LusineYesayan

Իմ ստեղծած Հայաստանը

 Ներկայացնում է ուսուցիչը

Բարև Ձեզ, հարգելի 17-ի խմբագրություն, ես Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոցի «Կանթեղ» գրական խմբակի ղեկավարն եմ: Նոր եմ սկսել աշխատել, բայց արդեն իսկ ինձ համար ակնհայտ է, որ ունեմ հրաշալի աշակերտներ: Ուղարկում եմ տասներկուերորդ դասարանի աշակերտուհի Լուսինե Եսայանի առաջին հոդվածը: Նա վաղուց է երազում Ձեր կայքում տեսնել իր հեղինակած նյութը… 

Լուսինեն տասնյոթ տարեկան է:

Նելլի Բրագինա

Իմ ստեղծած Հայաստանը

Հեղափոխությունից առաջ էր: Լեզուների իմացությունս բարելավելու համար զրուցում էի օտարերկրացիների հետ: Դա նաև լավ ընկերներ ձեռք բերելու հրաշալի միջոց է: Նրանց ուղղված իմ առաջին հարցն էր. «Իսկ դու գիտե՞ս Հայաստանի մասին…»: Նրանց պատասխանն ինձ ցավ էր պատճառում, և եթե անգամ չհետաքրքրեր՝ ես ինձ պարտավորված էի համարում պատմել իմ երկրի ու իմ ժողովրդի մասին…

Արդեն հոգնել էի նույն պատմությունը տարբեր մարդկանց ներկայացնելուց, երբ հանկարծ… Ինձ օգնության հասավ մի Անհատականություն, ով այնքան բարձր խոսեց, որ ողջ աշխարհի համար լսելի եղավ, թե ո՛վ է հայն ու Հայաստանը…

Այդ մարդու անունն է` Նիկոլ Փաշինյան: Նրա շնորհիվ հայ ժողովուրդը վերաիմաստավորեց իր գոյությունը ու սովորեց արժանապատիվ ապրել…

Այդ մարդու թիկունքում մթար անհուսությունում խարխափող ժողովուրդն էր, իսկ դիմացը՝ ապագայի  խոստումնալից լույսը… Բայց այդ լույսը նկատելի էր հազիվհազ… Ակնհայտ էր, որ դրան հասու լինելու համար շատ լեռներով ու ձորերով պիտի անցնեինք:  Դժվարին էր թվում ուղին… Դրա համար սոսկ մեկը կամ երկուսը չէին կարող գնալ. որոշված էր՝ մենք բոլորս ենք գնալու՝ ձեռք ձեռքի տված, իրար ապավեն ու նեցուկ լինելով:  Մեզ միասին տեսնելով՝ լեռներն իսկ ծնկի եկան, ու ապագայի  արփալիր լույսը ողողեց մեր հոգիները…

Սովորում ենք նորից հավատալ ու ապրել…

Երբեմն մենք երազում ենք մի բանի մասին, բայց սրտի խորքում կասկածում դրա իրական լինելուն: Հենց ա՛յն պահին, երբ կհամարձակվես կասկածել ինքդ քեզ, հիշի՛ր այն Մարդուն, ով հույսի ու ոգու զարթոնք պարգևեց իր ժողովրդին ու աշխարհին ստիպեց այլ հայացքով նայել Հայաստանին…

Նոր Հայաստանի նո՛ր սերունդ, կոչ եմ անում քեզ լինել հայրենիքիդ ու ճակատագրիդ  Տերը: Քո ստեղծած երկիրը երեխաներիդ փոխանցելու կամքը, իրավունքն ու պատիվն ունեցի՛ր…

…. Հիմա ստիպված չեմ իմ նոր ընկերներին պատմել իմ երկրի մասին: Հիմա նրա՛նք են ինձ պատմում, թե այսօր լրատվամիջոցներով ինչ են լսել փոքրիկ, բայց հզոր Հայաստանի մասին, իսկ ես լսում եմ, և սրտումս ակամա հորձանք է տալիս հպարտությունը, քանի որ իմ հայրենիքն ինձ համար ամենամեծն ու գեղեցիկն է այս արևի ներքո…