Իմ և տատիկիս անկեղծ զրույցը

Ես որոշեցի իմ առաջին հարցազրույցը վարել տատիկիս հետ: Տատս` Ջուլիետա Բարսեղյանը,  ապրելով 60 տարի, ձեռք է բերել կյանքի փորձ և շատ սիրով պատասխանեց իմ հարցերին:

-Տատիկ դուք կպատասխանե՞ք իմ հարցերին:

Տատս ժպտաց և գլխով արեց` ի նշան համաձայնության:

-Ինչպես է անցել ձեր երիտասարդությունը:

-Ես ծնվել և մեծացել եմ Գետափ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ մանկավարժական տեխնիկում: Այդ անհոգ ու երջանիկ տարիներին, երբ Երևան էի գնում դասերի, հանդիպեցի իմ կյանքի ասպետին: Մի երկու խոսք փոխանակելուց հետո համակրեցինք իրար, սկսեցինք հաճախակի հանդիպել և ամուսնացանք: Ամուսինս` քո պապը, Արտաշատից էր: Ավարտելով շինարարական տեխնիկումը ուղարկել էին Եղեգնաձոր մի տարի պարտադիր աշխատանքի`դիպլոմայինը պաշտպանելու համար: Ամուսնանալուց հետո ամուսինս մնաց և ապրեց Եղեգնաձորում, ես էլ թերի թողնելով ուսումս, մնացի ամուսնուս կողքին:

-Ինչպե՞ս էր ձեր կյանքը 20 տարի առաջ:

-20 տարի առաջ ես եղել եմ շատ երջանիկ, ապրել եմ ազատ`ընտանիքիս հետ միասին: Իմ շրջակայքում չի եղել այսքան շերտավորման հզոր ալիք և չի եղել պանդխտության ճամփան բռնած հայորդիների հոսքը: Ամուսինս եղել է օրինակելի հայր ընտանքիս համար, երեխաներս լավ են սովորել, եղել են դաստիարակված, շրջապատված եմ եղել լավ ընկերներով և բարեկամներով, ու կարծես ինձ համար հոգս չի եղել:

-Ինչպիսի՞ն է ձեր կյանքը հիմա:

-Ես ունեմ երեք երեխա, որոնցից երկուսը գտնվում են ՌԴ-ում: Ամեն տարի ամռանը աղջիկս ընտանիքով գալիս է Հայաստան: Իսկ տղաս գալ չի կարողանում` նյութական վիճակի պատճառով: Մենք` մայրերս, կարոտ աչքերով ու տարակուսանքով, աչքներս ճամփեքին հառած սպասում ենք մեր որդիների գալստյանը, որոնք մի պատառ հացի համար թողել են իրենց հայրենիքն ու ծնողներին և դեգերում են օտար ափերում:

-Ինչպիսի՞ն է այժմյան երիտասարդությունը:

-Այլ է հիմա: Երիտասարդությունը շատ ազատ է, ունի ազատ ընտրելու իրավունք` յուրաքանչյուր ոլորտում: Բայց նաև շատ է խաբեությունը, դավաճանությունը, շահախնդիր ամուսնությունը, մեծերի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքը:

Այժմյան երիտասարդությունը «ազատությունը» չհասկացավ ինչպես տնօրինել: Երիտասարդները  ամենուրեք  ձգտեցին փողի, ծախեցին իրենց սերն ու հոգին, մոռանալով մայր ու հայրենիք: Եվ այդտեղից էլ հետևություն, որ հարստությունը կկուրացնի այժմյան երիտասարդությանը, և որդին կուրանա մորը:

-Ինչպե՞ս եք պատկերացնում հետոն:

-Հետոն ես երբեք պատկերացնել չեմ կարող, որովհետև հայրենիքում մնացել ենք մի բուռ ծերեր, և մի քանի ջահելներ, ովքեր զոհվում են չհայտարարված պատերազմում: Դառն է կյանքը այս պահին, ամենուրեք պանդխտություն, լաց ու կոծ, վիշտ ու ամոք: Այսքանից հետո ինչպե՞ս երազել ապագան: Եթե այսպես շարունակվի, ծերացած ու տարաբախտ ծնողները ամենուրեք փողոցներում թափված, հիվանդ ու մոլոր կանցկացնեն իրենց կյանքի վերջին տարիները: