zaruhi khachatryan

Իմ շարֆի կարմիրը և քո ձայնի կապույտը

Եթե ես մի օր հանդիպեմ քեզ, դա իմ ամենաանգույն օրը կլինի, որպեսզի այդ հանգած սևուսպիտակության մեջ միայն քո նվիրած գույները տաքացնեն ինձ: Եթե ես մի օր հանդիպեմ քեզ, այդ օրը ես հիասթափված կլինեմ ամբողջ աշխարհից, որպեսզի ողջ էությունս ազատ լինի միայն քեզնով տարվելու համար: Այդ օրը ես չհասկացված կլինեմ բոլորի կողմից, որպեսզի բոլորի փոխարեն միայն դու հասկանաս ինձ: Բոլորից էլ շատ և… Ինձնից էլ շատ: Եթե ես մի օր քեզ հանդիպեմ, այդ օրը դու էլ հոգնած կլինես աշխարհից, որպեսզի… Նայես աչքերիս մեջ և կարդաս հոգիս… Դու նույնպես այդ օրը փախած կլինես ամենքից ու ամեն ինչից, որպեսզի ինձ հետ լուսին թռչես: Եթե ես մի օր հանդիպեմ քեզ, այդ օրը հորդ անձրև կլինի, որպեսզի մենք լռենք նրա ձայնի տակ:

Ես այդ օրը կհոգնեմ իմ ներսի եղանակից, կխռովեմ ինձնից և, առանց հայելու մեջ նայելու, կգցեմ կարմիր շարֆս ու կգնամ մոտակա սրճարան՝ թեյ խմելու: Այդ օրը, սովորականի նման, ես սուրճ չեմ խմի, որովհետև հոգնած կլինեմ նաև սուրճի բույրից:  Ես կխմեմ միայն մի բաժակ տաք, շա՜տ տաք թեյ, որպեսզի թեյի տաք գոլորշին ձուլվի իմ շարֆի կարմիրին և մի փոքր գույն տա այդ գորշ օրվան: Ես կնստեմ պատուհանի մոտ, կբռնեմ թեյի տաք բաժակը և կնայեմ պատուհանից այն կողմ՝ ինքս էլ չիմանալով, թե ուր եմ նայում: Իսկ պատուհանի այն կողմում անձրև կլինի և մառախուղի խորքում հազիվ նշմարվող կտուրներ: Ես կփակեմ աչքերս, ու այդ պահին ամբողջ աշխարհում գոյություն կունենան միայն այդ հոգնած լռությունը, այդ երեկոյան ժամը, անձրևի կտկտոցը, իմ կարմիր շարֆն ու թեյի տաք բույրը: Եվ ես կկարոտեմ ինչ-որ բան: Չգիտեմ, թե ինչ, բայց հաստատ կկարոտեմ:  Այդ ժամին, այդ անձրևի ձայնի տակ, այդ թեյի բույրի ներքո հնարավոր չէ չկարոտել որևէ բան: Միգուցե մի բան, որը չի էլ եղել: Եվ երբ այդ անհասցե կարոտից չխեղդվելու համար ես կբացեմ աչքերս, դիմացի սեղանին կտեսնեմ էլի մի թեյի բաժակ, որը կուչ եկած կլինի քո ձեռքերում: Դու կլինես հոգնած աչքերով ու կնայես այն հորդ անձրևին: Իսկ ես չեմ ուզենա, որ դու այդտեղ լինես, որպեսզի այդ անձրևին միայն ես նայեմ: Ես շարֆս ուսերիս կգցեմ, և իմ շարֆի կարմրությունը քո հայացքը կխլի անձրևից: Դու կշրջվես և այդ  կարմրության մեջ կուչ եկած կտեսնես մեկին, ով քեզ նման փորձում է թեյի տաք գույնով փրկել իր հոգու սևուսպիտակությունը: Եվ դու անթարթ հայացքով կնայես, թե ինչպես է թեյի գոլորշին թափանցում շարֆիս կարմիրի մեջ:  Իսկ ես կշարունակեմ անձրևին նայել, և այդ պահին անձրևը կլինի միայն իմը:

Քիչ հետո ես դանդաղ ու աննկատ գլուխս քո կողմը կթեքեմ, բայց դիմացի սեղանին կտեսնեմ միայն թեյի բաժակը, իսկ դու… Չես լինի… Ես կմտածեմ, թե գնացել ես, և անձևը ավելի է իմը դարձել: Ու կնայեմ իմ անձրևին, կխմեմ թեյս, կփակեմ աչքերս  և կփարվեմ այդ սև ու սպիտակ լռությանը: Ու այդ լռության մեջ ես կսկսեմ լսել մի անձրևահամ ջազի ծանոթ ակորդներ, որոնք այս մոլորակից չեն լինի: Ես կփաթաթվեմ իմ կարմիր շարֆի մեջ և թույլ կտամ, որ այդ ակորդները կլանեն ողջ էությունս:

Ես աչքերս կբացեմ ու կնայեմ այն ուղղությամբ, որտեղից կհնչեն այդ ակորդները… Եվ  քեզ կտեսնեմ դաշնամուրի առջև նստած: Ես կուրախանամ, որ չես գնացել, ու ինքս էլ կզարմանամ, թե ինչու եմ ուրախանում: Երևի նրա համար, որ ջազի գինովցած ակորդներից առաջ մի բան պակասում էր այդ համատարած սևուսպիտակության մեջ:

Իսկ քո նվագելուց հետո ես չեմ ծափահարի, որովհետև  կափսոսամ փչացնել լռության ու անձրևի կտկտոցի աբստրակտ սիմֆոնիան: Փոխարենը` մի փոքր բարկացած կնայեմ քեզ՝ հասկացնելով, որ քո նվագի ավարտով մի կտոր պակասեց այդ անձրևի, այդ ժամի ու թեյի գոլորշու ստեղծած կտավից: Եվ դու կժպտաս, կարծես, ինչ-որ մի բան մտաբերելով, ու այդ կտավը կլցնես նոր ակկորդներով, որոնց խորքից դուրս կծորա ու այդ հարբած օդին, թեյի բույրին ու անձրևի կտկտոցին կխառնվի քո լուսնահամ երգը: Fly me to the moon… Ես այդ օրվա մեջ առաջին անգամ կժպտամ ու կներեմ քեզ այդ լռությունը փչացնելու և իմ բաժին անձրևը գողանալու համար: Ես ավելի ամուր կփաթաթվեմ իմ կարմիր շարֆի մեջ, սառած դեմքս կմոտեցնեմ թեյի գոլոշուն, կփակեմ աչքերս և կկորցնեմ ինձ քո՝ հին, բայց չծերացած երգի ակորդներում: Եվ այդ պահին աշխարհում կլինեն միայն այդ թեյաբույր օդը, քո երգի հարբած ակորդները, կամաց-կամաց ձյան փոխվող անձրևը, քո ձայնի կապույտը և իմ շարֆի կարմիրը…

Դու կավարտես երգդ, կվերադառնաս քո թեյի միայնակ բաժակի մոտ ու կնայես երկնքից ներքև իջնող նորածին փաթիլներին: Եվ ես մտքումս կզայրանամ այդ փաթիլների վրա՝ իմ կարմիր շարֆից քո հայացքը խլելու համար, բայց քո աչքերը, առանց քեզ հարցնելու, կրկին կշրջվեն իմ կողմը, և դու ուղիղ իմ աչքերի մեջ կնայես: Թեյիդ բաժակը պինդ, կոտրելու աստիճան պինդ կպահես ձեռքերիդ մեջ, չգիտեմ, մատներդ տաքացնելու, թե՝ սրտիդ արագացող զարկերին դիմադրելու համար:  Ու ես կլսեմ այդ զարկերը և կհասկանամ, թե այն հորդ անձրևը ինչու ձյուն դարձավ: Նրա կտկտոցի ուժգնությունը պարտվել էր քո սրտի զարկերին…

Այդ անկառավարելի զարկերը քեզ նորից վեր կկացնեն ու կտանեն, կնստեցնեն դաշնամուրի առջև, և դու քո կապույտ ձայնով կներկես իմ ներսի մռայլությունը: Քո կապույտ ձայնով կարթնացնես իմ սրտի հանգած զարկերը, և այդ անկառավարելի զարկերը, առանց ինձ հարցնելու, այդ թեյաբույր օդի գիրկը կնետեն իմ սառած ձայնը… Ու ես կերգեմ քեզ հետ, ու իմ ձայնը առաջին անգամ կտաքանա, որովհետև դրանից առաջ իմ ձայնի գույնը երբեք չէր կարողացել ձուլվել մեկ ուրիշի ձայնի գույնին: Եվ դու կժպտաս, որովհետև դու էլ առաջին անգամ կգտնես քո ձայնի գույնից:

Երբ երգն ավարտվի, ես կնկատեմ, որ թեյս վերջացել է և մի պահ, կարծես, կսթափվեմ ու կհասկանամ, որ ես պիտի տուն վերադառնամ, պիտի վերադառնամ՝ այդտեղ թողնելով թեյաբույր օդը, լռությունը, հարբած ակորդները և քո ձայնի կապույտը:

Ես վեր կկենամ շատ դանդաղ, որպեսզի մի քիչ երկար մնամ այդտեղ: Շարֆս կքանդեմ, նորից կգցեմ, հետո էլի կքանդեմ ու էլի կգցեմ, կշտկեմ: Ու այդպես մի քանի անգամ, մինչև կհասկանամ, որ էլ ոչ մի բանով ինձ չեմ կարող խաբել՝ այդտեղից հեռանալս ձգձգելու համար: Եվ վազելու աստիճան արագ դուրս կգամ, այնքան արագ, որ չհասցնեմ ոչինչ մտածել, որ հանկարծ այդ անկառավարելի զարկերը քայլերս հետ չուղղեն, որ հանկարծ քո կողմը չնայեմ:

Դրսում ցուրտ կլինի, բայց ես չեմ մրսի, որովհետև այն թեյաբույր օդը, քո հարբած ակորդներն ու քո ձայնի կապույտը ներծծված կլինեմ իմ մեջ: Եվ ես կքայլեմ ձյան տակ՝ մերթ սպառվելու չափ դժվար ու ծանր, մերթ՝ վազելու չափ արագ: Ու ողջ ճանապարհին, որպես մի հեռավոր հուշ, ուղեղումս անդադար կհնչի քո երգի ձյունախառն մեղեդին, և ես կլսեմ քո սրտի ուժգին զարկերը, կզգամ այն թեյի տաք բույրը և կուզենամ շրջվել… Բայց կփակեմ ականջներս ու կշարունակեմ քայլել դեպի տուն՝ համոզված լինելով, որ տանը ես փրկվելու եմ այդ անկառավարելի զարկերից, այդ ջազի գինովցած ակորդներից, այդ թեյի բույրից, քո կապույտ ձայնից: Եվ, մխրճվելով ճռճռան ձյան մեջ, ես կփորձեմ արագացնել քայլերս, ու ճանապարհն այնքան երկար կթվա, կարծես երբեք տուն չեմ հասնելու:

Երբ վերջապես հասնեմ տան մոտ, հոգնած կհենվեմ մեր թաղի միակ լապտերի ձողին, աչքերս կփակեմ և կփորձեմ կուլ տալ թեյի բույրի, անձրևի կտկտոցի ու քո տաք ակորդների համը: Եվ այդ պահին կցանկանամ գոնե մեկ անգամ շրջվել ողջ ճանապարհին ինձ ուղեկցած զարկերի կողմն ու համոզվել, որ դա պատրանք էր: Բայց երբ շրջվեմ, քեզ կտեսնեմ` ինձ պես հոգնած, ինձ պես ձյունոտ, ինձ պես հարբած: Ես կփակեմ աչքերս, էլի կբացեմ, կնայեմ ուրիշ կողմ, հետո էլի քեզ կնայեմ ու նորից կշրջվեմ, էլի ետ կդառնամ` կնայեմ քեզ, որպեսզի համոզվեմ, որ ցնորք չես, որ ողջ ճանապարհին ես զգացել եմ քո սրտի զարկերը…

Դու կնայես ինձ քո խաղաղ աչքերով, և ես կներեմ այն փաթիլներին քո հայացքը Ես կզգամ, որ էլ չեմ կարոտում ինչ-որ բանի, և իմ աչքից մի կաթիլ արցունք կգլորվի: Այն կունենա իմ այն անհասցե կարոտի համը, որը մինչ քո հայտնվելը կանգնած էր կոկորդումս: Դու կմոտենաս ինձ ու կսրբես այդ մի կաթիլ արցունքը, և այդ կեսգիշերվա կախարդական մթության մեջ գոյություն կունենան մի լապտեր, այդ լապտերի դեղին լույսի տակ կանգնած երկու հոգի, այդ երկուսի վրա թափվող սպիտակ փաթիլներ, ձյան կուսական ճերմակություն և այդ համատարած ճերմակությունը փչացնող մի կարմիր շարֆ…

… Եթե ես մի օր հանդիպեմ քեզ, դա իմ ամենաանգույն օրը կլինի, և այդ հանգած սևուսպիտակության մեջ միայն քո նվիրած գույները կտաքացնեն ինձ…