meri hakobyan, gagarin

Իմ ճանապարհը

Երբևէ ունեցե՞լ եք անորոշության ու թրթռուն տագնապի այն զգացողությունը, որը նախորդում է կարևոր որոշում կայացնելուն, երբ մտովի քննում ես հազար ու մի տարբերակ, բայց, մեկ է, էլի վստահ չես, որ առջևումդ պատկերացած խաչմերուկից ընտրում ես քո՛ ճանապարհը…

Դեռ մանկուց ենք ցանկացել հստակ պատասխան տալ «ինչ դառնալ» հարցին, այդ իսկ պատճառով բակում խաղալու ժամանակ, երբ այնքան էինք հոգնում, որ ուժասպառ եղած գալիս նստում էինք աստիճաններին, հերթով խոսում էինք մեր ընտրելիք մասնագիտություններից: Երբեմն երազում էինք ինչ-որ անհեթեթ մասնագիտությունների մասին: Սակայն տարիների հետ փոխվեցին մեր հայացքներն ու մտածելակերպը. ամեն մեկս գտավ իրեն հոգեհարազատը: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես ստացվեց, որ որոշեցի ընտրել լրագրողի մասնագիտությունը: Արդեն քանի տարի է, ինչ երազում եմ այդ մասնագիտության մասին։ Կանտեսեմ բոլոր բացասական կարծիքները ու կհաղթահարեմ խոչընդոտները:

Մի քանի օր առաջ այն հարցին, թե ինչ եմ դառնալու, պատասխանեցի, որ լրագրող: Ի պատասխան հնչեց.

-Հա՜, միանգամից ասեիր, որ խաբարբզիկ, էլի՛…

Մի պահ վատ զգացի: Հետո ինքս ինձ ասացի. «Սթափվի՛ր, Մերի՛»: Ինչպե՞ս կարելի է հրաժարվել երազանքից։ Այս միտքն ինձ ուժ տվեց, ու միանգամից դեմքիս ժպիտ հայտնվեց։ Առանց վարանելու հակադարձեցի.

-Մտածիր՝ ոնց կուզես,- ու անմիջապես հեռացա։

Երբ երազանքը քո ձեռքերում է, պիտի շունչ ու հոգի տաս նրան։

Հիմա վստահ եմ, որ լրագրող եմ դառնալու: Դա վերջնական է:

Հաճախ եմ այս մասին երազում ու մտովի պատկերացնում, որ տարիներ են անցել, ու ես հասցրել եմ հաջողել իմ աշխատանքում: Ասենք՝ ինչպես եմ հանդես գալիս հեռուստատեսությամբ, բացահայտում նորանոր բաներ, հաղորդում երկրում կատարվող իրադարձությունների մասին։

Ամենքն էլ՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից, ունեն իրենց երազանքները: Մեկը երազում է ստանալ մեծ ու գունեղ ծաղկեփունջ, մյուսը՝ լինել իր երազած երկրում կամ հայտնվել հեքիաթում, իսկ ես ամենից շատ ուզում եմ, որ ծնողներս հավերժ կողքիս լինեն՝ ինձ ուժ տան ու առաջնորդեն, որ ամեն գնով հասնեմ երազանքիս: Ես գիտեմ, որ դրա համար շատ եմ աշխատելու, ջանալու, բայց իմ ընտանիքի աջակցությունն ինձ եռանդ ու կամք է փոխանցում: Ես արդեն իսկ զգում եմ, որ իմ երազանքը դառնում է նպատակ։

Ես պատկերացնում եմ նաև, թե որքան կուրախանան, կհպարտանան իմ ծնողները, երբ ես բարձրագույն կրթություն ստանամ ու լինեմ մասնագետ-լրագրող: Ես գիտեմ, որ դեռ այնքա՜ն խնդիրներ կան երկրում՝ չլուծված ու չբացահայտված: Ես գիտեմ, որ եթե հմտանամ իմ գործում, այսուհետ ոչ մի չլուծվող խնդիր չի մնա իմ երկրում։

 

Գագարինի միջնակարգ դպրոց, «Կանթեղ» գրական խմբակ