Իմ «Տարվա մարդը». Քույրս

mariam tonoyan

«…Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին։

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց»:

Պարույր Սևակ

-Ընտանքիս երկրորդ երեխան եմ։ Ասում են՝ միջնեկները ձախորդ են լինում, որովհետև ի սկզբանե ծնվել են «երկու քարի արանքում»՝ ո՛չ մեծն են, ո՛չ փոքրը, ո՛չ մեծի արտոնություններն ունեն, ո՛չ փոքրի միշտ ներվող կամակորությունները։ Բայց ես ծնվեցի, որ փոխեմ ընդունված կանոնները ու ևս մեկ անգամ ապացուցեմ, որ ոսկե միջինն ամենահաստատունն է բոլոր եղածների մեջ…

Հավանաբար, այսպիսի առաջաբան կունենար քրոջս մասին պատմությունը, եթե ես վեպ գրելիս լինեի, բայց առայժմ ստիպված եմ տողերի քանակը սահմանափակել։

Օրեր առաջ քույրս դպրոցից անտրամադիր տուն վերադարձավ, մի պահ հեռուստացույցի ալիքները հետուառաջ անելուց հետո փաթաթվեց իր տաք ծածկոցի մեջ ու քնեց մինչ երեկո։ Երբ արթնացավ, արդեն գիտեինք՝ ինչ է պատահել։ Ինքն էլ իսկույն կռահեց, որ ամեն ինչից տեղյակ ենք ու վրդովված սկսեց.

-Ինձ չեն հավատում։ Դա ամենացավալին է…

-Արտագրել ես, ասա՝ արտագրել եմ,- ասաց մայրս,- Ինքնուրու՞յն ես 8 ստացել։

-Ասել եմ, որ մատյանում դնեն այն,  ինչի արժանի եմ։ Ինձ երբեք գնահատականը չի հետաքրքրել, բայց… Ինձ չեն հավատում:
Դանդաղ քայլերով խոհանոց գնաց՝ ջուր խմելու, ու երբ հետ վերադարձավ, կանգնեց կողքիս ու շշուկով ասաց.
-Չգիտեմ՝ ինչպես եմ ճիշտ պատասխանները նշել: Դու դրան ինտուիցիա կանվանես, իսկ ես՝…Աստված: Կկարծեն խելագար եմ, չէ՞, եթե ասեմ, որ Աստծուց հուշումներ եմ ստանում:
Փոքր ինչ զարմացած նայեցի նրան ու արագ պատասխանից խուսափելով՝ խոստացա, որ գիշերը առանձին կզրուցենք: Կարծում էի՝ մինչև գիշերվա վրա հասնելը, պատահածը անցած-գնացած կհամարի, բայց հենց առանձնացանք սենյակում, խոսեց.
-Գիտեմ, որ դու հավատում ես ինձ: Ուրեմն խնդրում եմ, լսիր մինչև վերջ, դու կարող ես այդ: Տես այս տոնածառը՝ լուսավոր, զարդարուն. միանգամից տրամադրություն է բարձրացնում: Ի՞նչ կլինի, եթե ամեն օր մի նոր նախշ ավելացնելու փոխարեն վերցնենք մեկ այս լուսավորումը, մեկ այն խաղալիքը: Հա, այն կդառնա հասարակ եղևնի՝ մնացած փշատերև ծառերից ոչնչով չտարբերվող: Գիտե՞ս, երևի դպրոցում ուզում են, որ ես էլ մյուսների նման դառնամ: Ես լուսավոր երեխա էի, երբ դեռ նոր էի դպրոց գնացել, բայց հիմա սովորական երեխա եմ՝ «վատ սովորող» պիտակով: Լույսերն իմ հույսերն էին՝ իմ, ապագայիս հետ կապված հույսերը,- մի պահ դադար տվեց: Զայրույթը կուտակվել էր ներսում, աչքերը կարմրել էին, բայց ճիգեր էր գործադրում, որ իմ ներկայությամբ լաց չլինի: Ավելի մոտ նստեցի նրան, ու նա շարունակեց,- Առաջին դասարանում վախենում էի ճանապարհ գնալ առանց իմ խաչի, որը միշտ մոտս էի պահում: Հիշո՞ւմ ես, այդ ժամանակ դպրոցում էի մնացել մինչև հետևիցս եկաք՝ ինձ տանելու:  Ուսուցչուհիս ինձ նախատելով՝ վերցրել էր խաչը ձեռքիցս: Նույն ուսուցչուհին իմ ձեռքով հավաքած նորածիլ մանուշակները հրաժարվեց ընդունել, որովհետև կարծում էր, որ ավելիին է արժանի…

Ամեն անգամ ես կորցնում էի  հույսի մի նշույլ, երբ դասընկերներս բնազդաբար առանձնանում էին դասի հետ կապված հարցեր քննարկելու համար, երբ ուսուցիչներս զարմանում էին, որ մենք՝ լինելով հարազատ քույրեր, այդքան տարբեր  հետաքրքրություններ ունենք կրթության հանդեպ (կարելի էր, չէ՞, ինձ առանձին անհատականություն ընդունել) կամ երբ նույնիսկ լավ պատասխանելուս դեպքում ստանում էի նախկինում ստացած գնահատականներիս համարժեք գնահատական: Ամեն անգամ «չես կարող», «էդ հալով ո՞նց ես հոգեբան դառնալու» արտահայտություններից հետո ոչ միայն մոտիվացիաս էի կորցնում, այլև անտարբեր էի դառնում ամեն ինչի հանդեպ: Իսկ երբ դասընկերներիցս բնութագրեր խնդրեցի ու գրվածքների մեջ մի քանի անգամ երևացին «չնայած վատ է սովորում…» արտահայտությունը, պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կատարվեց ինձ հետ: Ես այդքան էլ կասկածամիտ չեմ մնացածի նման: Ես հավատացի նրանց ու ինքս ինձ սովորելուն անպիտան համարեցի:
Քույրս հուսահատված էր: Խորհուրդներն ու խրատներն այլևս ապարդյուն էին: Նրա բնավորության մեջ օրեցօր ավելի էր ընդգծվում անտարբերությունը և շատախոսությունը դասերի ժամանակ, որոնց համար միշտ պատասխան ուներ.
-Ուսուցիչը տարբեր մեթոդներ կարող է կիրառել, եթե իրոք ցանկանում է դասը հետաքրքիր դարձնել: Պետք է ուղղակի նվիրվել աշխատանքին ու աշակերտներին, այլ ոչ թե աշխատանքային 45 րոպեին: Ուսուցիչը պետք է ոչ միայն տա, այլ նաև վերցնի: Կրթությունը համագործակցություն է:
Այս փոքրիկ փիլիսոփայի կյանքում շուտով լուրջ փոփոխություններ սկսվեցին ուսուցիչներից մեկի առանձին զրույցի և սոցիալական կենտրոնի հոգեբանի՝ աշխատանքը լքելուց առաջ նրան թողած երկտողից հետո, որտեղ ասվում էր. «Կյանքը մեզ տալիս է ուժեղանալու և մեր սխալները ուղղելու հնարավորություն, քանի որ մենք ենք մեր ճանապարհի առաջնորդը: Եվ ԴՈՒ բացառություն չես»:
Պայքարը և ձգտումը վերածնվեցին նրա ներսում: Այս տարի նա մասնակցեց մի շարք ինտելեկտուալ խաղերի, մրցույթների ու դասընթացների: Վերանայեց իր նպատակներն ու հստակեցրեց իր հետագա քայլերը: Նրա ընթերցած գրքերի շարքում ավելացան «Մտածել ինչպես Շերլոկը», «Ինքնատիրապետման արվեստը», «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա», «Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ» և այլ հոգեբանական գրքեր: Վերջերս սկսել է ուսումնասիրել նաև ժեստերի լեզուն ու կարողանում է հստակորեն նկարագրել մարդու հոգեվիճակը տվյալ պահին՝ հիմնվելով ժեստերի վրա:
Քույրս ուժեղ մարդու լավագույն օրինակներից է ինձ համար: Նրա հետ ամենօրյա շփումն ինձ համար ավելին արժե, քան Նոբելյան մրցանակի արժանացած որևէ խորիմաստ գիրք ընթերցելը: Նա իր տարբերվող, ըմբոստ, բայց միշտ պայքարող տեսակով ապացուցեց, որ նպատակին հասնելու համար, երբեք էլ ուշ չէ կրթություն ստանալը, չէ՞ որ Էյնշտեյնն էլ դպրոցում վատ առաջադիմություն ուներ: Նա ոգեշնչեց ինձ, խրախուսեց, որպեսզի ինքնակրթությամբ լրացնեմ մաթեմատիկայի իմ բացթողումները ու չվախենամ հետաքրքրվել ֆիզիկայով:

Հ.Գ. երբ նրան ասացի, որ գրառում եմ իր պատմությունը, նա ևս մեկ անգամ ինձ զարմացրեց.
-Դու հիմա գրում ես սա: Գուցե հաղթես, գուցե պարտվես, -ասաց նա,- ես մտածում եմ, որ պետք չէր անկեղծության համար հաղթողներ որոշել, որովհետև անկեղծությունը անչափելի է 1-9 բալանոց սանդղակով: Այն գին ու գնահատական չունի: