Mariam barseghyan

Իմ սիրելի աչքերը

-Որ փոքր էիր, հենց լացում էիր, քեզ փորի վրա պառկեցնում էինք սեղանին ու միացնում քո սիրած հաղորդումը: Ու այդ ժամանակ լռություն էր տիրում, սկսում էիր ժպտալ ու պարողների հետ երաժշտության տակ ոտքերդ շարժել,- պատմում էր մայրս, երբ նստած թերթում էինք իմ մանկական նկարները:
Մայրս այս պատմությունը ինձ պատմում է պարի դասերի գնալու առաջին իսկ օրից: Նա շատ է սիրում, երբ ես պարում եմ: Հիշում եմ, ինչպես էր ինձ ցուրտ ձմեռվա օրերին տանում պարի և ցուրտ միջանցքներում սպասում այնքան, մինչև ավարտեմ: Ես էլ դուրս էի գալիս մեծավարի կախվում մորս թևից` ձգելով այն դեպի ներքև և թևանցուկ արած գնում էինք տուն: Ամբողջ ճանապարհին խոսում էի ու խոսում:
-Մամ, նոր շարժում ենք սովորել, դասատուս էլ գովեց, ասաց, որ լավ եմ անում,- ոգևորված պատմում էի մորս փորձերից հետո:
Ամեն անգամ դպրոցում կազմակերպված միջոցառումներին պարելիս ուշադիր նայում էի նրա աչքերի մեջ: Այդ գեղեցիկ աչքերը լցված էին լինում ուրախությամբ, հպարտությամբ, անսահման սիրով և երջանկության արցունքներով: Այնքան շատ էին այդ աչքերը ինձ ոգևորում, երբ պատահաբար սխալ էի անում, կամ էլ սայթաքում էի:
-Դիմացի, որ բեմից սիրուն աչքերդ լավ երևան,- ասում էր մայրս դեպի թարթիչներս ձգելով այն ժամանակ ինձ համար սարսափելի թվացող հարդարման միջոցները:
Այդ օրը ես առաջին անգամ բարձրանում էի բեմ, առաջին անգամ հայտնվել էի կուլիսներում և առաջին անգամ բեմից վայելում էի հանդիսատեսի ծափողջյունների ձայնը: Բայց ինձ համար իմ գլխավոր հանդիսատեսը մայրս էր, ով նորից այն նույն աչքերով նայում էր ինձ: Հիմա ես 16 տարեկան եմ, և ոչինչ չի փոխվել, հիմա էլ մայրս միշտ իմ կողքին, ոգևորում է ինձ բեմ բարձրանալուց առաջ: Նա իմ գլխավոր հանդիսատեսն է, մարդ, ով փոքր ժամանակ ժպտացել է ինձ, գրկել և պառկեցրել սեղանի վրա` միացնելով իմ սիրելի հաղորդումը: