Anahit Badalyan

Իմ օֆլայն մանկությունը

Վերջին շրջանում կարևոր ու անկարևոր ամեն ինչի՝ օնլայն հարթակ տեղափոխվելը ապրած «օֆլայն» կյանքը վերանայելու առիթ է տալիս ավելի, քան երբևէ։

Ամենակարևոր ժողովները, հանդիպումները մարդիկ հաջողում են իրականացնել իրենց տներից՝ էլի պաշտոնական, էլի պատրաստված։ Համերգներ են տեղի ունենում օնլայն, արտիստները իրենց տան երաժշտական անկյուններից եթեր են մտնում իրենց հեռուստադիտողների համար։ Ի վերջո, կրթությունն անցավ օնլայն տիրույթ, zoom-ից օգտվել սովորեցին բոլորիս սիրելի ու միշտ հարազատ «40 տարվա մանկավարժներն» անգամ։ Ու երևի սկսեցինք կարոտել․․․

Սկսեցինք կարոտել դպրոցի ճանապարհից հոգնելը, պարապմունքներից չուշանալու համար հաց ուտել չհասցնելը, սկսեցինք մոռանալ շաբաթվա օրերը, կամ գուցե չմոռացանք, ուղղակի դրանք բոլորը սկսեցին նույնը թվալ՝ առավոտ-համակարգիչ-գիշեր ոչ նախանձելի գրաֆիկով։ Էս ամենի ժամանակ ամեն մեկս երևի հասկանում ենք՝ ինչքանով ենք սովոր էս օնլայն իրականությանը կամ ինչքանով է դա խորթ մեզ։

Իմ սերունդը էն հետաքրքիրներից է։ Մենք երևի վերջիններն էինք, որոնց մանկությունն անցավ «հողերով խաղալով»։ Երևի վերջիններից էինք, ում պատժելու համար կզրկեին բակ իջնելուց, այլ ոչ թե համակարգչից կամ հեռախոսից։ Երևի վերջինն էինք, որ անհամբեր սպասում էինք ինչ-որ տարիքի՝ ծնողներից հեծանիվ խնդրելու համար, այնինչ հիմա ինչ-որ տարիք կա, որից հետո երեխաները «կարող են» ինստագրամ կամ ֆեյսբուք բացել։

Իմ մանկության ամենասիրուն հուշերում ես տատիկիս տանն եմ։ Ես նստած եմ պապիկիս այգում ու սրտատրոփ սպասում եմ, որ պապիկս ինձ մի գործ վստահի, մի հանձնարարություն տա։ Ես նայում եմ պապիկիս, որը աշխարհի ամենաանկեղծ ու սիրուն խնամքով ջրում է լոբին, վարունգն ու կանաչին, որը կոկիկ ցանում է բանջարեղենն ու բոլորից ոգևորված սպասում ռեհանի աճելուն։ Որովհետև ռեհանն իմ սիրելին է բոլոր կանաչիներից։ Ես նայում եմ տատիկիս, որը պոկում է պապիկիս տնկած բազմերանգ վարդերը ու ինձ տալու համար ազատում դրանք փշերից։ Նայում եմ հավերին, որոնց համար միշտ ուզում էի խոտ հավաքել, բայց տատիկս ասում էր՝ քեզ ավելի լավ գործ կտամ։ Ես նայում էի այգու կտուրին, որի վերանորոգմանը ներկա էինք ես ու պապիկս, ու որն այդքան ամուր է, սիրուն ու անթերի, որովհետև պապիկս իր ձեռքերով վերամշակել է մեր հին պատշգամբի շինանյութերն ու կտուր շինել։ Նայում եմ մանուշակներին։ Ես գտնում եմ իմ սիրած զբաղմունքն ու հետագայում ամբողջ կյանքիս ամենասիրելի դառնալիք ծաղիկը։ Ես փնջում եմ մանուշակներն իմ փոքր ձեռքում ու հասկանում, որ քանի դեռ տատիկիս ձեռքի փունջը համաչափ ու ճոխ է այնչափ, ես դեռ երկար ճամփա ունեմ մինչև իդեալականությունը։ Մի քիչ հոգնելուց հետո ես ուզում եմ այգու առաջնամասից իջնել ու միանալ տատիկիս։ Բայց փոքր կածանը վախենում եմ անցնել, որովհետև թեք է մի քիչ։ Ես գալիս եմ պապիկիս այգի հաջորդ ուրբաթ ու տեսնում եմ պապիկիս սարքած փայտե աստիճանները կածանի վրա։ Ես ժպտում եմ ու էդ ժամանակ երևի դեռ էնքան գիտակից չեմ լինում, որ կարողանամ ամբողջովին զգալ սիրված լինելուս աստիճանը։ Ես նստում եմ ավտոբուս ու իմ ձեռքին մի շատ ծանր տոպրակ է։ Տատիկս մեզ համար այգուց քաղած բանջարեղեն ու հավերի թարմ ձու է դրել։ Ես վարվում եմ տոպրակի հետ ամենայն զգուշությամբ, ու մենք հաջորդ օրը պարտադիր ձվածեղ ենք ուտում, որովհետև չէր կարելի աղբը նետել իմ՝ տան ճանապարհին պատահմամբ ջարդած ձվերը։

Երկրորդ դասարանում ես մերոնց ասում եմ, որ էլ կարիք չկա ավտոբուսով տուն վերադառնալու, որ ես կկարողանամ մենակ ոտքով տուն հասնել։ Ու քանի որ մեր տունը հեռու էր դպրոցից, մերոնք որոշում են իրենց անհանգստությունը փարատելու ու իմ՝ էս շատ լուրջ որոշումը հարգելու համար ինձ հեռախոս տալ։ Դպրոցում պետք չէր՝ իմանային, որ ես հեռախոս ունեմ։ Դասարանում քչերն ունեին, ու համ էլ խիստ է, կբարկանան։ Բայց ես պիտի անպայման ունենայի, որ դասերն ավատելիս ու հետո արդեն տան ճանապարհին պարբերաբար մամային զանգեի։ Նույն սկզբունքով ես որոշեցի ոտքով գնալ նաև երաժշտական դպրոց, ու հեռախոսը դարձավ անհրաժեշտություն։ Իմ առաջին հեռախոսը միշտ իմ հիշողության մեջ կլինի։ Ես երբևէ չեմ մոռանա արծաթագույն էդ սարքի զնգոցն ու ձայնը։ Չեմ մոռանա և այն, որ առաջին անգամ դպրոց տանելիս մաման մի քանի տասնյակ անգամ զգուշացրեց՝ դպրոցում հեռախոսդ պայուսակից չես հանում, հենց հիմա էլ անջատիր, որ դասերի ժամանակ անջատված լինի։ Կհանես երբ դասերը կավարտվեն ու դպրոցից արդեն դուրս կգաս։ Կզանգես ինձ, գրիր համարս։ Իմ բացովի-փակովի գաղտնի ընկերն ինձ հետ մնաց մի քանի տարի։ Ես ձեռք բերեցի մեկ այլ հեռախոս չորրորդ թե հինգերորդ դասարանում։ Էս մյուս հեռախոսիս ընձեռած հնարավորություններն անհամեմատ ավելի շատ էին։ Ես կարող էի երգեր ներբեռնել․ իմ սիրած երգերը։ Ավելի ճիշտ ես չէ, ես հեռախոսս տանում էի մեր դպրոցի մոտակա հեռախոսների վերանորոգման կետ ու աշխատողին խնդրում ներբեռնել իմ սիրած երգերը։ Մի երգի համար վճարում էի հիսուն դրամ։

Ութերորդ դասարանում ես ստացա իմ առաջին աշխատավարձը։ Կրթական կենտրոնում ամառվա ընթացքում լրագրողական գործունեություն ծավալելուց հետո ես 50000-ին մոտ գումարով պարգևատրվեցի։ Ու որովհետև աշխարհում ինձ համար չկար իմ աշխատածով վաստակածից ավելի թանկարժեք ոչինչ, մաման առաջարկեց էս փողով ինձ համար մի սիմվոլիկ բան գնել։

Էսպես տեղի ունեցավ իմ ու իմ առաջին «սենսորով» հեռախոսի հանդիպումը։ 13 տարեկան Անահիտը մի լավ տնտղել էր հայկական շուկան՝ ամենամատչելի ու բազմաֆունկցիոնալ մոդելը գտնելու։ Մի բան հաստատ էր․ իմ աշխատած փողին մերոնք ոչինչ չպիտի ավելացնեին։

ԱմենաԻՄ հեռախոսն իմ կողքին եղավ մինչև այն պահը, երբ վիդեոքոլը կենսական կարևորություն ստացավ։ Մինչև այն պահը, երբ ինձ պետք էր մի փոքր ավելի արագ աշխատող մոդել։ Մինչև Իտալիա գնալս։ Էնպիսի տարօրինակ ձևով չէի ուզում հրաժարվել էդ հեռախոսիցս։ Մեծ հաշվով շատ բան չէր անում։ Արդեն նորմալ չէր աշխատում, վերբեռնելը նույնիսկ արդյունավետ չէր, բոլոր կետերում ասում էին՝ դե սարքելու տեղը կարաս մի հատ նորը առնես։ Շա՜տ սիրուն զանգեր է լսել իմ այս հեռախոսը։ Իմ ընկնող, բայց չկոտրվող ընկերը․․․

Չէ, էստեղ չենք հավաքվել իմ հեռախոսների ժամանակագրությունը քննարկելու համար (ինչքան էլ որ հնարավոր է՝ էդպես թվաց): Ես ուզում եմ ձեզ ցույց տալ՝ ինչքան հնարավոր, իրական ու լավն է եղել կյանքը մինչև օնլայն դառնալը։

Ընկերներն իրար հանդիպում ու գտնում էին բակում, դպրոցում կամ համալսարանում։ Դառնում էին մանկության ընկերներ ու մեծանալիս հիշում՝ ոնց են փոքր ժամանակ իրար վարդավառի օրը ջրել, պախկվոցիի ժամանակ ընկերասեր լինելով իրար «չթքել» ու իրար հետ եղել մի՛շտ։

Հարևաններն իրար սուրճ խմելու էին հրավիրում «պատը թակելով»։ Դա շա՜տ ծանոթ ու ոչնչի հետ չշփոթվող թակոց էր։ Մրգի՝ սեղանին լինելու ու սուրճի եռալու թակոցը։

Սերերն էլ էին իրար դպրոցում, համալսարանում կամ գուցե բակում գտնում։ Գտնում էին մոտիկ ընկերոջ ծնունդի կամ ինչ-որ մրցույթի ժամանակ։ Էն ամենագզգզված ու անսպասելի պահերին գուցե։ Առաջին հանդիպման ժամանակ իրար չնկատելով կամ հենց առաջին հանդիպումից՝ «ինքն ա, վերջ»-ով գուցե։

Տատիկս ասում է՝ ինչ լավ ա՝ էս անտերն էլ կա, քեզ տեսնում եմ, ձենդ լսում եմ, ջիգյար։ Անտերը հեռախոսն է։ Բայց լավ է, որ կա, որովհետև ինչ-որ պահի չեզոքացնում է տատիկիս մտահոգությունը, որ ես գուցե նորմալ չեմ սնվում, նիհարել եմ կամ գույնս գցել։

Ես չգիտեմ՝ էդ «անտերի» լինելն ինչքանով է լավ։ Չգիտեմ՝ ինչքանով եմ սիրում էդ անտերի գայությունը ընդհանրապես։ Ես կուզեի արթնանալ ու ապրել օրս առանց հեռախոսի, համակարգչի, էնպես սովորական, ոնց եղել է երկրորդ դասարանցի Անահիտի համար։ Ես կուզեի երբեք չմտածել, որ ամենահարազատ ու սիրելի մարդկանց բացակայությունը մի քիչ պակասեցնելու համար ես պիտի գրպանումս ման տամ հեռախոսը։ Ես կուզեի էնպես լիներ, ոնց առաջ էր։

Բայց ուզելը քիչ է։ Պատահում է, որ ես ինձ իսկապես «հին» եմ զգում, որովհետև գիտակցում եմ, որ սոցիալական ցանցերի մասին ինֆորմացվածությանս մակարդակով անասելի շատ զիջում եմ ինձնից շա՜տ փոքրերին։

Լիքը մամաներ իրենց բալիկների սիրուն երգերը կամ պարերը դնում են իրենց էջում ու ցույց տալիս բոլորին։ Բայց իմ մանկությունը, հա, ավելի սիրուն է եղել անգամ էն դեպքում, երբ ամեն պահի «լայվ» մտնելու հնարավորություն չկար։ Իմ մաման էն ժամանակների ապարատով իմ ու քույրիկիս բոլոր հանդեսները նկարել է, նկարել է մեզ Ձմեռ Պապիկի ու Ձյունանուշիկի հետ, տանը, զբոսանքների ժամանակ կամ ընկերական հավաքույթների ընթացքում։ Մենք ճանաչում ենք մեր փոքրիկ եսերը՝ ալբոմների էջերը թերթելով։ Մենք մեր հյուրերին դեռ ցույց ենք տալիս մեր մանկության ալբոմներն ու էդպես ժամանակ ձգում, մինչև մաման խոհանոցում վերջացնի, գա։ Մենք ունենք մե՛ր մանկությունը, որը միայն մերն է եղել ու որը մենք կարող ենք որոշել՝ ցույց տա՞լ ամբողջ աշխարհին, թե՞ չէ։

Ես ապրել եմ «օֆլայն», ու երանի այն ժամանակներին, երբ մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ մի օր իմ ամենաբնականոն թվացող մանկությունը համեմատելու եմ ժամանակի իրականության հետ՝ դրա իրական լինելն ընդգծելու համար այն «օֆլայն» կոչելով։