Իմ հրեշտակը Արտակ անունը ունի

…Եվ հայրս, ով իր կյանքի վաթսուն տարիների ընթացքում տեսավ երիտասարդ քրոջ ու եղբոր, նորածին որդու, ծնողների, ապա նաև հերոս եղբորս վիշտը, այսօր  շարունակում  է ժպտալ և շատերին ինքն է սիրտ տալիս, իսկ գիշերվա ժամերին, երբ մնում է բոլորովին մենակ, մտքերին տալիս է ազատություն, և նրա աչքերում կուտակված արցունքների մեջ կարող ես կարդալ ցավը… Մի՞թե հեշտ է գնալ դի ճանաչելու` վախենալով , որ կարող է` ճանաչես… Մի՞թե հեշտ է ինքդ քեզ համոզել, որ դա Նա չէ, քո որդին չէ, ում մեծացրել ես բավական մեծ տարիքում, ով քո հույսն էր ու հենարանը, ինչպես հույս ու հենարան էր իմ և մորս համար: Մայրս… Որդեկորույս մայրս, ով այսուհետ ամեն անգամ ինձ նայելիս գնալով  նմանեցնելու է ինձ ու եղբորս… Գուցե նա չասի այդ մասին, բայց նրա հայացքից դա էլ կարելի է կարդալ… Նա եղբորս ուրիշ ձև էր նայում, ինձ` ուրիշ, բայց` ինչպես հավասարը հավասարի… Նա այդ նույն հայացքով հիմա էլ է նայում եղբորս, ավելի ճիշտ` եղբորս ժպտացող նկարին, իսկ հետո` իր գործած հրեշտակի պատկերին, որին եղբայրս գնալով  նմանվել էր: Իմ հրեշտակը Արտակ անունը ունի, եկել է Սամվելին փոխարինելու: Գուցե սա կարդում եք առանց արցունքների, որովհետև ցավը սովորեցնում է քարանալ, ինչպես եղավ մեր դեպքում, բայց երբեմն մենք լացում ու գոռում ենք հոգեկանի պես, իսկ ուրիշների ներկայությամբ` հավաքվում… Պետք չէ, որ տեսնեն ու թուլանան, թող կարծեն, որ ուժեղ ենք: Իսկ ե՞ս: Ես հիմա մի ամբողջ  տիեզերք ցավ եմ ապրում, բայց չեմ համեմատվի ծնողներիս հետ: Ես էլի եղբայրներ ունեմ, ովքեր ամեն կերպ ուզում են լցնել դատարկությունս, իսկ ծնողներս ուրիշ որդի չունեն, թեպետ ինքս էլ փորձում  եմ մի քիչ Արտակ լինել նրանց  համար: Դատարկությունս երբեք չի լցվի, պարզապես ինձ ստիպում են մոռանալ դրա մասին: Մարդկանցով լիքը աշխարհում ես մնացի մենակ, որովհետև եղբայրս լավագույն եղբայրը լինելուց բացի ինձ համար նաև հայր էր, ընկեր ու առհասարակ լավագույն մարդն էր աշխարհում: Ես նրա մասին կգրեի երկար, բայց կշարունակեմ նրա նկարի մոտ կամ նրա հոգին գրկած, որը պտտվում է մեր տխուր տան սենյակներով: Կարոտս կուլ կտամ արցունքներիս պես` երբեք չազատվելով դրանից:

Արտակ Սերոբի Սարգսյանը 19 տարեկան էր, ծառայում էր Մարտակերտում մեկ տարի և 3 ամսից ավել։ Նա միայնակ կռվել է 12 հոգու դեմ և զոհվել Կարմիր շուկայում, հոկտեմբերի 28-ին։ Նա ընդունվել էր Ֆրանսիական համալսարանի իրավագիտության բաժինը, որպեսզի հետագայում աշխատեր Ինտերպոլում՝ աշխարհին արդարություն բերելու համար։