ella mnacakanyan yerevan

Իմ տարօրինակ սերը

Երբ ամեն առավոտ սենյակումս մնացած ափսեները՝ լի ձմերուկի չորացած կտերով, փոխարինվում են մանդարինի չորացած կեղևներով, նշանակում է՝ ձմեռը մոտ է: Եթե ոչ դրսում, ապա գոնե իմ կյանքում:

Իմ գլխում ձմեռը միշտ ասոցացվում է մանդարինների հետ, երևի այն պատճառով, որ մանդարին շատ եմ սիրում: Համարյա նույնքան, ինչքան ձմերուկ: Որոշ ժամանակ առաջ նույնիսկ մի չգրված ավանդույթ ունեինք. շաբաթվա մեջ մեկ օր (հիմնականում՝ հինգշաբթի) ընկերուհիներով հավաքվում էինք ու սկսում անխնա մանդարին ուտել: Ասենք՝ 1 կիլոգրամ, չէ լավ՝ 2, ը՜… Անկեղծ ասած՝ 5, ավելի անկեղծ՝ մինչև անգամ մեկ ամբողջ պարկ: Մեր «վնասակար հանդիպումները» շարունակվեցին բավականին երկար՝ մինչև այն պահը, երբ մեզանից մեկի մաշկին ալերգիայի տեսքով չհայտնվեցին այդ հանդիպումների «քաղցր» պտուղները: Չէ՜, էնպես չի, որ դադարեցինք հանդիպել, պարզապես այդ հանդիպումներից բացառեցինք մանդարինը՝ հատկապես՝ պարկերով… Բայց դադարեցի՞նք արդյոք մանդարին ուտել: Երևի՝ չէ: Համենայնդեպս, ես հաստատ: Ինձ թվում է՝ նրանք նույնպես: Հիմա կասեք՝ լավ, էս աղջիկն էլ ինչի՞ է հիշել իր ու իր ընկերուհիների՝ մանդարինի հանդեպ անթաքույց սերը: Եթե անկեղծ՝ ես էլ չգիտեմ: Պարզապես հիմա, երբ ձմեռը մոտ է ոչ միայն իմ գլխում, այլև դրսում ու, հավանաբար, ձեր մտքերում նույնպես (դե՜, դժվար է էս ցրտին ձմեռվա մասին չմտածելը՝ նույնիսկ առանց մանդարինի չորացած կեղևների, չէ՞), կարծում եմ, որ պիտի հասկանաք իմ տարօրինակ սերը: Կմտածեք՝ մանդարինի մեջ սիրելու ի՞նչ կա, կպատասխանեմ՝ մանդարինը ամենամեծ ու ամենալուսավոր կետն է ձմռան մեջ: Թե չէ, ձմռան մեջ սիրելու էլ ի՞նչ կա:

Այն օրը առաջին անգամ ձյուն եկավ: Ձյունը ո՞րն է, մի երկու փաթիլ: Իսկ ինձ բախտ վիճակվեց հենց այդ «մի երկու փաթիլ»-ի ժամանակ դրսում լինել ու այդ փաթիլներից մեկը (այո՛, այո՛, միայն մեկը) զգալ այտիս վրա: Չէ՜, ոչինչ էլ էդքան խորհրդավոր ու գեղեցիկ չէր: Պարզապես մի փաթիլ էր, որը ստիպում էր հասկանալ, որ եթե նույնիսկ մեր բակում, որը Երևանի ամենացածրադիր ու ամենատաք թաղամասերից մեկում է, ձյուն է տեղում, ուրեմն Հայաստանի առնվազն կեսում արդեն ձնառատ տանիքներ են: Իսկ այդ ձնառատ տանիքներից քանիսո՞ւմ նորմալ ջեռուցում կա…