shushanik papazyan

«Իմ օրագրի անունը Կիտտի չէ»

Բարև իմ սիրելի օրագիր։ Կներես, որ երկար ժամանակ չէի գրում քեզ։ Հիշո՞ւմ ես, ամիսներ առաջ, երբ դեռ նոր էի սկսել քեզ գրելը, ասացի, որ իմ երկրում պատերազմ չկա, և քեզ անուն տալ չեմ կարող։
Իմ սիրելի օրագիր, ամեն բան հիմա գլխիվայր է` երկու ամիս է, ինչ պատերազմ է սկսվել։ Գիտե՞ս, այս պատերազմը ինձնից խլում է ամենավերջին նյարդերս։ Օրերս նկատեցի, որ մազարմատներս սպիտակել են, ու կարմիր ներկն էլ վաղուց անցել է։

Ուզում եմ քեզ անուն դնել, որովհետև երկար եմ գրելու ու հաճախ։ Մեզ մոտ հիմա գժվելու ժամանակներ են, ես էլ եթե չգրեմ, հնարավոր է գժվեմ։

Արդեն գրել եմ քեզ, որ ամիսներ առաջ տատիս ֆիզիկապես հրաժեշտ տվեցի։ Ժամանակ չեղավ քեզ ասելու, բայց հուղարկավորության հաջորդ օրը սկսվեց պատերազմը։

Կներես, որ էջերիցդ պատռել եմ ՝ չգիտեմ ինչպես գրել ու ինչի մասին։ Գիտե՞ս, դարձել եմ իսկական «ընկեր Շուշանիկ»։ Երկու օր առաջ երեխաներիս հետ գրկվեցինք, ասացի, որ Արցախ եմ գնում։ Շատ բան ունեմ պատմելու, կներես էլի, որ երկար-բարակ եմ գրելու։ Գլխումս ուտիճներ կան, ուզում եմ ազատվել, որ շուտ գնամ  երեխաներիս մոտ։ Գնալուս նախորդ օրը Երևանի ժամանակավոր կացարանում էի։ Առավոտյան տեսա, որ Անգելինայի պապան եկել էր։ Արևի տակ գրկված նստած էին։ Ուզեցի չխանգարել, չստացվեց։ Մեկ էլ․

- Ընկեր Շուշանիկ, հայրս է, նայեք։

Գիտես, չէ՞, սարսափելի ամաչել եմ՝ նայելու Անգելիս հոր աչքերին։ Ծանոթացանք, թեթև ժպտացի։ Ինքն էլ ասաց, թե մեծ գործ եմ անում։
Պատկերացնո՞ւմ ես։ Ինձ ահավոր կարևոր մարդ զգացի ու թվաց, թե էս 1․75 բոյս ավելի բարձրացավ։ Ամբողջ օրը մտածում էի՝ ինչքան հեշտ գործ ա մարդուն թևեր տալը։
Գիտե՞ս, չէ, կեսօրին ոգևորված էի ու դասից հետո ասացի, թե Արցախ եմ գնալու ՝ իրենց խելոք պահեն, մինչև գամ։ Դասարանիս մյուս Անգելինան ու մի քանիսը սպասեցին, որ դասն ավարտվի։ Եկան ու գրկվեցինք։ Անգելի մազերն էի շոյում, սկսեց հարցեր տալ, թե որ մասն եմ գնալու հատկապես։ Չասացի։ Չսպասեց էլ երկար մտածեմ, կարող է միտքս փոխեի ու ասեի։

-Ընկեր Շուշանիկ, որ Բերդաշեն գնաք, մեր տուն մտեք, էլի։ Պապայի նվիրած փայլուն բլոկնոտս թողել եմ էնտեղ, վերցրեք ու բերեք։

Գիտես, չէ՞, քարացել էի ու զգացի, որ դադարել էի մազեր շոյելը։ Ինձ արդեն գիտես՝ թեմաներն արագ եմ փոխում։ Բայց չկարողացա։ Պայմանավորվեցինք, որ մանրամասն նկարագրի օրագիրը, որ նմանը գտնեմ ու իրեն նվիրեմ։

Երեկոյան կողմ կրկին բարձրացա դասարան, տեսնեմ` մի քանիսը իրար խառնված փսփսում են։ Գիտես, չէ՞,  ինչ իմացա։ Հիմա ասեմ։

Ամենաուշը մինչև երեքշաբթի, երբ վերադարձած լինեմ Երևան՝ դասարանս «բարի գալուստ»-ի երեկո է կազմակերպելու։ Մի խոսքով, էլի ինձ լացացնելու են։
Նախորդ օրվա հետ կապված էլ կարևոր իրադարձություններ չկան։ Գիտես, չէ՞, հենց նորից հանգստյան օր վերցնեմ, քեզ շատ բաներ կպատմեմ։ Դրանք մի քիչ ուրախ են, պատմելիս էլ կարող եմ թեթև ժպտալ։

Իմ սիրելի օրագիր, կներես, որ էջերդ թացացնում եմ։ Փորձում եմ հավաքվել, որ նկարագրեմ, թե ինչ եմ տեսել Արցախի Շահումյանի շրջանում այս ուրբաթ։

Երկար-բարակ եմ գրելու, որ թեթևանամ մի քիչ։ Այսօր շաբաթ է, Երևանում էի, «գործով իջել էի կենտրոն»։ Մի կարգին նյարդայնացել եմ։ Գիտես, չէ՞, էստեղ պատերազմի մասին շատ թեթև պատկերացումներ կան։ Օրերս, երբ հոգնածությունից լացս գալիս էր, թվում էր, թե զգացածս ամենաբնութագրողն է էս ժամանակներում։ Բայց ուրբաթ առավոտից շատ բան փոխվեց։
Մի քանի ժամ ճանապարհ կտրեցինք։ Քարվաճառ տանող  ճանապարհին կանգնել էինք գրեթե կես ժամ։  Մեր միկրոավտոբուսում հայրենասիրական ինչ-որ երգ էր, ես կիսաքնած էի։ Դրսում ուժեղ մառախուղ էր, զինվորական մեքենաները զգուշությամբ անցնում էին մեր կողքով։ Պատուհանից դուրս մի քանի հայացք հասցրի որսալ` ջահել զինվորականներ էին, կանգ էին առել, սիգարետ էին ծխում ու նայում հաց տեղափոխող բեռնատարների հետևից։

Գիտե՞ս, մտածում էի՝ հիմա բառեր կան, որ ասեմ կամ գրեմ։ Բայց քեզ գրելիս մտքիս մի բան եկավ։ Ոնց որ ամենատխուր ֆիլմից կադր լիներ՝ բեռնատար մեքենայով զինվորական հագած տղամարդը տանում էր տան դռները, պատուհանները, մի քանի պահարան ու էլ չհասցրի տեսնեմ։ Դռների դեղին գույնն եմ ֆիքսել։

Գիտե՞ս, սարսափելի ամաչեցի։ Որովհետև օրեր առաջ, երբ երեխաներիս հետ խոսում էի, ասացի, որ հասկանում եմ՝  ինչ են զգում տուն կորցնելիս։ Ոչ մի բան էլ չէի հասկանում։ Խաթարված երթևեկում կամաց-կամաց սկսեցի չուզելով հասկանալ։ Փորձում էի արցունքախառը  թեթև ժպտալ կանգնածներին, քիչ էր մնում իջնեի ու սիգարետ ուզեի՝ միասին նստեինք թաց խոտին ու մեջքով լինեինք պատերազմին․ մեքենաներին նայեինք, բայց մառախուղ լիներ՝ ոչ մի բան չֆիքսեինք։

Իմ սիրելի օրագիր, ես շատ էի կարդացել, որ սպասումը լինում է երկար։ Բայց էս սպասման մասին ոչ մի տեղ չի եղել, ու ես սարսափելի ափսոսում եմ, որ ոչ մի տեղ չգիտեն՝ ինչպես չընկնել խցանման մեջ։ Մանավանդ, որ ինչ ասես, որ չես տեսնում էդ ընթացքում։

Եղեգնուտ գյուղով էինք անցնում։ Բացել կարդացել էի` կարգին էլ գյուղ էր։ Մի քանի տներ արագ աչքիս առաջ հայտնվեցին՝ կեսը դեռ ծխում էին։ Հավանաբար նոր էին հրկիզել։ Պատկերացնո՞ւմ ես, մարդիկ սեփական ձեռքերով այրում են իրենց տները ու մի կողմի քաշված ՝ առանց ողբի հեծկլտում։  Զինվորականները պատուհաններից իրեր էին տեղավորում բեռնատարներում։ Լացս դեռ չէր կտրվել, չգիտեի՝ ինչ անել։ Մեքենան լուռ անցնում էր լքված ու այրված քարաշեն տների կողքով։ Մեկ էլ, գիտե՞ս ինչ տեսա։ Դրսում լվացք փռած ու երթիկից ծուխ դուրս եկող տուն։ Ձեռքով դեմքս փակեցի ու հեծկլտացի։ Չմեղադրես ինձ, ես չգիտեի` ինչ անել։ Ամեն քայլափոխի զինվորականներ էին, որ ինչ-որ գործով էին զբաղված։ Մեծահասակները մի կողմի սիգարետ էին ծխում, իսկ ջահելները աշխատում էին։  Մոտենում էինք «Կուսանաց» անտառին։ Երևի մինչև  այս տողերը գրելս, ոչինչ չմնա անտառից։
Հաստատ դրսում ցուրտ էր։ Միայն շապիկով զինվորականները կացիններով ծառեր էին կտրում։ Սկզբից մտածեցի, որ բնությունը մեղք չունի ՝ ինչի են վնասում։ Հետո նկատեցի, որ շիվեր են թողնում տեղ-տեղ, որ կրկին աճեն։ Պատկերացնո՞ւմ ես, զինվորականն, ով երկու ամիս կյանք ու մահի կռիվ է տվել, հիմա իր հայրենիքից ստիպված է վառելիքի համար փայտ տանել։ Ես չէի պատկերացնի, մինչև չծանոթացա ու աչքովս չտեսա։ Նորից ստիպված էինք կանգնել՝ գառների մեծ հոտ էր անցնում ճանապարհով։ Չգիտեմ՝ ուր էին քշում հովվուհիները։ Երկու շուն հետևում էր հոտը վերջից, հովվուհիները գլուխները կախ մայթին էին նայում։ Երևի, գառներից մեկը պակասեր` չէին նկատի, մինչև շան հաչոցը չլսվեր։ Որովհետև մտքերն ուրիշ տեղ էին, գուցե արդեն Նոր տարվա սեղանին ՝ հարմարավետ տանը, ամբողջ ընտանիքով։

Իմ սիրելի օրագիր, ես պատմում եմ իմ ամենավատ մղձավանջը։ Երկու ամիս առաջ սարսափելի ֆիլմ սկսվեց, այն, ինչ հիմա գրում եմ, ֆիլմի ամենատխուր հատվածներն են։ Չմտածես գրում եմ ՝ չմոռանամ։ Ինձ բռնեցրել եմ այն մտքի վրա, որ տեսածներս ու լսածս մոռացության տալ չեմ կարող։

Կներես ինձ չափազանց երկար խոսելուս համար՝ հիմա ժամանակներ են, երբ ինձ լսող ու հասկացող է պետք։  Այսօր չեմ կարող շարունակել պատմելս։ Կգրեմ հնարավորինս շուտ։ Գիտե՞ս, այս բոլոր մտապատկերները ինձ գալիս են գիշերով, կարծես մեկը բթամատով ինձ է դիպչում անընդհատ։ Ես ուզում եմ շատ մանրամասներով պատմել քեզ, որովհետև տատս ասում էր, որ ինձ մոտ գրելը լավ է ստացվում։ Հիմա միայն դա է մնացել։

Իմ սիրելի օրագիր, մոռացա նշել, մազերս եմ կտրել։ Սարսափելի նյարդային եմ դարձել, տատիս եմ կարոտում ու քաղց եմ զգում։

Իմ սիրելի օրագիր, ես հնարավորինս շուտ կշարունակեմ քեզ գրել։