Իմ «Տարվա մարդը». Դու կհաղթես, Արմեն

sevak mirabyan

Մեր շրջապատում այնքա՜ն շատ են մարդիկ, որոնց լավ թե վատ առումով կարող ենք «Տարվա մարդ» համարել։

Տեսնո՞ւմ եք այն սև վերարկուով տղամարդուն, ա՛յն, որ անկյունում ճգնում է ծխախոտ կպցնել իր երեքամյա որդուն գրկած․ տիպիկ  հայկական կերպար է, իսկական հայր, ով տարիներ հետո որդուն դնգստելու է ծխելու համար։ Բայց մինչ այդ նա իր շրջապատում սիրված ու հարգված մարդ է։ Հարցրեք ընկերներին, իրենց բակի ջահելությանը, բոլորը նրան լավագույն հատկանիշներով կնկարագրեն՝ իսկական «Տարվա մարդ»։

Էս էն մարդն է, ով միշտ ընկերների մոտ գլուխ է գովել, որ իր առաջնեկը տղա է, բա…  Չէ՞ որ հայ տղամարդու առաջնեկը պետք է արու զավակ լինի, թե չէ` ի՞նչ աղջիկ: Լավ․․․ Աղջիկն էլ հետո, տղայից հետո․․․ Ծերության ժամանակ «ջուր տվող էլ է պետք»։

Բոլորը նրան իսկական լավ տղա գիտեն, սիրող ամուսին, հոգատար հայր, բայց ոչ ոք չի էլ մտածում, թե քանի անգամ է կնոջը ուղեկցել հիվանդանոց՝ աբորտ անելու․․․ Կարևորը ինքը հեղինակություն է շրջապատում։

Բա համացանցի մյուս կողմում նստած, 25 տարի Ռուսաստանում բնակվող, Նիկոլին գովերգող մեկնաբանություններ գրող, մյուսների «տերը թաղող» հայրենասեր մորաքո՞ւյրը… Մի հերոս էլ ինքն է։

Ախր, ինքը շատ հայրենասեր է, չե՞ք տեսնում, համացանցում ամբողջ օրը հայրենիքի բարգավաճման մասին է գրում, մտածում, տվայտվում․․․

Երազում է, որ մի օր Հայաստանը դառնա հողագնդի ամենազարգացած երկրներից մեկը։ Ու ինքը էն կինն է, ով 25 տարի առաջ ստիպեց ամուսնուն երկրից գնալ, որովհետև չէր ուզում, որ տղան ծառայի «էդ անտեր մնացած երկրին»․․․

Չէ՛, ինձ այդպիսի հերոսներ պետք չեն, նրանք իմ տարվա մարդիկ չեն։

Իմ «Տարվա մարդը» փոքրիկ Արմենն է: Նրա նկատմամբ կյանքը դաժան է գտնվել, ու հիմա Արմենը պայքարում է քաղցկեղի դեմ։ Արմենը  ընդամենը 9 տարեկան է, բայց այնքա՜ն հասուն է, այնքա՜ն խելացի․․․

Նա ընդհանրապես չարացած չէ․ ասում է, որ դա փորձություն է, ու ինքը կհաղթահարի այն։

Փոքրիկ մարտիկը ժպիտով է պայքարում։ Հաճախ է ցավը տանջում տղային, փորձում  ծնկի բերել, բայց նա չի հանձնվում, ասում է, որ այս պայքարում  միակ հաղթողը ինքն է լինելու ու չի պատրաստվում մորը մենակ թողնել, ինչպես տարիներ առաջ հայրն էր լքել նրան։

Արմենը սիրում է նկարել։ Նրա նկարներում միայն պայծառ գույներ են։ Երփներանգ ծաղիկներ ու արև՜, արև՜․․․

Ամենից շատ մայրիկին է սիրում, ուսուցչուհուն ու․․․ բուժող բժիշկներին։ Հավատում է բոլորին, գիտի, որ մի օր Նարեկի, Արայի, Մհերի, Սուրենի, բոլորի հետ ֆուտբոլ է խաղալու, սար բարձրանալու ու դատավոր է դառնալու, արդարամիտ և խելացի դատավոր։

Իսկ մինչ այդ դպրոցն ու դասարանցիները, ողջ համայնքը գումար են փոխանցում նրա մայրիկի հաշվեհամարին։ Արմենին արտերկիր կտանեն ու․․․

Նա է իմ «Տարվա մարդը»` քաջ ու անվախ Արմենը։

Գիտեմ, նա կիրականացնի իր երազանքը, նաև մեր երազանքը։

Երազում ենք նրան առողջ տեսնել:

Նա չի ծխի, վատ սովորություններ չի ունենա, և․․․ 6 աղջիկ կունենա․․․