DSC_0765

«Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներ

Երկրորդ մրցանակ

Ես ապրել եմ ուզում

Աշխարհում չկան գեղեցիկ և տգեղ երեխաներ, չկան լավ ու վատ երեխաներ, չկա այն, ինչը խանգարում է մարդուն՝ բոլորին տեսնել իրար հավասար. այդ ամենը մենք են ստեղծել, հորինել ու քանդել աշխարհը:

Պատմությունը, որ կպատմեմ ձեզ, իրական է և այնքա՜ն նման աշխարհի շատ ու շատ երեխաների պատմություններին: Այն մեր ձեռքերով քանդած աշխարհի ամենատխուր պատմությունն է: Պատմությունս նրանց մասին է, ովքեր ամենից ավելի ունեն իրավունքների պաշտպանության կարիք, բայց բարձրաձայնել այդ մասին անզոր են: Պատմությանս հերոսն իմ հասակակիցն է, ինձ նման սովորական մի երեխա, որին կյանքն ու մարդիկ թողել են ստվերում և ստվերել նրա բոլոր երազանքները:

Մենք խոսում ենք մեր իրավունքների պաշտպանությունից՝ չգիտակցելով, որ շատ հաճախ ինքներս ենք խախտել մեկ ուրիշի՝ իրեն բոլորի մի մասը զգալու ամենապարզ իրավունքը:

«Իմ անունը Արամ է: Այս տարի ես 17 տարեկան կդառնամ, բայց աշխարհի համարյա բոլոր 17 տարեկան տղաների նման ես չեմ պատրաստվում վերջին զանգին, ո՛չ էլ մեկ տարի հետո բանակ եմ գնալու: Ախր, ես այնպիսին չեմ, ինչպիսին բոլորն են: Այո՛, ես տարբերվում եմ մյուսներից, բայց ես էլ մարդ եմ՝ մեկը՝ բոլորից: Բոլորի նման (ու նույնիսկ՝ մի քիչ ավելի) ես էլ նույն իրավունքներն ունեմ այս երկրի վրա, պիտի՛ ունենամ:

Իմ ծնունդը ծնողներիցս բացի ոչ ոքի չի ուրախացրել: Մարդիկ ուղղակի վախեցել են մոտենալ ու գրկել ինձ, ժպտալ իմ՝ դեռ ոչինչ չգիտակցող աչքերին: Կյանքն ամենասկզբից ինձ համար դաժան կատակ էր պատրաստել. ես դատապարտված էի տեսնելու ծնողներիս և միայն մի քանիսի անկեղծ հայացքները, մյուսները փախցնում էին այն, իսկ նայողների աչքերում էլ միայն խղճահարություն էր: Ա՜խ, եթե կարողանայի կանգնել նրանց դիմաց ու ասել, որ ինձ խղճալ պետք չէ, ես միայն մի քիչ ուշադրության կարիք ունեմ, ուրիշ ոչնչի:

Ես ամենից շատ մյուս երեխաների պես դպրոց գնալ էի ուզում, իսկ ինձ համար կյանքը հատուկ դպրոցի երկար ու դժվար ճանապարհն էր գծել: Բայց ես դրանով էլ երջանիկ եմ. չէ՞ որ ինձ նման շատերն անգամ այդ փոքրիկ հնարավորությունը չունեն. նրանց տեղը կյանքում դեպի փողոց նայող պատուհանն է ու դռան դիմացի այն աթոռակը, որի վրա ես էլ հաճախ եմ նստում: Կյանքում իմ տեղը երևի մի քիչ էլ պատուհանի մոտ է, այնտեղ, որտեղից տեսնում եմ իմ երազանքը՝ դպրոցից տուն դարձող աշակերտներին, գնդակի ուրախ թռիչքը և այն սպիտակ թիթեռնիկին, որի հետևից միայն մտքում վազել կարողացա:

Ես այսպիսին եմ: Եվ ամենաքիչը ես եմ պատասխանատու դրա համար: Ես նման չեմ ձեզ, բայց դուք չեք էլ ուզում հասկանալ, որ դա ոչ թե իմ, այլ Աստծո կամքն է, իսկ ես, ես էլ ձեզ նման մարդ եմ: Գուցե ոչ սովորական, բայց մարդ եմ, երեխա, և գիտեմ, որ դեռ երկար այդ երեխան կապրի իմ մեջ, այնքան, քանի դեռ մյուս երեխաների պես չեմ գտել մանուկ լինելու իմ իրավունքը: Իսկ այդ իրավունքը ես ունեմ, ունեմ աշխարհի բոլոր տասնչորս, տասնհինգ, տասնվեց տարեկան երեխաների նման, նրանց հավասար ու նույնիսկ՝ մի քիչ ավելի: Ես իրավունք ունեմ ինձ լիարժեք մարդ, ձեր՝ մարդկանց մի մասը զգալու, ապրելու… Ես ուզում եմ տեսնել, որ աշխարհում երեխաների միջև աստիճաններ չկան: Չկան վերևում կամ ներքևում գտնվող երեխաներ»: