Իմ կորցրած աշունը

Աշունը… Տարվա բոլոր եղանակներից ամենասիրելին: Ես պաշտում եմ աշունը, գույները, տաք հագուստները, անձրևոտ առավոտները: Այս տարվա աշունը այլ էր: Բոլորիս մոտ այս աշունը պատերազմի հետ ասոցացվեց, որքան էլ փորձենք փախչել թեմայից, միևնույն է, բոլորիս տողատակերում պատերազմն է իր ներկան ստանալու:

Դեռ մեկ տարի առաջ այլ պլաններ կային այս աշնան հետ կապված… Համալսարան, դասեր, նոր շրջապատ, նոր կյանք: Բայց ամեն անգամ, երբ շատ եմ սկսում ամպերում սավառնել, երկինքներում մեկը ապտակում է ու իջեցնում ցած, դառը քմծիծաղով նայում վերևներից:

Գիտե՞ս, ես երբևէ ինձ հայրենասեր մարդ չեմ համարել: Առհասարակ ի՞նչ է հայրենասիրությունը: Սիրել հո՞ղը, որտեղ ծնվել ես, որը պատմականորեն քե՞զ է պատկանում: Իսկ արժե՞ հողակտորի համար այդքան արյուն թափել, այդքան երազանքներ սպանել: Գուցե և արժե, չգիտեմ: Միշտ փորձել եմ հեռու մնալ քաղաքականությունից, բայց բոլորս այդ գրողի տարածի զոհն ենք: Ես պարզապես ուզում եմ խաղաղ ապրել, պարզապես ուզում եմ, որ էլ մարդիկ չզոհվեն, որ էլ երեխաները պայթյունի ձայներից չարթնանան, որ էլ ընկերներս չվիրավորվեն: Ուզում եմ էլ հերոսներ չունենանք, որովհետև իրենց կարիքը չի լինի: Գուցե շատ մանկական են երազանքներս, ու ծիծաղելի նրանց համար, ովքեր «հողի կռիվ» են անում:

Չէ, մերոնց մասին չի խոսքս: Ես լավ գիտակցում եմ, որ մեզ համար սա պարզապես «հողի կռիվ» չէ, այլ ապրելու, ինքնության: Ես լավ գիտակցում եմ, որ Արցախն ու Հայաստանը մեզ համար պարզապես հող չեն, այլ ՏՈՒՆ են:

Աշունը միշտ ասոցացրել եմ մշտական տխուր տրամադրության, սիրուն գույների, ընտանեկան երեկոների, ֆիլմերի հետ: Այս աշունը միայն կարմիրի ու կորստի ցավի հետ ասոցացվեց: Որոշ մարդկանց չհասցրեցինք ասել, թե ինչքան կարևոր են իրենք մեզ համար: Որոշ մարդիկ հիմա էլ չկան՝ որ մենք լինենք: Բայց այսպես արդար չի՝ կյանքը մեկ այլ կյանքի գնով: Արդար չի, որ ընտրության հնարավորություն չտրվեց, ու ես հիմա կամ` մեկ ուրիշի չլինելու հաշվին: Շատ դաժան ես, աշու’ն: Ու անարդար է, որ ես հիմա այստեղ՝ տանը տաք նստած, անպետք տողեր եմ գրում այն դեպքում, որ այնտեղ՝ սահմանին, մեկը պատմության տողեր է գրում՝ զենքով ու արյունով:

Բայց գիտե՞ք, իրենք մեր հողի վրա երբևէ հանգիստ չեն ունենալու: Որովհետև ուրիշի դժբախտության վրա երջանկություն չեն կառուցում: Որովհետև այնտեղ, որտեղ զինվորի արյուն է թափվել, ու այդքան երազանքներ են կոտրվել, որտեղ խաղաղ բնակչություն է սպանվել… Պարզապես տիեզերքը չի կարող այդքան անարդար գտնվել, չի կարող թույլ տալ, որ հանգիստ ունենան:

Ես չգիտեմ, թե ինչ է հայ լինելը, որովհետև ինձ միշտ աշխարհի քաղաքացի եմ համարել: Հայրենիք ասելով միշտ հասկացել եմ այն մարդկանց, ում սիրում եմ: Բայց հիմա մարմնիս ամեն բջիջով զգում եմ, որ պետք է պայքարենք հենց այդ մարդկանց համար:

Ես վատատես չեմ ու գիտեմ, որ ամեն դեպքում հաղթելու ենք: Բայց ի՞նչ արժեք կունենա այդ հաղթանակը: Ի՞նչ սրտով ենք գնալու համալսարան, նստելու այն նստարաններին, որտեղ մի ժամանակ մեր հերոս տղերքն են նստել ու  էլ երբեք չեն նստելու: Էլ երբեք չեն գալու: Չեն գալու…

Նորից գրածս հուսահատ ստացվեց, չնայած վաղուց որոշել էի էլ նման տեքստեր չգրել: Ինչ արած, սա էլ իմ ձեռագիրն է՝ աշնան նման ամպամած, մռայլ:

Այսպիսով՝ այո, իմ աշունը, սիրուն աշունը կորավ անհետ: