այնտեղ եմ` Վանում` Այգեստան թաղամասում: Հրա՜շք, դրախտավա՜յր… Խեչո պապը արտ է արել, ցորեն ցանել:
-Պա՛պ, այդ ե՛ս եմ` քո թոռան թոռը, քո զավակներն ինձ կոչել են Վանուհի` քո կորսված քաղաքի պատվին, քո պատվին, պա՛պ: Ես վերադարձել եմ քո կարոտած էրգիր, եկել եմ, որ շենացնեմ, որ տե՛ր կանգնեմ հող ու ջրին, որ հնձե՛մ այն արտը, որը դու ես ցանել, որ գտնե՛մ այն կճուճով ոսկին, որ դու ես թաղել այգում: Չէ՞ որ այդ աշխատասիրությունը փոխանցվել է ինձ, իմ քույրերին ու եղբայրներին: Դե՛, վե՛ր կաց, պա՛պ, ցու՛յց տուր այն արահետը, որ տանում է դեպի քո երազանքի դուռը: Հայրենասերի քո այդ երազանքը այժմ փոխանցվել է ինձ, այն արդեն իմն է, ողջ հայությանն է… Ես իրականացնելու եմ այդ մեծ հայի սրբազան բաղձանքը, պա՛պ, իմ գերդաստանի՛ նահապետ…