sona zakaryan

Իմ տարբերվող կես տարին

Արդեն 6 ամիս է, ինչ գտնվում եմ ԱՄՆ-ում։ Կարծես երեկ լիներ, երբ ստացա այդքան սպասված հեռախոսազանգը և իմացա, որ դարձել եմ հազարավոր դիմորդներից մեկը, ում հնարավորություն կընձեռվի ապրել ու սովորել ԱՄՆ-ում։ 6 ամիսներ, որոնք երբեմն թվում են տարիներ, երբեմն էլ՝ ուղղակի օրեր։ Փոխանակման ծրագրի աշակերտ լինելը, բացի ոգևորիչ լինելուց, նաև շատ դժվար ու մեծ պատասխանատվություն պահանջող առաքելություն է։ Ասում են, որ ամեն բան ունի իր դրական և բացասական կողմերը, և փոխանակման ծրագրի աշակերտ լինելն էլ բացառություն չէ։ Միայն բացասական կողմերը կարող են միանգամից դառնալ դրական, երբ դու փոխանակման ծրագրի աշակերտ ես։ Հիշում եմ՝ երկու տարի առաջ երկմտում էի՝ արդյո՞ք պետք է անեմ այս քայլը, արդյո՞ք կարող եմ հաղթահարել ամեն ինչ։ Պահեր կային, երբ մտածում էի. «Չէ՛, հաստատ սա ինձ համար չէ, հաստատ չեմ կարող, կհիասթափվեմ հետո»։

Այդ վախն ամեն ինչի նկատմամբ՝ հիասթափություն ապրելու, դժվարությունները հաղթահարել չկարողանալու, սայթաքելու, միշտ բոլորիս այցելում է, մենք բոլորս էլ վախենում ենք ու այդ վախն ու անինքնավստահությունը հաճախ արգելք են հանդիսանում շատերիս համար՝ իրագործելու մեր նպատակներն ու առաջ գնալու։ Եվ այդ վախը ինձ էլ էր այցելել։ Բայց կամքի ուժն ու նպատակասլացությունը հաղթեցին այդ վախը: Եվ ահա արդյունքը՝ ես այստեղ եմ ու երբեք չեմ զղջա, որ կայացրել եմ այս որոշումը։

Այս ամիսները փոխել են ինձ ու իմ կյանքը, շատ բաներ եմ վերլուծել ու հասկացել։ Առաջինը՝ հասկանում ես, որ արել ես այնպիսի բան, ինչը միշտ մտածում էիր, որ չես կարող։ Այն ամենը, ինչը քեզ թվացել է անհնարին, միայն երազանք, հանկարծ դառնում է հնարավոր։

Կարծում եմ, որ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը անհնարինը հնարավոր դարձնելն է։ Հասկանում ես նաև, որ տարբեր լինելը երբեք չի նշանակում լինել չսիրված ու տարօրինակ։ Մենք բոլորս էլ նույն բանն ենք, չէ՞, ուզում՝ ապրել ազատ, խաղաղ ու երջանիկ։ Իսկ տարբեր լինել, բոլորովին չի նշանակում չունենալ այդ բոլոր իրավունքները։ ԱՄՆ-ում մարդիկ շատ տարբեր են, բայց այդ տարբերությունը երբեք չի խանգարում մարդկանց փոխհարաբերություններին։ Ապրելով կողք կողքի, հարգելով միմյանց և լինելով դրական՝ մենք մեր կյանքը միայն հեշտացնում ու ավելի ուրախ ենք դարձնում, այնպես որ, երբեք չմտածեք, որ տարբերությունը կարող է ազդել ձեզ վրա։ Ուղղակի պետք է լինեք այնպիսին, ինչպին կաք և երբեք չմտածեք, որ պետք է փոխեք ձեզ ու այն արժեքները, որոնցով առաջնորդվում եք։

Ինչքա՜ն հետաքրքիր է այն փաստը, որ կարող ես ունենալ երկու ընտանիք միաժամանակ։ Վեց ամիս առաջ ինձ օտար մարդիկ հիմա ընտանիք են դարձել։ Երբ պատրաստվում էի գալ ԱՄՆ, ոչինչ չգիտեի, չգիտեի՝ ինձ ինչ է սպասվում, ինչ կլինի, ուր եմ գնում։ Հայաստանից ու ընտանիքիցս առաջին անգամ հեռանալը ամենադժվար բաներից մեկն էր իմ կյանքում, բայց շատ ուրախ եմ, որ պատվով հաղթահարեցի այդ ամենը։

Հետո կարողացա հարմարվել ուրիշ միջավայրի, սովորույթների ու մարդկանց ու հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Փոխանակման ծրագրի աշակերտ լինելն օգնում է դառնալ ավելի հասուն, կենտրոնացած և ուժեղ։

Չորս ամսից էլ քիչ մնաց իմ փոխանակման տարվա ավարտին: Չեմ կարող բացատրել այն ամենը, ինչ զգում եմ։ Փորձում եմ շատ չտխրել, քանի որ ամեն ինչի ավարտ մի նոր ու հետաքրքիր բանի սկիզբ է։

Հ.Գ. Ամենակարևոր դասը, որ սովորել եմ այստեղ, ժպտալն է, միշտ ժպտալը, այնպես որ, Հայաստան վերադառնալիս ակնկալում եմ տեսնել միայն ժպտացող դեմքեր։ Հա, ու մեկ էլ, անծանո՛թ հայեր, խնդրում եմ՝ ինձ տարօրինակ չհամարեք, եթե ժպտամ ձեզ։