marine israyelyan

Իմ ներսի աշակերտը

-Աղջիկնե՛ր, ամենակարևորը, որ սիրով մտնեք դպրոց, երեխաները շատ նրբազգաց են: Հենց այստեղ դուք կհասկանաք՝ կարող եք ուսուցիչ լինել, թե ոչ: Վե՛րջ, մտա՛նք:

Երևանի թիվ 125 դպրոցի բակում մեր մեթոդիստ ընկեր Մուրադյանը վերջին հրահանգներն է տալիս ներկա ուսանող, ապագա ուսուցիչներիս փոքրիկ խմբին: Ամենքիս կրծքի տակ մի փոքրիկ սիրտ է իր մեծ աշխարհով անհանգստությունից թրթռում, բայց անհանգստությանը տրվելու ժամանակ չկա, և մտնում ենք դպրոց: Մտնում ենք, և հենց մուտքից սկսվում է գորովանքով լի մի մանկական հեքիաթ: Երկար ժամանակ չի անցել, ինչ ավարտել եմ դպրոցը, դրա համար դժվար է դպրոց մտնել ոչ աշակերտի հոգեբանությամբ: Երկա՜ր ու լա՜յն միջանցքները լուռ են ու խաղաղ, մինչև հանկարծ հնչեց դասամիջոցի զանգը: Զա՞նգ: Այնտեղ իմ առաջին բացահայտումը զանգն էր, որը կոտրեց դպրոցական տարիներիս պատկերացումները: Ես ուղղակի ապշած էի՝ ինչո՞ւ երբևէ իմ մտքով չէր անցել, որ դասամիջոցի զանգը սուր, նյարդերը սղոցող հնչյունների փոխարեն կարող է ներդաշնակ մեղեդի լինել: Վայրկենապես լուսավոր միջանցքները հեղեղվեցին աշակերտների հոսանքներով, խնդությունը, ծափն ու ծիծաղը իրենց ջերմ ալիքներով պարուրեցին մեր հոգիները. կյանքն իսկապես գեղեցիկ է, երբ այն տեսնում ես մանկան աչքերով: Ինձ խիստ զարմացնում է ուսուցիչների համբերատար վերաբերմունքը. դասամիջոցին բոլոր ուսուցիչները միջանցքներում են, և գիտեք՝ ինչո՞ւ, ոչ որպեսզի սաստեն երեխաներին, հանգիստ մնալու կոչեր հղեն, այլ երեխաների մասին հոգ տանելու համար, հսկելու, որ նրանք սրտների ուզածի չափ վազվզեն, աղմկեն, որ երկար ու ձիգ դասաժամից հետո կարողանան կուտակված էներգիան սպառել: Այն էներգիան, որը շատ հաճախ դասը խանգարելու տեղիք է տալիս: Ուսուցիչները ուղղակի հոգ են տանում, և առաջնայինը այստեղ ո՛չ թե լուռ միջացքներ ունենալն է, այլ այն, որ երեխան դպրոցում իրեն լավ զգա, որ ուսումը տանջանքի չվերածվի, որ աշակերտը կարողանա զուգորդել հաճելին օգտակարի հետ: Անկախ ինձնից սկսում եմ համեմատել այն դպրոցը, որտեղ ես աշակերտ էի, և այն, որտեղ ինձ վերաբերվում եմ փոքրիկ ուսուցչի նման: Ամեն ինչ համեմատության մեջ է արժևորվում, և կամա՜ց-կամա՜ց մտքումս ինչ-որ տեղ առանձնացրած մանկավարժական դարակի մեջ սկսում եմ կուտակել ինձ դուր եկած մեթոդներ, վարվելաձևեր, հնարներ, պատկերներ, կարճ ասած՝ քանդակի նման սկսում եմ կերտել մանկավարժի իմ իդեալը:

Քանի որ առաջին օրն էր, միայն մի դաս կարողացանք լսել 5-րդ դասարանում: Դասարան մտնելուն պես ինձ գրավեց ամենավերջին շարքում մի նստարանի մենակ նստած մի փոքրիկ տղա: Մոտեցա և թույլտվություն խնդրեցի կողքին նստելու: Խնդրանքիս ի պատասխան` նա անհամարձակորեն ժպտաց և խոնարհեց հայացքը: Ամբողջ դասին զգում էի, որ լարված է, ա՜խ, փոքրիկս, դու չգիտես, որ իրականում իմ ու քո աչքերի խորքում նույն մանուկն է թաքնված: Ես նրանից պակաս հուզված չէի: Հետո ուսուցչուհին թելադրություն տվեց: Եվ հանկարծ զգացի, որ ձեռքս հնազանդորեն տետրիս մեջ գրեց վերնագիրը: Վարդանիկը (այդպես է իմ փոքրիկ ընկերոջ անունը) զարմացած հայացքով նայեց տետրիս, հետո ինձ: Ես հանգիստ ընդգծեցի թելադրության վերնագիրը և սկսեցի նշումներ անել դասի վերաբերյալ, և աշխարհում ո՜չ ոք չիմացավ, որ այդ վերնագիրը գրել էր իմ ներսի աշակերտը՝ թելադրությունը գրելու անխոս հնազանդությամբ: