Anush Jilavyan

Իմ տեսակը

Վերջապես… Այս հոդվածս ուզում եմ սկսել նախաբանով, ուզում եմ հասկանալ, թե ինչու էի այսքան ժամանակ ինձ զրկել ստեղծագործելու հաճույքից ու չէի ստեղծում այդ թանկ ժամանակը ինձ համար:Պատճառը ցավոք չեմ գտնում, բայց նորից իմ մեջ գտա գրելու ոգևորությունը, նորից ուզում եմ զգալ այն հաճույքը, որով սպասում ես, երբ կտեղադրվի հոդվածդ և ուրախությունը, երբ արդեն կայքում քո նկարի ու անվան տակ ես կարդում շարադրած մտքերդ: Պատահական չէ, որ հոդվածս հենց ոգևորության ու ոգևորվել կարողացող մարդկանց տեսակի մասին է: Այս տեսակը իրոք յուրահատուկ է…

Ախ, այդ ոգևորությունը, որից փայլում են նրանց աչքերը ու պայծառանում  հոգին: Ինձ համար ավելի հիասքանչ տեսարան չկա, քան ուշադիր վայելել այն մարդու ապրումները, որ զբաղվում է իր սիրած գործով, կամ խոսում է իրեն հետաքրքրող երևույթի կամ մարդու մասին: Այդ պահերը իրոք հրաշք են: Ոգևորությունը չի կեղծվում, այն չեն փորձում թաքցնել, այն ավելին է պատմում մարդու մասին, քան ցանկացած երկար նկարագրություններ կամ տարիների շփում: Այդ պահի մեջ ինչ-որ մոգական բան կա, կարծես խոսողը կտրվում է իրական աշխարհից ու սկսում է բարձրաձայն մտածել շատ հաճելի բանի մասին: Ոգևորությունը ինձ համար ապրելու նշան է, այն, որ մարդու գոյությունը միայն ֆիզիկական չէ:

Դուք այնքան գեղեցիկ եք, երբ նկարագրում եք ձեր սիրած գրքի հերոսին կամ պատմում եք ձեր սիրած ֆիլմի մասին: Այդ պահին բառերը միանգամից սրտից են դուրս գալիս, հաճախ խոսքը  ճիշտ ձևակերպված չի լինում, բայց այն լի է անկեղծությամբ ու ջերմությամբ: Ինձ թվում է, զրուցելիս կարելի է ոչ թե հարցնել սիրած գրքի վերնագիրը, այլ օրինակ, ինչն է հատկապես դուր եկել ստեղծագործության մեջ, կամ որ կերպարն են հավանել: Այս հարցերին միանգամից հեշտ չէ պատասխանել, բայց հավատացեք, դա ավելի շատ բան կասի ձեզ զրուցակցի մասին, քան գրքի վերնագիրը:

Նկատե՞լ եք, որ մենք կարող ենք անվերջ լսել այն մարդկանց, ովքեր խոսում են ու իրենք են հավատում ու ապրում իրենց ասած մտքերով: Թվում է, որ այդ պահը հենց ստեղծված է, որ նրանք կիսեն իրենց երջանկությունը մյուսների հետ: Եթե անգամ մեզ խոսքի էությունը չհետաքրքրի, միևնույն է, չենք կարող անտարբեր մնալ այն ոգևորության նկատմամբ, որով ներկայացվում է:

Ես սիրում եմ այդ վարակող զգացմունքը, երբ այն հետաքրքրությունը, որ կա քո մեջ, փոխանցում ես ուրիշներին, երբ նկատում ես, որ քո ինքնամոռաց խոսքը լցրել է ինչ-որ մեկի հոգին: Այդ ժամանակ հասկանում ես, որ տալով քո մի մասնիկը,  կարող ես ինքդ երջանկանալ: Եթե մարդիկ մի պահ փորձեն իրենց ու ուրիշներին չզրկել այս երջանկությունից, աշխարհը ավելի հաճելի վայր կլինի ապրելու համար: Մարդիկ մի օր գուցե կհասկանան, որ ուղղակի, հենց այնպես ապրել չի կարելի, որ կյանքը այն ամենն է, ինչը մեզ ոգևորում է, ու հանուն ինչի արժի ապրել: