Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Մարիամ Բարսեղյան

Ամեն անգամ, երբ 17․am-ի մասին ինչ-որ մեկին փորձում եմ պատմել, հաճախ ինձ թվում է, թե ես ինքս իմ մասին եմ խոսում։ Գիտե՞ք, դա նման է սեփական կյանքի ամենագողտրիկ գաղտնիքներով կիսվելուն։ Քեզ մոտ էլ է եղել, չէ՞, որ երթուղայինում նստած մտքերով ընկնես ու բացես հեռախոսի Note-երը` դրանք արագ գրի առնելու համար, որպեսզի հանկարծ չմոռանաս։ Հետո այդ note-երը «Երբեք չուղարկվող» նամակներ դարձան, որոնք միայն 17-ի հետ կարող էի կիսել։ Այս տարիների ընթացքում 17.am-ը իր գրկում պահեց ոչ միայն իմ, այլ նաև իմ հերոսների փխրուն և հարազատ հուշերը։ Սիրային պատմություններ, երկրաշարժից մնացած վախեր ու նոր գաղափարներով լցված մտքեր, որոնցով մենք՝ ես ու 17.am-ը, ոգեշնչվում ենք։ 

Եթե ինձ հարցնեք, թե ինչ նշանակություն ունենք մենք իրար համար, թե ինչ ենք միմյանց տալիս, ես ամեն անգամ նոր պատասխան կտամ։ Որովհետև 17-ը ամեն օր իմ առջև նոր դռներ է բացում։ Ես այստեղ վախեր եմ հաղթահարում և երազանքներ իրագործում։

Գիտե՞ք, առանձին Մարիամը բավականին խելոք, միամիտ աղջիկ  է Վանաձոր քաղաքից։ Իսկ 17․am-հետ Մարիամը դառնում է ուժեղ, համարձակ, ով չի վախենում բացել իր երազանքների կազմակերպության դռները և հարցազրույց վերցնել: Աղջիկ, ով բաց է նոր գաղափարների առաջ և համարձակորեն փորձում է կյանքից վերցնել ցանկացած նոր հնարավորություն։ Եվ դրա մասին փաստում է այսօր Սլովակիայում լինելս։ Ու կարևոր ձեռքբերումներից մեկն էլ իմ ընկերներն են։ Այդ թվում` Աննան, Զարէն, Սուրենը, Դավիթը, ովքեր հենց հիմա դիմացս նստած պատրաստվում են կիսել Աննայի մայրիկի թխած գաթան։ Դրա համար ես պետք է շտապեմ։ Դե, հասկանում եք՝ մենք էլ ենք այսօր ծնունդ նշում։

Շնորհավոր մեր տարեդարձը։