Իմ չմոտիվացնող մոտիվացիան

received_211309602744019Ես շատ բախտավոր եմ: Չէ՞ որ հենց ինձ է բախտ վիճակվել ճանաչել ու սիրել ամենահամով հայրենակիցներիցս մեկին՝ հայրենիքից դուրս:

Եթե չլիներ FLEX-ը, ես ու դու դժվար էլ գտնեինք իրար: Իսկ էդպես շատ տխուր կլիներ: Գիտե՞ս՝ ես քեզ զգում եմ իմ կողքին ու ինձ մոտ, բայց, ավաղ, դու չափազանց հեռու ես ինձնից: Գիտե՞ս՝ ինչու չեմ զգում մեր հեռավորությունը, որովհետև ես քեզանից լավ գիտեմ՝ դու երբ ես քնում, երբ ես արթնանում, ուր ես գնում, մրսում ես, թե չես մրսում: Ու ես շատ-շատ ուրախ եմ դրա համար: Դու ոնց որ իմ շողքը լինես օվկիանոսից այն կողմ: Ո՞վ կմտածեր, որ մի օր Մինեսոտա ասելիս մտքիս եկող առաջին բառը Հռիփսիմեն է լինելու:

Հետո էլ ասում են՝ ինտերնետն ու տեխնիկան փչացնում են մեր սերունդը: Ես միշտ շնորհակալ կլինեմ ինտերնետին, որ ինձ քեզ նման նվեր է տվել: Իրականում դու արդեն շատ բան ես նշանակում ինձ համար: Այն, որ ես ուղղակի նստած էի, ու մտքովս անցավ քո մասին հոդված գրել, արդեն նշանակում է, որ դու կարևոր ես ինձ համար, ու ես քո մասին գրելու ու պատմելու բան ունեմ:

Իմ ու քո ծանոթության գլխավոր «մեղավորը» FLEX-ն է. քո՝ իրականացած, իսկ իմ բաղձալի FLEX-ը: Ես գնահատում եմ այն ամեն րոպեն, որը դու նվիրում ես ինձ քո կիսաքուն գիշերներից կամ սուրճով լիքը առավոտներից: Գնահատում եմ այն, որ չնայած մեր խոսակցության ընթացքում հնչած «բարի լույս»-իդ պատասխանում եմ «բարի իրիկուն»՝ մենք էլի շարունակում ենք զրուցել: Գնահատում եմ այն, որ ես կարող եմ ինձ համարել քո «իքսչեյնջի» մի մասը, իսկ դու ինձ կարող ես համարել քեզ մոտիվացնող և «FLEX-ոմանիայով» տառապող անձնավորություն: Ուզում եմ՝ դու վայելես ամեն մի վայրկյանդ այդտեղ ու ամեն րոպե հիշես, որ քո երազանքն իրականություն է: Դու այն արևներից ես, որ չվախեցավ ամպերից ու պայքարեց շողալու համար:

Ես կիսում եմ օվկիանոսից այն կողմ ապրած քո ամեն զգացումը: Ամենաուրախ ու տխուր պահերին իմացիր, որ ես քո կողքին եմ: Ես քեզ կարոտում եմ՝ կյանքում երբևէ հանդիպած չլինելով: Ու համ էլ գիտեմ, որ դու էլ ունես նույն զգացողությունը: Գրկում եմ ամուր-ամուր ու համբուրում Կապանից Մինեսոտա: