Ինչո՞ւ հենց հիմա

Լուսանկարը՝ Սիանա Զալալյանի

Լուսանկարը՝ Սիանա Զալալյանի

Սովորականի պես ընկերուհուս հետ դուրս էի եկել զբոսանքի: Հանկարծ բարձր տրամադրությամբ եկավ մեր բակի երեխաներից մեկը՝ Էդմոնը, և ասաց.

-Լիլիթ, գիտե՞ս, ձեր տան ցանկապատը քանդելու են:

Ես և ընկերուհիս ուշադրություն չդարձնելով գնացինք, քանի որ դա առաջին անգամը չէր, որ նա ստում էր: Քայլում էինք, և նա նորից եկավ ու ասաց.

-Լիլիթ, քանդելու են, քանդելու են:

Մենք շրջվեցինք դեպի Էդմոնը և հարցրեցինք պատճառը: Նա էլ մեծ ոգևորությամբ պատմեց բակում տեղի ունեցածը: Ասաց, որ մարդիկ էին եկել ու ասում էին, թե քանդելու են ձեր և Աննա տոտայի ցանկապատը` խաղահրապարակ կառուցելու համար:
Հարց առաջացավ, եթե խաղահրապարակ են կառուցում, ինչո՞ւ են քանդում ցանկապատը: Նա էլ ասաց, որ տարածքը պետք է մի քիչ ընդարձակվի, այդ պատճառով էլ քանդելու են: Կարծեցինք, թե նորից ստում է և ցույց տվեցինք, թե հավատում ենք, որպեսզի հանգիստ թողնի: Շարունակեցինք մեր ճանապարհը: 
Հաջորդ օրը նկատեցի, որ Աննա մորաքրոջ ցանկապատը հանել են, իսկ արդեն հաջորդ օրը սկսեցին բակը քանդել: Եվ մենք արդեն սկսեցինք հավատալ Էդմոնին: Բակի բնակիչները դժգոհ էին, բացի երեխաներից: Մեծահասակները մտածում էին, որ դա այնքան էլ լավ չի, քանի որ ամբողջ օրը խաղացող երեխաների բղավոցներ են լսվելու:
Մի անգամ էլ, երբ քաղաքապետը եկել էր, բնակիչներից մեկը մոտեցավ նրան: Մեզ թվաց, որ նա բողոքելու է, սակայն այդպես չեղավ: Նա բոլորովին այլ խնդրի մասին էր խոսում: 
Շինարարությունը սկսել են, մոտ չորս շաբաթ առաջ, սակայն այն դադարեցվել է եղանակների փոփոխության պատճառով: Հավանաբար շինարարությունը կշարունակվի գարնանը: Մեզ մտահոգում է այն, որ բակը ավերված է, և փոքր երեխաները չհասկանալով, գնում-ընկնում են այդ փոսերի մեջ:
Ես շատ ուրախ եմ, որ վերջապես մի փոփոխություն կլինի մեր բակում, բայց ավելի լավ կլիներ, որ կառուցվեր գարնանը, որպեսզի հիմա ստիպված չլինենք ջրափոսերի միջով քայլել:
Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի