shushanik papazyan

«Իմ օրագրի անունը Կիտտի չէ»

Ողջույն, իմ սիրելի օրագիր։ Հիշո՞ւմ ես, քեզ գրել էի, որ ներքին պատերազմները փորում ճիճվակրությունից ավելի սարսափելի են։

Այսօր արթնացա թարմ մսով կոտլետների հոտից։ Վաղ առավոտ էր, ու քիչ էր մնում բղավեի մորս, թե ով է տեսել լույսը չբացված տապակի բույր գցել ամբողջ բնակարանով։

Սիրելի օրագիր, մայրս իր սենյակում հանգիստ քնած էր ու գրեթե լուսանում էր։ Գիտե՞ս՝ այսպես է լինում, երբ քնիդ մեջ հայտնվում ես գյուղի տանն, ու խոհանոցում հարազատ մեկը աշխույժ շարժումներով ափերում կլորացնում է մսի գնդիկներն ու բակով մեկ տարածվում է տատիկի  ախորժակ գրգռող «ֆիրմեննի» կոտլետների հոտը։

Հիշում եմ, երկու տարի առաջ լրիվ հասուն որոշում կայացրի`   «Ընտանի՛ք, ես բուսակեր եմ»։ Երկար ժամանակ է, ինչ բացառել եմ միսը իմ ճաշացանկից, ու լացս գալիս է, երբ արթնանում եմ կոտլետի ու կարտոֆիլով տապակայի հոտը քթիս։

Սա իսկական ներքին պատերազմ է, ու նման չէ  «բազկաթոռային կռիվներին»։ Այսօրվա պես օրերին սիրտս ընկնում է հարազատ սարերը, ձգվում տատիս ծնկների մոտ ու լսում է Շողակն կախարդական երկրի ու երկու քույրերի մասին պատմությունները։ Նստում է յասամանի կանաչ տերևներին ու իբրև դոլարներ` հողից սուրճ է առնում ու պահարանից նոր հագուստներ։
Գողանում  է հարևանի  «գլխիս չափ» ազնվամորիները ու ծլկում խոտերի մեջ։
Իսկ մարմինս, այս օրվա պես օրերին քաղաքային երթևեկից ճզմվում ու թվում է` ուր որ է կփոքրանա։ Այստեղ` քաղաքում, ամեն բան գլխիվայր փոխվում է․ դոլարները, որոնցով կարելի է հաց ու նման բաներ գնել, այրում են զանգվածային ցույցերի ժամանակ`  փողոցի բանուկ կետերում։
Գիտե՞ս, հաճախ ինձ թվում է, որ այս քաղաքը ազատություն է տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են սպանել ինձ։ Թույլ է տալիս, որ ասեն՝ գիրացել եմ, կապույտը ինձ չի սազում, մազերս ահավոր են, ու հնաոճ եմ։ Այստեղ մարդիկ ինձ լռեցնում են, թե գրել չգիտես։
Իմ սիրելի օրագիր, ես չեմ կարողանում դադարել քեզ գրելս, որովհետև միակ բանն է, որ ինձ մոտ մի քիչ ստացվում է։

Էստեղ` քաղաքում, սպիտակները ու սևերը դեռ ատում են միմյանց, ոմանք թանգարաններ են գնում «ինտիմ» ծանոթություններ հաստատելու համար։ Ինչ վերաբերում է ինձ, ապա դեռ շարունակում եմ մոռանալ հաց գնելը՝ տուն բարձրանալիս։ Ամեն ինչ գնալով հեռանում է իսկական բնույթից, ու վախենում եմ, որ ես էլ։

Իմ սիրելի օրագիր, ուզում եմ տուն վերադառնալ, որովհետև տատս շատ մաքուր է։ Տատիս ձեռքերն էնքան մաքուր են, որ քիչ է մնում ծնկեմ ու թույլ տամ ալյուրոտ ձեռքերով խառնի մազերս։
Մեր գյուղի տան մաքրությունից աչքերս ցավում են, թվում է՝ ուր որ է դուրս եմ գալու մի անկյունից ու գնամ բակում գանձեր որոնելու։
Գիտե՞ս ՝ տատիս մոտ ամեն ինչ էնքան մաքուր է, որ ես էլ եմ ուզում մաքրվել։
Այստեղ ուզում եմ գրել տատիս մասին։
Ուզում եմ, երբ վերադառնամ շորերս խնամքով հանի ու տաք ջրի մեջ մարմինս մաքրի մեծ ու փոքր վերքերից, որ քաղաքային փոշուց մրմռում են։ Նստեմ ու լսեմ կախարդական երկրի մասին, որը հաստատվել է  մեր բակի ջրի խողովակում։
Տատս իր ձեռքերում մսի գնդիկների պես կլորացնում ու կարգի է բերում ինձ։ Ու ինձ միշտ թվացել է, բոլորս էլ իմանում ենք տուն վերադառնալու իսկական ժամանակը։
Ես վերադառնում եմ տատիս ձեռքերին, երբ աչքերիս Շողակն երկրի կախարդական դարպասներն են։
Իմ սիրելի օրագիր, ես վախենում եմ բոլոր այն մարդկանցից, ում առաջին գիրքը «Դեկամերոն»-ը կամ  «Ոճիր և պատիժ»-ն է եղել։ Գիտե՞ս՝ խիստ աղջկական, ես շատ բաներից եմ վախենում։ Երբ փոքր էի, մեր գյուղի տան մութ սենյակներից էի փախչում ու կծկվում տատիս մոտ։ Հետո, այս կինը խոհանոցից դուրս եկավ` գոգնոցով ձեռքերը չորացնելով, բռնեց ձեռքս ու իսկական ասպետների պես անցանք երկհարկանի տան բոլոր մութ սենյակներով. իմ դեմքն ու ձեռքերը լույս տեսան։ Հիմա կուզեի, որ ամենամեծ վախս լիներ մութ սենյակներից, երկգլխանի հրեշներից ու բակում գանձեր չգտնելուց։

Իմ սիրելի օրագիր, ես վախենում եմ,որ երբ տուն վերադառնամ, այս լուսեղեն կինը տանը չլինի։

Իմ բառերն էլ նման են իր կիսալուսին թխուկներին․ երբ փոքր էի, խնդրում էի վառարանից հանել ու կիսահում ինձ տալ։ Իմ յուրաքանչյուր բառ խնդրանք է` տանը ինձ սպասելու կամ հավատարմության մեջ մնալու։

Իմ սիրելի օրագիր, ես քեզ չեմ կարող պատմել, թե ինչքան քաղցր է տուն վերադարձը։ Երբեմն այն բուրում է վարդի մուրաբայով, վանիլով, լվացքի հեղուկի կամ տանիքին կաթկթող անձրևի հոտով։
Տուն վերադարձը հաճախ ձգձգվում է դեպի նույն սարերը, որտեղ սիրտդ է, երկարում ու բարակում է։ Երբեմն գիշերներին թվում է, թե կտրվել ես կամ օտարացել։ Բայց այդ նույն գիշերներում էլ երազիդ հայտնվում է բահը ձեռքին մի աղջիկ ու տան յուրաքանչյուր անկյունից պատրաստվում է վազել դեպի բակ՝ գանձեր գտնելու ու հողեր փորելու։ Գիտե՞ս՝ տուն վերադարձը գալիս է հարազատ հոտերով ու ճիշտ ժամանակին, երբ անհրաժեշտություն կա հավաքվելու ու մսի գնդիկների պես կլորանալու հարազատ մեկի ձեռքերում։

Իմ սիրելի օրագիր, բարի լույս։