Ինձ սպորտի մեջ եմ տեսնում

Ինչպես գիտենք, այժմ ընթանում է Աշխարհի 2018 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլը և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ժամանել էին Հայաստան: Օրեր առաջ կարողացա հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի և Էդգար Մանուչարյանի հետ: Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց հարցեր տալ, սակայն փոքրիկ հարցազրույց վերցրեցի Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանից:

-Ձեր կարծիքով, ի՞նչն է պակասում հայկական ֆուտբոլին, և ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ ավելի արդյունավետ խաղեր անցկացնելու համար:

-Այսպիսի հարց վաղուց չէին տվել: Մենք այժմ ունենք այնպիսի հավաքական, որը չենք կարող համեմատել, օրինակ, Գերմանիայի կամ Անգլիայի ազգային հավաքականների հետ, որոնք շատ հին պատմություն ունեն: Մենք որպես թիմ նոր ենք սկսում կառուցվել և կայանալ: Մեր կազմում շատերը դեռ պատանի ֆուտբոլիստներ են, այդ պատճառով ժամանակ է հարկավոր, որ ստաբիլ խաղեր անցկացնենք և հաջողությունների հասնենք:

-Եթե չընտրեիք ֆուտբոլիստի մասնագիտությունը, ուրիշ ի՞նչ ուղղություն կընտրեիք:

-Ճիշտն ասած, չէի մտածել այդ մասին, սակայն ինձ սպորտի մեջ եմ տեսնում: Եթե չընտրեի ֆուտբոլիստի մասնագիտությունը, սպորտի այլ ուղղություն կընտրեի:

-Եթե ընտրության հնարավորություն տրվեր, որտե՞ղ կցանկանայիք շարունակել ձեր կարիերան:

-Որտեղ ֆինանսապես ինձ ավելի հարմար լիներ, բայց ավելի շատ կցանկանայի Եվրոպայում շարունակել կարիերաս:

-Եվ վերջում, ինձ ամենից շատ հետաքրքրող և տարածված հարցը` Ռեալ Մադրի՞դ, թե՞ Բարսելոնա:

-Նախապատվությունը տալիս եմ Բարսային:

Հարցազրույցը վարեց Մարիամ Գրիգորյանը: