lilit grigoryan

Ինձ պետք չեն գիշերները

Առավոտյան արթնանալով հասկանում ես, որ քո գիշերը քեզ իր մթության հետ չի տարել: Հասկանում ես, որ քեզ նորից սպասում են 18-19 ժամեր, որ այսօր էլ պիտի մի քանի քայլով մոտենաս նպատակներիդ, որ պիտի այսօր էլ մի բան բացահայտես, սովորես: Բայց այն, թե ինչպես ես սկսում առավոտը, շատ կարևոր է: Շատերը զարթուցիչի օգնությանն են դիմում ու արագ պատրաստվելով՝ սկսում գործը՝ տեղի չտալով տրամադրությանը: Բայց իրականում այդ շատերից բացի կա նաև մեկ այլ խումբ, որ անպայման կիսասթափ ուղեղով օրը սկսում է աչքերը բացելուն պես ունեցած տրամադրությունից:

Հաճախ եմ տրամադրության անկմամբ սկսում առավոտը: Հաճախ չէ, միշտ է այդպես: Երբ աչքերս բաց եմ անում, առաջինն այն է մտքիս գալիս, թե ինչ կարևոր բան կա անելու այդ օրը: Գնալ դպրոց ու հետ գալ տո՞ւն միայն, թե՞ դրանից բացի մասնացնել ինչ-որ ծրագրի կամ ավելի հետաքրքիր բան ունենալ անելու: Շաբաթ ու կիրակի օրերին ավելի ցածր տրամադրություն եմ ունենում, որովհետև դրանք հանգստի օրեր են, իսկ ես ատում եմ հանգիստ կոչվածը: Հաճախ կամ ամեն առավոտ արթնանում եմ համրի պես: Ցանկություն բացառապես չի լինում խոսելու ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ: Բերանս չի բացվում, որ բառ ասեմ: Ստիպելով էլ չի լինում: Չգիտեմ, չհարցնես՝ ինչու: Բախտս բերել է, որ օրերս միօրինակ չեն, լեցուն են լավ մարդկանց հետ հանդիպումներով, ինչ-որ արտադպրոցական բաներով, ու դժգոհելու տեղ չունեմ: Բայց դա ինձ չի օգնում, որ առավոտս ուրախ սկսեմ: Իմ կարծիքով՝ սա պայմանավորված է գիշերային մտքերով, երազներով ու առավոտյան թույլ արևով, որովհետև մի ժամ հետո ամեն ինչ գլխովին փոխվում է: Ցերեկային ժամերին ինձ անգամ Հրազդանի ամենախանդավառ աղջիկը կարող եք համարել, կամ էլ՝ ամենաուրախ: Ինչպես կուզեք:
Երեկոյան, երբ հիշում եմ, որ պիտի մի քանի ժամ հետո քնեմ, էլի տրամադրությունս ընկնում է:
Ինձ պետք չեն գիշերները: Ես անընդհատ արև եմ ուզում, թեժ արև: Ես աստղեր եմ ուզում ցերեկները, ոչ թե մթության մեջ, լուսին չեմ ուզում, որովհետև ջերմություն չի տալիս: Չեմ ուզում առանց գիտակցության մտածել, երազ տեսնել: Չեմ ուզում ունենալ ժամանակ, երբ կխորանամ մտքերիս, ձախողումներիս, ձեռքբերումներիս մեջ ու կսկսեմ լաց լինել կամ երջանկությունից անկողնու վրա թռվռալ: Եվ վերջապես չեմ ուզում չորս պատի մեջ քնել, որովհետև ինչ մտածում եմ, չորս պատերից դուրս չի գալիս:
Մարդուն ու իրականությանը բնորոշ բաներ չեմ ուզում: Իսկ առավոտներս փակ բերանով սկսելն ինձ էլ դուր չի գալիս հաստատ: Բայց դրա պատճառը գիշերվա մեջ փնտրած ու չգտած արևն է: Արևից զուրկ եմ գիշերները, ու դա ինձ նյարդայնացնում է: Տեսակով էլ շատ զգայուն եմ, ուղղակի ամեն բան չէ, որ արժանանում է ատամների տակ սեղմված լինելուն: Մեկ-մեկ արժե գրել՝ թեկուզ և անհասկանալի է ստացվում ասածը: