Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Իմ Վանաձորը

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Տաղանդավոր երիտասարդության ու արվեստի, արհեստի քաղաք` Վանաձոր: Երբեք չփոխվող այս քաղաքը, միշտ լեցուն կլինի կյանքով, ու ամեն անգամ այս օրը կթնդա Հայքի հրապարակը, որովհետև Վանաձորի երիտասարդության նմանը ուրիշ տեղ չկա:

Չգիտեմ, ինչո՞ւ եմ ամեն անգամ այս անձրևոտ ու մռայլ քաղաքը երիտասարդների եռացող, ակտիվ այրան հետ ասոցացնում: Առաջին հայացքից քնած քաղաքը երբեք քնած չի լինում, որովհետև ամեն անկյունում մի խումբ երիտասարդներ, մի մութ տանը, նոր ու հետաքրքիր գաղափարներ են ծնում և իրագործում: Սա այն դեպքն է երբ քաղաքը փողոցները չեն, շենքերը չեն ու ոչ էլ կանաչ ծառերն են ու անձրևոտ տարվա օրերը:

Վանաձորը մենք ենք, ու մենք ենք այստեղ եղանակ ստեղծողը: Մեզնով է քաղաքը անձրևում ու մեզնով էլ երկնքում արև է ծագում: Վանաձորը հոգեվիճակ է ու բնավորության գիծ: Ու միայն այս քաղաքում ես միշտ ինքս ինձ հետ ներդաշնակ կլինեմ:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Վանաձորը էլ վաղուց աքսորատեղի չէ ու ոչ էլ ապագա չունեցող քաղաք, որովհետև այսօր հրապարակը թնդում էր, ու որովհետև վաղն էլ է թնդալու: Ու ամեն ծննդյան օր մենք ավելի շատ ենք լինելու: Ես վստա՛հ եմ, որ Վանաձոր գալու են ու էլ չեն գնալու:

Երբ Երևան էի տեղափոխվում, շատերը կարծում էին` կգնամ ու կմոռանամ իմ քաղաքը: Բայց հասկանո՞ւմ եք, չես կարող հեռանալ ինքդ քեզանից: Վանաձորն էլ իմ հոգին է ու իմ բնավորությունը, ես չեմ կարող առանձնանալ ոչ այս քաղաքի կոլորիտից, ոչ նրա բարբառից: Ո՞ւր էլ ես գնամ, երբ սկսեմ խոսել, կհարցնեք՝ թե որտեղի՞ց եմ, ու ես աշխարհի ամենահպարտ մարդու նման կասեմ.

-Ես Վանաձորից եմ…