Sargis Melkonyan

Ինչն ում համար է

Երեկ, ինչպես միշտ, եկա դպրոցից տուն։ Ճաշեցի ու սկսեցի դասերս անել։ Բնականաբար դասերս անելուց առաջ անցա 17-ի էջերով ու կարդացի հոդվածներ, այդ թվում նաև իմը։ Յուրաքանչյուր հոդված կարդալով ինքս համեմատում եմ, թե ես, օրինակ, ինչպես եմ վերաբերվում տվյալ խնդրին կամ երևույթին։ Դրա համար էլ երբեմն հակասություն է առաջանում իմ և հոդվածագրի տեսակետների միջև, որն էլ բանավեճի առիթ է։ Իսկ հիմա, եթե թույլ կտաք, անցնեմ բուն նյութիս։

Հոդվածս, որը էկրանի մյուս ծայրից գուցե չուզենալով կարդում եք դուք, իրականում ծնվեց հենց մեր ցանցի անդամ Հայարփի Բաղդասարյանի նյութը կարդալուց հետո (եթե չեք կարդացել, անպայման կարդացեք

Նախ, ես համաձայն չեմ Հայարփիի տեսակետի հետ, թե Հանրային հեռուստաընկերությունը չպետք է եթեր հեռարձակեր «Ամենակարող երգիչ» նախագիծը։ Վստահ եմ, որ որոշ հեռուստադիտողների, որոնք մեր երկրում այնքան էլ քիչ չեն, կհետաքրքրեն նման նախագծերը։ Իսկ ո՞վ է ասել, որ Հանրայինը պիտի եթեր հեռարձակի միայն ազգայինը։ Ինչքանով որ տեղյակ եմ, Հանրային հեռուստաընկերությունը պետք է բավարարի բոլոր հեռուստադիտողների պահանջները։ Օրինակ, եթե դու չես կողմնորոշվում, թե որ սննդամթերքն է որակյալ, կարող ես դիտել «Համի որակ» հաղորդումը, եթե հետաքրքրված ես նորություններով, դիտիր լուրերը։ Իսկ եթե մեզ նման պատանի լրագրող ես, ուշադրություն․ հատուկ առաջարկ,  դիտիր «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդումը։ Չէ, չէ, սխալ հասկացաք։ Ես ամենևին էլ չեմ գովազդում Հանրային հեռուստաընկերությունը, ուղղակի ուզում եմ ասել, որ Հանրայինը եթեր է հեռարձակում այնպիսի հաղորդումներ, որոնք պետք է բավարարեն ցանկացած հեռուստադիտողի պահանջը։

Հ.Գ.  «Ամենակարող երգիչ» նախագծի նպատակը նոր անուններ հայտնաբերելն է։ Հայտնաբերել մարդկանց, ովքեր տաղանդավոր են, սակայն ինչ-ինչ պատճառներով շոու-բիզնեսում լինելու փոխարեն հայտնվել են ռեստորաններում։