Իմ կյանքի լավագույն ժամանակը

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Ահա եկավ  օրը, երբ ես պիտի գնամ Գնդեվազ: Մայրիկս ինձ ճանապարհում է  ավտոբուսով: Ամեն անգամ, երբ ես Եղեգնաձորից գնում եմ գյուղ, մայրիկը ավտոբուսում, սկսած վարորդից մինչև կողքիս նստողը, զգուշացնում է բոլորին, որպեսզի հիշեցնեն ինձ` իջնել կամարի տակ: 

-Նոնա, էս անգամ մեծ ես, էլ չեմ ասի բոլորին,- ասաց մայրիկս:

Ուրախացա, բայց դեռ շուտ էր ի ուրախանում, մայրս ավելացրեց.

-Մենակ վարորդին կասեմ:

-Դե լավ, մամ, դե գնա, շարժվում ենք արդեն,- հրաժեշտ տվեցի մայրիկին:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Ահա և ես հասա գյուղ: Ինձ դիմավորելու են եկել քույրս և եղբայրս:  Զրուցելով գնում էինք, և հանկարծ հեռվից մոտեցող մի ձայն լսվեց.

-Էս մեր Սամվելի աղջիկն ա, հա էլի, աղջի, նայի` ինչքան ա մեծացել:

Եվ ահա մոտեցան.

-Բարև, աղջիկ ջան: Ինչքան ես մեծացել, փոխվել… Չճանաչեցինք, հա:

-Բարև ձեզ,- պատասխանում եմ ես` թաքցնելով, որ ընդհանրապես չճանաչեցի նրանց:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Այսպես լինում է ամեն քայլափոխին, երբ ես գնում եմ տատիկիս գյուղ` Գնդեվազ: Հետո հարցնում եմ.

-Նունե, էս ովքե՞ր էին էս մարդիկ:

-Վա~յ, Նոնա, ո՞նց կարաս չճանաչես մեր…,- և այդպես մի երկու րոպե:

Ամեն արձակուրդների պարտադիր այցելում եմ գյուղ և այնտեղ անցկացնում արձակուրդներս: Մոռացա նշել, որ այստեղ ունեմ տատիկ և երկու հորեղբայր: Այստեղ ամեն ինչ հեքիաթային է, մանավանդ ձմռանը: Բնությունը հրաշալի, մարդիկ բարի են և ազնիվ,  կան շատ երեխաներ, որոնց հետ կարող եմ անդադար զրուցել ու զբոսնել գյուղում ու գյուխի շրջակայքում:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Այստեղ շատ զբոսաշրջիկներ են գալիս հայկական գյուղով զմայլվելու և մարդկանց հետ շփվելու համար: Ձմեռային արձակուրդներին քրոջս և եղբորս հետ միասին դուրս ենք գալիս վայելելու ձյունը` սահնակ քշելու,  ձնագնդիկ խաղալու ու, հասկացաք էլի:

-Նու~նե, Վա~հե, Նոնա արագացրեք տուն բարձրացեք մրսեցիք արդեն:

-Լավ էլի Հեղինե հարսիկ ես հեսա գնալու եմ թող մի քիչ էլ մնանք: Երեխաների նման համոզում էինք  հարսիկին:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Հետո բարձրանում ենք տուն և մրսած խմում ենք կովի անուշաբույր կաթը: Պատկերացրեք, որ դրանից մեծագույն հաճույք չկա: Մենք երեխաներով երբեք չենք ձանձրանում անընդհատ գտնում ենք մի հետաքրքիր զբաղմունք: Ասեմ, որ նրանց տանը երբեք չկա դատարկություն միշտ հարևանի երեխաները նրանց տանն են: Տարիներ առաջ պապս կատակով  ասել է երեխաներին.

-Մի սհաթ էլ քնացեք Աղաջանենց տունը, էլի,- ասում է տատիկս:

Աղաջանը մեր հարևանն է: Ամեն անգամ կարոտով հիշում ենք և ծիծաղում:

Ես շատ եմ  սիրում տնային կենդանիներ: Այդ իմանալով տատս ամեն անգամ ինձ կանչում է իր մոտ, որպեսզի օգնեմ իրեն կենդանիներին կերակրելիս:

Ահա և ժամը յոթն է: Իհարկե, դուք չհասկացաք` ինչ է դա, և ես շտապում եմ ձեզ ասել, որ դա ոչխարներին բերելու ժամն է:

-Վա~հե, սպասի մենք էլ ենք գալիս:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Եղբորս հետ իջնում ենք ներքև: Այդ գործընթացը ևս հետաքրքիր է` ընթացքում մենք զրուցում ենք երեխաների հետ, իսկ հետո ամեն մեկս մեր ճիպոտներով քշում-բերում ենք ոչխարներին, առանձնացնում նրանց և մտցնում գոմ:

Արդեն ուշ երեկո է` ամենասիրելի և սպասված պահերից մեկը:  Յուրաքանչյուրս նստած մեր տեղում սպասում ենք Հարսիկիս պատրաստած  ընթրիքին այնպես, ինչպես երեխաները սպասում են Ձմեռ պապիկի ներս մտնելուն: Երեկոյան  միասին ընթրիք: Դա շատ հաճելի է, երբ նստում ենք մեծ սեղանի շուրջը և զրուցում մեր խնդիրների և վաղվա ամեն մեկիս անելիքների մասին: Քաղաքում այդպես չէ:

Ահա և  հասնում է իմ գնալու ժամանակը: Այցելում եմ մյուս հորեղբորս և «հաջող անում» երեխաներին: Բաժանման պահ` ամենածանր պահը, մանավանդ, որ շատ հաճելի ժամանակ ենք անցկացրել միասին: Ահա և մենք կամարի մոտ սպասում ենք ավտոբուսին:

Հ.Գ  Ամենալավ տարիները և պահերը մենք անցկացնում ենք գյուղում մեր տատիկների և պապիկների հետ միասին: Ասես ողջ տարվա համար լիցքավորվում ենք: Հաճախ գնացեք գյուղ, ստացեք և պարգևեք հաճելի զգացողություններ ձեր հարազատներին: Քանի որ մի քանի տարի հետո շատ հաճելի կլինի միասին հիշել գյուղում անցկացրած լավագույն օրերը: