Իմ «Տարվա մարդը». Հայրենիքի զինվորները

margarita ghazaryan

Կան տարբեր կազմակերպություններ, որոնք ելնելով որոշ չափանիշներից, որոշում են   «Տարվա մարդուն»: Օրինաչափ կլիներ, եթե որպես «Տարվա մարդ» նշեի մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընտրությունս կարող էի արդարացնել այն փաստով, որ նա մի ողջ ազգի միավորելով` կարողացավ իրականացնել թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Ընդհանուր առմամբ,  «Տարվա մարդ» է Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացի, ով կարողացավ իր ձայնը բարձրացնել ընդդեմ բռնության և անարդարության: Սակայն յուրաքանչյուրիս «աշխարհում» կան մարդիկ, ովքեր  ամենից շատ են ազդեցություն թողնում մեր կյանքի, արժեհամակարգի և ներաշխարհի վրա:

Դեռ մանկուց, երբ նույնիսկ չգիտեի, թե ինչ է  նշանակում պատերազմ, և ինչը` խաղաղություն, հայրս իր օրինակով սովորեցրել է, որ մեր կյանքի ամենից կարևոր առաքելությունը պետք է լինի հանուն հայրենիքի և նրա բարօրության ապրելն ու պայքարելը։

Հայրս Մայիս Ղազարյանն է, Արցախյան պատերազմի մասնակից մեդալակիր։ Ծառայությունը սկսել է Գյումրիում։ 1994 թվականի հունվարի սկզբից մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը։ Իրականում նա կարող էր մնալ Գյումրիում, քանի որ հրամանատարը թույլատրել էր ընտանիքի միակ որդիներին մնալ այնտեղ և չգնալ սահման։ Բայց ոչ, դա հայրիկիս համար չէ։ Նրա համար հպարտություն է հայրենիքին ծառայելը։ Վիրավորվել է 1994 թվականի հունվարի 28-ին Օմարի լեռնանցքում, դարձել 2-րդ կարգի հաշմանդամ։ Այժմ  աշխատել չի կարողանում։

Հայրս իմ հերոսն է, բոլոր ժամանակներում իմ «Տարվա մարդը»: Ես հպարտանում եմ իմ հայրիկով, չէ՞ որ հենց նա է ինձ սովորեցրել ապրել հպարտ և արժանապատիվ` չկորցնելով սեփական մարդկային տեսակն ու արժանիքները: Իհարկե, յուրաքանչյուրի համար իր հայրն աշխարհի բոլոր հայրերից լավագույնն է, դա շատ պարզ է և անքննելի: Սակայն իմ հայրը ինձ համար ոչ միայն լավ հայր է, հիանալի խորհրդատու և հավատարիմ ընկեր, այլ առաջին հերթին  իրական Հայ է: Գուցե զարմանալի է թվում, բայց պետք է ասեմ, որ հայ լինելը ուղղակի այդ ազգությանը պատկանելը չէ, այլ մեծագույն պատիվ: Ամեն հայ չէ, որ իրավունք ունի այդ պատիվը զգալու: Հորս հայրենասիրությունը անծայրածիր է, չափ ու սահման չունի: Հնարավոր է, որ շատ ամպագոռգոռ է հնչում, բայց ինձ հավատալու համար ուղղակի պետք է ճանաչել հորս: Նա պարզապես հավերժ հայրենիքի զինվոր է:  Հայրս իսկապես  իմ լավագույն ընկերն է, բնավորությամբ ևս հորս եմ նման։ Ցանկացած հարցում ինձ օգնում է,  քաջալերում։ Տարբեր մրցույթների և միջոցառումների  ժամանակ նա ինձ  հուսադրում է և մղում հաղթանակի։ Առաջինն է այն մարդկանցից, որ ի սրտե ուրախանում  է իմ հաջողությամբ և երջանկությամբ ու տխրում իմ անհաջողությունների համար։ Նա իմ առջև երբեք արգելքներ չի դնում, այլ այնպես է դաստիարակել և սովորեցրել, որ ես ինքս գիտակցեմ իմ սահմանները և հասկանամ՝ որն է ինձ պետք և որը՝ ոչ։

Հորս կատարած սուրբ գործը այժմ շարունակում է եղբայրս՝ Միքայել Ղազարյանը: Եվս մեկ մարդ, որով ես հպարտանում եմ: Առհասարակ, երբ մենք  «Տարվա մարդ» ենք ընտրում` սահմանին կանգնած մեր քաջորդիները օր ու գիշեր պայքարում են մեր հայրենիքի և մեզ համար: Ըստ իս` առաջին հերթին «Տարվա մարդ» է հայ զինվորը, ով քաջ է, աներկյուղ ու պայքարող: Չէ՞ որ հենց նրանք են մեզ տալիս այս ընտրության հնարավորությունը` անառիկ պահելով մեր երկիրը: Հայը ի սկզբանե հարկադրված է եղել իր սեփական ուժերով պաշտպանել իր և իր հայրենիքի գոյությունը: Ապրիլյան պատերազմը հայի անկոտրում և մարտնչող ուժի ու բնավորության ևս մեկ վառ ապացույցն է: Կրկին անդրադառնալով հորս, ասեմ, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ևս ցանկանում էր գնալ սահման, սակայն առողջությունը թույլ չտվեց։ Իհարկե, եթե այն երկար շարունակվեր, ապա առողջությունն անգամ  հաշվի չէր առնի։

Մեր քաջերը,  չխնայելով սեփական կյանքն ու երազանքները, հերոսաբար պայքարում էին հայրենիքի համար: Եվ հիմա էլ նրանք ունեն իրենց արժանի հետնորդները: Հայրենիքի պաշտպան զինվոր եղբայրներս են ինձ համար «Տարվա մարդ», ովքեր իմ հենարանն են ու հպարտությունը, ինձ ուժ ու կորով տվողները, ինձ ոգեշնչողներն ու պաշտպանողները:

Հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է, իսկ այդ գործի նվիրյալները` հերոսներ: Իմ «Տարվա մարդը» հայ զինվորն է: