Ինչը կփոխեի…

Շիրակի մարզի մեր պատանի թղթակիցները խոսում են իրենց հուզող կրթական խնդիրների մասին

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մեր դպրոցում հիմա շատ են նոր և երիտասարդ ուսուցիչների աշխատանքի ընդունում: Ունենք մի ուսուցչուհի: Մի քանի տարի է, ինչ դասավանդում է, բայց բոլորս հասցրել ենք ճանաչել նրա մեթոդները և արդեն չսիրել: Նա շատ ժամանակ ակնհայտ ցույց է տալիս իր հակակրանքը  իր իսկ աշխատանքի նկատմամբ: Մի անգամ էլ անկեղծացավ և պատմեց, որ ընդհանրապես չի սիրում իր աշխատանքը, չի սիրում իր դասավանդող առարկան, չի սիրում աշխատել երեխաների հետ: Նա այդ աշխատանքը ստիպված է անում, իսկ կրթությունը ստացել է ծնողների պարտադրանքով:

Եթե ես  հնարավորություն ունենայի, կփոխեի պարտադրված սովորելու երևույթը: Կուզենայի, որ յուրաքանչյուրս հասկանայինք մեր ընտրության կարևորությունը…

Մարիամ Հայրապետյան

 

Արվեստը մի բնագավառ է, որը լիովին բացահայտված չէ:  Այն ունի իր բազմատեսակ և յուրահատուկ բնագավառներն ու ճյուղերը: Արվեստի գոնե մեկ բնագավառին մարդ պարտավոր է ծանոթ լինել: Այս խնդիրը հուզում է ինձ, քանի որ  ՀՀ արվեստի դպրոցների մեծ մասը գտնվում են քաղաքներում և այդ պատճառով  երեխաների մի մասը չի կարողանում արվեստին հաղորդակցվել, հատկապես՝ գյուղի երեխաները: Այդ պատճառով, եթե ես հնարավորություն ունենայի, արվեստի դպրոցների քանակը կշատացնեի: Հուսով եմ, կգա այդպիսի մի օր, երբ բոլոր երեխաները կկարողանան մուտք գործել արվեստի աշխարհ:

Մարիամ Ղուկասյան

 

Ճիշտ է, լավ բան է ինտերնետը: Մարդիկ կարողանում են շփվել իրար հետ, աշխատել, ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել, կարդալ… Սակայն վատ է, որ չգիտեն, թե ինչպես ճիշտ օգտվել ինտերնետից: Անիմաստ ժամանակ են ծախսում խաղեր խաղալով, վատ կայքեր մտնելով: Հաճախ էլ այդ վատ կայքեր մտնելու պատճառով վարակում են իրենց համակարգիչը: Ես շատ կուզենայի, որ դպրոցներում մեզ ավելի շատ ինտերնետային գրագիտություն սովորեցնեն, և թե ինչպես համակարգիչը և ինտերնետը օգտագործել ճիշտ նշանակությամբ:

Հարություն Հայրապետյան

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ավագ դպրոց հասկացությունը կվերացնեի: Օրինակ, ես ինքս թիվ 6 դպրոցից եմ, իններորդ դասարանցի: Հաջորդ տարի` 2016 թ-ի սեպտեմբերին ստիպված եմ լքել հիմնական դպրոցս, դասարանս, ուսուցիչներից, քույր ու եղբայր դարձած դասընկերներիս: Անկեղծ, ցավալի է տեսնել, որ մի շարք դպրոցներում բոլորը շարունակում են սովորել մինչև 12-րդ դասարան, իսկ հիմնական դպրոցի սաները տխուր սրտերով փոխելու են իրենց շրջապատը:

Հռիփսիմե Բալոյան

 

Գյումրիում կան շատ սպորտաձևեր, որոնք անտեսված են: Ես ինքս ունեմ մի ընկեր, ով զբաղվում է հրաձգությամբ և շատ լավ մարզիկ է, բայց մրցումներին չի կարողանում պատվավոր տեղեր գրավել կամ գրավում է մեծ դժվարությամբ, քանի որ,  ի տարբերություն մյուսների, նրա զենքը  ավելի հին է:

Եթե ես հնարավորություն ունենայի, կփոխեի վերաբերմունքը սպորտի, ինչպես նաև մարզիկների նկատմամբ:

Դավիթ Այվազյան