Իմ «Տարվա մարդը». Գունավորողը ուրիշի կյանքի

meline khamoyan

Ինչպես միշտ ուշանում եմ։ Հետևիցս թափվող թղթերիս պես մտքերս էլ թափթփված են, կիսատ-պռատ։ Արդեն իսկ հոգնած արթնացել ու անգույն ու իմաստազուրկ եմ պիտակավորել դեռ չսկսված օրս, ու հավատացեք, մտովի թերթել եմ այն ու սևով ջնջել օրացույցիցս` մնացած օրերիս պես։

Չեմ սիրում կանգառները: Կյանքում էլ  կանգնելուց հետո դժվար է նորից առաջ շարժվելը։

Կանգառ: Արդեն պարզ է, որ կյանքիդ  առանց այդ էլ  մաշված ու անօգնական  րոպեներից մի քանիսն էլ պիտի վատնես ինչ-որ բանի սպասելու համար։ Ու այս ամենի մեջ ամենասփոփող երևույթն այն է, որ ես գրեթե միշտ չեմ էլ հասնում կանգառների, փոխարենը վազում եմ ավտոբուսների հետևից։

Այսօր էլ չեմ խախտում ավանդույթը, բայց ես՝ իմ գործում փորձվածս, այս անգամ անհաջողության եմ մատնվում ու բռնում եմ կանգառ տանող  դաժան ուղին՝ արժանապատվորեն  կրելու պատիժս (չնայած որ մի փոքր այս կողմ եմ կանգնել)։ Մոտ կես ժամ սպասում եմ: Շատ նյարդային եմ վերջերս։ Արդեն մտածում եմ շրջվելու ու տուն վերադառնալու մասին, բայց վերջապես ավտոբուսս որոշում է ժամանել։ Նկարագրածս սև ու մութ ֆոնին դեմքիս ժպիտ է հայտնվում ու մոռանում եմ անգամ կորցրածս կես ժամվա, երեսուն րոպեի, հազար ութ հարյուր վայրկյանների մասին։ Պապիկս էր։ Չէ, սխալ հասկացաք, ամենևին էլ արյունակցական կապ չունենք, բայց նույնքան մոտ ու հարազատ ենք։ Մոռացեք վերևում նկարագրածս վատ ու մթագնած օրվա  մասին, ես արդեն գունավորվել ու լուսավոր  եմ։

Պապին մեծ համբավ ունի։ Բոլորը նրան սիրում են։ Վերջերս եմ հասկացել, մինչև դա կարծում էի, որ պապիկը միայն ինձ հետ է այդքան ջերմ ու հոգատար։

Եթե անկեղծ, մի փոքր նեղսրտում էի, որ ինձ տված ուրախությունից ուրիշներին էլ է բաժին հանում։

Պապին ամեն ինձ տեսնելիս գլուխը մի փոքր թեքում էր ուսի կողմն ու ժպիտով ողջունում ինձ: Հետո ձեռքով կանչում էր, հասկացնում, որ դիմացի դռնով բարձրանամ։ Կանգնեցնում էր կողքին, դասերիցս հարցուփորձ անում, կատակում ու հավատացնում, որ մի քիչ էլ սպասեմ, ինձ համար տեղ է ազատելու, որ նստեմ, հոգնած կլինեմ, չնայած  համեստորեն մերժում էի։ Թերևս իմ ճանաչած  անծանոթ ծանոթների մեջ ամենաջերմն  ու  ամենահոգատարն  էր։

Արժեր Պապիի հետ դասի գնալու համար հավերժ ուշանալ ու հավերժ սպասել, որովհետև վստահ էի, որ օրս հաջողված, ներդաշնակ, գույնզգույն ու սիրառատ էր լինելու, ու էդ ստացած ջերմությունն էլ ես ուրիշին էի տալու։

Պապին իմ «տարվա մարդն» է, ու իմ օրը ստեղծողն ու լցնողը, ու իմ տարվա ցանկությունը, որ յուրաքանչյուրս  մեր կյանքում ունենանք մեր մութ օրերը գունավորողի, ու մենք էլ  լինենք  գունավորը ուրիշի կյանքի…