Իմ ու իմ «հերոսների» աշխարհը

Ամեն դեպքում, ինչ մասնագիտություն էլ ընտրես կյանքում, այն ինչ-որ չափով փոխում է էությունդ, ներաշխարհդ: Ամենամեծ ազդեցությունը, սակայն, կարող է ունենալ միայն արվեստը: Առաջին հայացքից անգամ` արվեստագետները տարբերվում են իրենց արտաքին տեսքով: Չնայած ուշ, բայց ոչ այնքան ուշացած, ես էլ հասկացա, որ արվեստն ինձ ավելի հոգեհարազատ է: Ես միանգամից սիրեցի լուսանկարել ու ոչ պարզապես, այլ մինչև ականջներիս ծայրը սիրահարվեցի այս մասնագիտությանը: Սակայն չէի ցանկանա, որ այն դառնար ինձ համար աշխատանք, երբ ամբողջ օրը զբաղվում ես դրանով, և դրա մասին գիտեն բոլորը: Կցանկանայի, որ այն ինձ համար լիներ մի գաղտնի անկյուն, մի լքված կառույց, որի մասին միայն ես կիմանայի: Կցանկանայի, որ այն ինձ համար լիներ մի այնպիսի զբաղմունք, որի համար ես ամեն կերպ կփորձեի ամենազբաղված օրվանից անգամ ժամանակ առանձնացնել, այլ ոչ թե ամեն առիթ փորձեի գտնել դրանից փախչելու: Գուցե սիրեցի այս մասնագիտությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս զգացմունքներդ ինչ-որ գերբնական ձևով արտահայտել մյուսների միջոցով: Կամ սիրեցի, որովհետև միշտ վախենում եմ ինչ-որ բան, ինչ-որ մեկին մոռանալուց: Հաստատ չգիտեմ` ինչու, բայց սիրեցի: 

Ասում են, եթե ինչ-որ բան իրոք շատ ես սիրում, դժվար է բացատրել, թե հատկապես ինչու ես սիրում: Հավանաբար սրանով է պայմանավորված, թե ինչու չեմ կարող բացատրել, թե ինչու եմ այդքան տարված լուսանկարչությամբ: Պարտադիր կերպով ինքս եմ ընտրում «հերոսներիս»: Նրանք պետք է առանձնանան, տարբերվեն բոլորից (ոչ միայն արտաքնապես, այլև ներաշխարհով), միևնույն ժամանակ, իրենց մեջ ամբողջացնելով բոլորին: Ամենամեծ բանը, որ լուսանկարը մարդուն կարող է տալ` հիշողությունն է, կյանքի անցողիկ միլիվայրկյանը: Սակայն այն ավելին է: Այն հույզ է, զգացմունք է, իր հետևում զգուշորեն թաքցնող մի ամբողջ կյանքի պատմություն է: Նայելով նկարում պատկերված անձին` կարող ես նրա աչքերում տեսնել ավելին, քան կարելի է պատկերացնել. ուրախություն, վիշտ, ցավ, սեր, տխրություն, հուսահատություն, օգնության տենչ, հիասթափություն… Իրական կյանքի իրական արտահայտումը լուսանկարի միջոցով հնարավոր է, երբ այն, ինչ ուզում ես լուսանկարել, լուսանկարում ես առանց նախապես զգուշացնելու: Երբ «հերոսդ» ապրում է իր առօրյայով, իր զգացմունքներով, իսկ դու պարզապես որսում ես այդ պահն ու հեռանում, անհետանում ես նրա կյանքից, և նա անգամ չի էլ իմանում քո մասին, չնայած, դու ամեն օր շարունակում ես հիանալ նրանով` չիմանալով անգամ նրա անունը:

Չգիտեմ, դա լրիվ ուրիշ աշխարհ է: Դա իմ աշխարհն է: Իմ ու իմ «հերոսների» աշխարհը…