anna gasparyan aragats

Ինգան

Նրա անունը Ինգա է, 15 տարեկան է, սովորում է 6-րդ դասարանում: Այն նույն դպրոցում, որտեղ սովորում եմ նաև ես: Նա ունի 3 քույր և 1 եղբայր: Քույրերից մեկը կաղում է: Նրա ընտանիքը սոցիալապես անապահով է: Մինչև վերջերս ապրում էին ավտոտնակում՝ համարյա անասունների հետ կողք կողքի: Եղբայրն ու հայրը զբաղվում են անասնապահությամբ: Նրա ընտանիքին օգնում է World Vision կազմակերպությունը: Եղբայրս նույնպես Ինգայի դասարանից է, բայց խուսափում է նրա մասին խոսելուց:

Ինգան հաճախ դասերին չի ներկայանում, որովհետև նրա ծնողները թույլ չեն տալիս: Տան աշխատանքը երբեմն ավելի կարևոր է, քան երեխայի ուսումը: Երբեմն էլ չի հաճախում, որովհետև չունի հագուստ, կամ էլ իրեն մեկուսացած է զգում: Բայց երբ Ինգան օրերից մի օր գալիս է դասի, դասընկերներն անտեսում են նրան, հետը չեն շփվում, սկսում են ծաղրել: Վատն այն է, որ մյուս դասարանի աշակերտներն էլ չեն շփվում նրա հետ: Ինգան ինքն էլ իրեն հեռու է պահում մյուսներից: Դասընկերները նրան ասում են, որ հեռու մնա: Երբ հարցրի, թե ինչու չեն ուզում շփվել Ինգայի հետ, ինչու են հեռու պահում իրենց, ակնկալում էի լսել գոնե մեկ պատասխան, բայց ոչ ոք ոչինչ չպատասխանեց: Երբ դուրս եկա դասարանից, Ինգայի դասընկերներից մեկն ասաց, որ նրա հետ շփվելու պատճառ չունի: Մի աղջիկ էլ ասաց, որ ինքը չի շփվում «ծույլիկ» մարդկանց հետ: Երբ դպրոցում տեսնում եմ Ինգային, նա միշտ իր քույրիկի հետ է, այլ ոչ թե դասընկերների: Իսկ ես նրա հետ շփվում եմ այնպես, ինչպես իր մյուս դասընկերների: Կարող եմ ասել, որ նա շատ բարի է ու հոգատար իր քույրերի հանդեպ: Ուսուցիչներն էլ են նրան վատ վերաբերվում, սկսում են փնովել նրան, վիրավորել դասընկերների մոտ, քանի որ նա դասերին անպատրաստ է ներկայանում:
Եղբայրս ասում է, որ դասընկերներից ոչ մեկը չի ցանկանում դասի ժամին նստել նրա կողքին: Նրա ձեռքից ոչ մեկը ոչինչ չի վերցնում՝ պատճառաբանելով, որ փնթի է: Չնայած դրան՝ նա շատ գեղեցիկ է նկարում և ունի գեղեցիկ ձեռագիր: Հուսով եմ, որ օրերից մի օր Ինգայի բոլոր լավ կողմերն ու տաղանդները կբացահայտվեն: