Ani asryan

Ինչո՞ւ են տխուր մեր ուրախությունները

Ես ապրում եմ Սյունիքի մարզի Դարբաս գյուղում: Մեր գյուղի շրջակայքում շատ են սրբավայրերը և եկեղեցիները: Ես դրանց մասին զրուցեցի Մաշենկա և Պարիկոս տատիկների հետ: Նրանք պատմեցին յոթ եկեղեցիներից երկուսի պատմությունը, որոնք ժամանակի ընթացքում մարդու կողմից վերածվեցին ավերակների: Ահա այն եկեղեցու պատմությունը, որը գտնվում է գյուղի ծայրամասում:

-Պարիկոս տատի, քանի՞ տարի է` ապրում եք գյուղում:

-22 թվի ծնված եմ, հաշվի էլի (94 տարեկան):

-Այդ ընթացքում այցելե՞լ եք եկեղեցի:

-Հա քացալ եմ, բա հինչ եմ ըրալ: Ժղովուրդը հվաքվըմ ին, քինըմ: Էն վախտը մեռալներին եկեղեցըմ ին տինըմ: Մեծ աղջիկ եմ իլալ՝ յոթա –ութ տարեկան, եկեղեցըմը պանեն պիժանմ իլալ: Հի՞նչ են է ասըմ` հիշըմ չեմ:

-Նշխարք:

-Հա, էտա վեր կա ՝ նշխարք: Պիրավ, վեր տինի պերանմըս, ծեռքին թխեցի, եր ինգավ տափին: Հերս վեր տեսավ, ասեց, թա` Պարիկոս, խե՞ թհենց ըրեցիր: Ասեցի` կամ տու պիտի տաս, կամ ալ` ես տինեմ: Թաշնա չէ` ուրան թողալու չեմ: Տերտերը եր կցավ, ասեց` սաղ ժղովուրդը թողըմ են,  տու թողում չես: Թհենց հունց կիլի՞: Ես ալ ասամ` ես թողալու չեմ: Եդավ, թա` քեզ չար ստանան ալ չի մոտ կենա:

-Ի՞նչ նպատակով եք այցելել եկեղեցի այդ դեպքում: Արդյո՞ք  սրբավայրը ձեզ երջանկացնում էր:

-Դե քինացալեմ, էլի: Ժողովուրդը քացալ են, ես ալ նհետնին: Դե որպես հինգեր: Սաղ քիմ ին, շամ ին վառըմ (մոմ), ուրախանըմ, էն վախտ լափ-լավ էր:

-Ինչպիսի՞ ապրումներ ունեցաք, երբ մեկ օր գնացիք և տեսաք, որ այն վերածվել է ավերակների:

-Բոլորի համար ցավ ա իլա: Բա եկեղեցին կքանդե՞ն: Պարտիականնին հրաման են տվալ, վեր քանդեն, տանց աշխատողնին ալ քանդալ են: Քանդիլան եդը ահագին քացալ եմ խոխորցը նհետ:

-Իսկ այս 10 տարիների ընթացքում այցելե՞լ եք:

-Մհեկ կարըմ չեմ այցելեմ բոստանս, մնաց` այցելեմ  նեղ:

-Իսկ ովքե՞ր այն վերածեցին ավերակների:

-Փոչ մնացած Մակիչը, մին ալ Ստեփանը:

-Ի՞նչ եք կարծում, այժմ նրանց խիղճը հանգիստ է:

-Մհեկ սաղ են, վեր խիղճերնին հանգիստ իլի:

Ավելացնեմ, որ այս եկեղեցու խորանում է գտնվում Տեր Մկրտիչ քահանա Մարտիրոսյանի աճյունը:

Երկրորդ եկեղեցին գտնվում է գյուղի միջնամասում: Այս եկեղեցու մասին էլ զրուցեցի Մաշենկա տատիկի հետ:

-Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ երբ գյուղում կառուցվեց Ս.Ստեփանոս եկեղեցին, ոմանք մոռացան 7 եկեղեցիների մասին:

-Ես էտ հո՞ւնց կարամ ասեմ: Աման մարդ մի ձև ա մեկնաբանըմ: Ես հիշըմ եմ, աման ռես կողկավ անցկենալիս ասըմ իմ` աշխարքին խաղաղություն:

-Իսկ երբ խնդրանք էիք հղում Աստծուն, դրանք կատարվո՞ւմ էին:

-Չէ, կատարվալ չի: Ասալ եմ` այ խաչ, Մայիսիս շատ կպահես (Մայիս Միրզոյան, զոհվել է ապրիլյան քառօրյա պատերազմում ), բայց պահե՞ց: Մայիսիցս հեդո էլ Աստծուն ոչ մի պան ասալ չեմ, միգուցե Մայիսս ապրեր, իմ հավատն ալ կորչիլ չէր:

Այսքանն էլ բավական է իմ տխրության պատճառը հասկանալու համար: Ամեն անգամ եկեղեցիների կողքով անցնելիս մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ երկուսից երեք մոմ է վառված եղել, և դրանց վրա էլ ամիսներով փոշի է կուտակվել: Դեռ մանկուց տատս սովորեցրել է. «Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը», դե սա էլ այդպիսի մի բան է: Եթե ունենք նորակառույց եկեղեցի, ապա դա չի նշանակում, որ պետք է հները մոռացության մատնել: Միայն այն, որ եկեղեցիներից պահպանվել են մի քանի խաչքարեր, դա էլ բավական է Աստծո շունչը զգալու համար:

Պահպանե՛ք հինը, երջանկացե՛ք նորով: