mariam tonoyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Մարիամ Տոնոյան

Հաջողակ թիվ է 17-ը։ Այն հաջողակ է իմ և 17.am-ի մնացած թղթակիցների համար։ Հիմա, երբ կարծես հասկանում եմ, թե ինչ կարևոր դեր ունի իմ կյանքում 17.am-ը (որն իհարկե պարզապես կայք չէ, որտեղ հրապարակվում են երիտասարդների ակնարկներն ու հոդվածները), մի պահ ափսոսում եմ, որ իմ ապրած 17 տարիներից դեռ միայն երկուսն եմ նվիրել այս կայքին թղթակցելուն։ Ինչո՞ւ։

Մի պահ պատկերացրեք: Դուք հետաքրքրված եք, անտարբեր չեք ձեր շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ, ունեք քննադատական, վերլուծական մտածողություն, սիրում եք ստեղծագործել, զգում եք, որ ձեր առաքելությունը ոչ միայն կյանքը ապրելը, տեսնելն ու հասկանալն է, այլ նաև այն բարելավելը, ինչ-որ բան դեպի լավը շարժելը, այդ գործում շատերին ներգրավելն է՝ արածի, տեսածի մասին բարձրաձայնելով։ Ու հանկարծ ձեր կյանքում կախարդանքի պես մի բան է կատարվում: Ձեր մտքով անցած բոլոր պլանների համար պարարտ հող է առաջարկվում, որ ծաղկեցնեք, բազմացնեք, իրագործեք ու տարածեք ձեր մտահղացումները։ Դուք ամեն քայլափոխի սովորում եք մի նոր բան, ամեն սովորածը կիրառում եք գործնականում: Դուք ուզեք, թե չուզեք, դառնում եք ակտիվ քաղաքացիական հասարակության անդամ, աստիճանաբար ձեր կարծիքի հետ մարդիկ հաշվի են նստում, և ի վերջո դուք հասնում եք ձեր ուզած փոփոխությանը։ 

Մեկ այլ անբացատրելի զգացում է, երբ ձեր գրած հոդվածներին, ակնարկներին, առհասարակ ձեր մտքերին արձագանքում են ընթերցողները։ Ոմանք օգտակար քննադատությամբ են հանդես գալիս, ոմանք համաձայնում են ձեր կարծիքի հետ, ոմանք էլ ձեր իսկ տողերը բացատրում են ավելի խորությամբ, ավելի հետաքրքիր ենթատեքստով, քան դուք էիք գրելիս փորձել փոխանցել։ Գրելով դուք հասկանում եք ձեզ, գիտակցում, թե ինչ է ձեր ուզածը, ձեր մտածելակերպի եզրերն ընդլայնվում են, իսկ արտահայտվելու կոմպլեքսները՝ աստիճանաբար վերանում։

Դուք ունեք հնարավորություն կարդալու ձեր հասակակիցների նյութերը, մեդիա ճամբարների ժամանակ հանդիպել Հայաստանի բոլոր մարզերից շա՜տ խելացի մարդկանց հետ։ Գուցե անհավատալի թվա, բայց իրո՜ք, 17.am-ի թղթակիցները Հայաստանի ամենախելացի, ամենանպատակասլաց, ամենաբազմակողմանի զարգացած երիտասարդներն են, որոնցից միշտ կարելի է մի նոր բան սովորել, միշտ հպարտանալ նրանց ցանկացած ձեռքբերմամբ, և ինչն ամենահաճախ ուրախացնում է ինձ՝ հանդիպել 17-ի այն թղթակիցներին, որոնց միայն լուսանկարով եք տեսել, բայց լավ ծանոթ եք նրանց հոդվածներին ու արդեն մի ներքին կապվածություն եք զգում դեպի նրանք։ Փորձը ցույց է տվել, որ դա ամուր ընկերության սկիզբն է։

Բացելով 17.am կայքը, դուք տեսնում եք ֆոտոշարքեր, հոդվածներ, ֆիլմեր, թվում է, թե սովորական կայք է, ոչնչով այլ կայքերից չտարբերվող, բայց այդ ամենից անդին, կայքի վարագույրից այն կողմ 17.am-ը, «Մանանա» կենտրոնը իր անձնակազմով, իր թղթակիցներով մի մե՜ծ ընտանիք է։

Պատկերացրեցի՞ք։ Հաճելի է, չէ՞։ Իսկ այսօր մեր 17.am-ը 5 տարեկան է։ Շնորհավորանքներս բոլորիս։