Կրթական համակարգը եւ մեր սերնդի ինքնաարտահայտման իրավունքը

Բարև Ձեզ, ես Տիգրան եմ, ապրում եմ Եղեգնաձոր քաղաքում: Սովորում եմ ավագ դպրոցում: Այս ուսումնական տարում փոխադրվեցի  12-րդ դասարան: Նախասիրություններս բնագիտական առարկաների շրջանակում են, առանձնապես հետաքրքրված եմ ֆիզիկա առարկայով: Սպորտային նախասիրություններս են շախմատը և վոլեյբոլը: Սիրում եմ երաժշտություն լսել, իսկ վերջերս նաև առաջին քայլերն եմ անում դաշնամուր նվագելու: Այս նոր պահանջմունքը, կարծում եմ ինձ համար ինքնաարտահայտման նոր միջոց է դառնում: Իմ կարծիքով Հայաստանում պատանիները ինքնաարտահայտման լայն և ազատ հնարավորություններ ունեն, ինչպես նաև բազմազան միջոցների ընտրության: Այդ տեսանկյունից ինձ համար բարենպաստ միջավայր է ստեղծված նաև իմ ընտանիքում: Ինքնաարտահայտման ազատությունը բերում է  ինքնահաստատման: Համամիտ եմ, որ արվեստը ինքնադրսևորման ավելի կատարյալ միջոց է, այն ազդում է մարդկանց զգացմունքների ու մտքերի վրա միաժամանակ: Մարդու համար երջանկություն է արտաքին և ներքին ներդաշնակությունը, հոգեկան հանգստությունը, որին հասնելու բնական ուղիներից մեկն է արվեստը: Ճիշտ է, այդպիսի ինքնաարտահայտման լայն հնարավորություն է իմ և իմ հասակակիցների համար նաև համացանցը և սոցիալական կայքերը: Դա այն հարթակն է, որտեղ բոլոր նախապայմանները կան ընդհանուր հետաքրքրություններ ունեցող տարասեռ և բազմամշակույթ  շփման և հաղորդակցման, գաղափարների, կարծիքների և դիրքորոշումների վիճարկման համար: Սակայն ունեմ մտավախություններ: Ասում են, որ ամեն մարդ կարող է դառնալ ինքն իր հոգեբանը, գնահատել իր հոգեկան վիճակները, հույզերի դրսևորումները և համապատասխան ձևով կառավարել սեփական վարքը: Ցավոք, Հայաստանում վերջին ժամանակներս շատացել են ինքնասպանության դեպքերը, և որ ավելի ցավալի է` հատկապես երիտասարդության շրջանում: Դեպքեր կան, որտեղ իր մեղքի բաժինն ունի համացանցը: Տեղեկատվության աննախադեպ ազատությունը  իր թափանցիկ գաղտնիքներով, ասես մագնիսական սարդոստայն, իր մեջ խճճում է մարդուն, առավել ևս անչափահասին, ում համար այն թվացյալ ազատություն է, ինքնաարտահայտման և ինքնահաստատման ձև: Իսկ ոմանց համար այն արդեն լուրջ կախվածության վտանգ է ներկայացնում: Մյուս կողմից, բոլոր ժամանակներում դպրոցը և ուսուցիչը  անչափահասների ամենահավատարիմ և վստահելի ընկերն էր: Մինչդեռ այսօր պատկերն այլ, իշխում է  անվստահության մթնոլորտը, հրատապ է  կրթության արժևորման, դպրոցի, ուսուցչի հեղինակության բարձրացման հարցը: Մի առիթով Ճապոնիայի վարչապետին հարցնում են, թե` որն է Ձեր երկրի աննախադեպ հաջողության գաղտնիքը, նա պատասխանում է. «Մենք տվել ենք դպրոցական ուսուցչին նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսեր չափ պաշտամունք»: Իսկ մեր երկրում նույնիսկ  պետական իշխանությունը  ներկայացնող այրերը խայտառակ ձևով հեղինակազրկվում են համացանցում ամեն օր և ամեն ակնթարթ: Էլ ուր մնաց` դպրոցն ու ուսուցիչը: 

Հիմա վերը շարադրվածի առնչությամբ կուզենայի հիմնախնդիրներ ձևակերպել: Վերջերս «Ֆլեքս» ծրագրով  ամերիկյան դպրոցում մեկ ուսումնական տարի սովորած բարեկամուհիս կիսվեց իր տպավորություններով, և ինձ համար պարզ դարձավ ի թիվս այլ թերությունների ևս մի կարևոր թերություն, որ ունի ավագ դպրոցի հայկական կրթական  համակարգը: Ամերիկյան համակարգում ավագ դպրոցականին առարկայացանկից բացի առաջարկվում է ընտրել մեկ կամ մի քանի արվեստի ճյուղ`իր  նախասիրությունների շրջանակում, որի տեսական և գործնական պարապմունքներին սովորողը պետք է  մասնակցի: Իհարկե, պարապմունքները կազմակերպվում և իրականացվում են անհրաժեշտ մասնագիտական և նյութատեխնիկական ռեսուրսների առկայությամբ, որով ապահովված է դպրոցը: Տանը, թե դպրոցում ինձ անընդհատ հիշեցնում են, որ նման երազանքների  իրականացման համար Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ չունի: Իսկ ինչքան «գեղեցիկ»  են շարադրված կրթական այն փաստաթղթերը, որոնց հիման վրա պետք է կառուցվի ազգային դպրոցը և դաստիարակվի ապագա հայ քաղաքացին: Իսկ ուր մնաց համակողմանի դաստիարակության, հունական  իդեալ դարձած «առողջ մարմին և  առողջ հոգի» սկզբունքները: Մի՞թե մեղավոր են այն սերունդները, որոնք ապրում և կրթություն են ստանում իրենց երկրի զարգացման համար  անցումային փուլում: Ավելորդ չի լինի  մեկ անգամ ևս նշել սովորողների վրա  թողած այն բացասական ազդեցության մասին, որը առաջանում է կրկնուսույցների մոտ երկարատև և տանջալից պարապմունքների արդյունքում, չմոռանանք, որ այդ ժամանակը մեր հանգստի և լրացուցիչ հետաքրքրությունների վրա ծախսվող ժամանակն է: Որքան մեծ է լարվածությունը նաև հոգեբանական տեսանկյունից. ծախսված  գումարներ, ծնողների չարդարացված սպասելիքներ, սթրեսային իրավիճակներ: Կարծես թե այդ լարվածության մեջ արդարացված է դպրոցում անցկացրած ժամանակը անարդյունավետ վատնում համարելը: Իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանում քչերն են իրենց մասնագիտական որակավորմամբ աշխատանք գտնում, կհանգենք մյուս ծայրահեղությանը. «Իսկ արժե՞ արդյոք սովորել»: Բայց քանի դեռ չենք ընկել ծայրահեղության մեջ, «դեղատոմսեր» են հարկավոր: