heghine enoqyan

Ինչո՞ւ չգիտենք

Մոտավորապես երկու տարի առաջ «Այրուձի» հեծյալ ակումբը իր կազմավորման 35-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր շրջագայություն Հայաստանի տարբեր վայրերով: Այդ մասին տեղեկացա համացանցի միջոցով: Խումբը լինելու էր նաև Ապարանի տարածաշրջանում, ավելի կոնկրետ՝ Լուսագյուղում: Պետք է ներկայացվեին ազգային ձիախաղեր, սակայն ձիերի հոգնածության պատճառով իրականացվեց ծրագրի միայն մի մասը՝ խումբը կատարեց ազգային երգեր, պարեր, ցուցադրվեց մոռացության ճիրաններից փրկված ստվերների թատրոն: 

Մեր տարածաշրջանում այսպիսի շրջագայություններ հազարից մեկ են լինում՝ մանավանդ ազգային երգ ու պարով ուղեկցվող: Դպրոցի մուտքի հարթակը վերածվել էր համերգային հրապարակի: Կային մեծահասակներ, դպրոցականներ ու մայրիկներ՝ երեխաներին գրկած: Հենց երգի առաջին հնչյուններից պատանիները շրջան կազմեցին դպրոցի տնօրենի հետ և պարեցին մինչև համերգի ավարտը: Երեկոն վերածվեց իսկական տոնի: Բոլորի աչքերում ուրախություն էր ու կարոտ՝ տոնախմբության, երգի, պարի:

Այս ամենը տեսնելով՝ առաջանում են մի շարք հարցեր: Իսկ մենք ինչո՞ւ ենք տարբեր միջոցառումների ժամանակ պարում ինչ-որ անհասկանալի ծագումով, ազգություն չճանաչող երաժշտության տակ: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ չգիտենք հայկական պարեր, հայկական երաժշտություն՝ կոմիտասյան մշակումներով: Չէ որ ծանր գնով է վիճակվել փոխանցել սերունդներին մեր ազգային նկարագիրը, ստեղծել պետություն ու պահպանել այն: Վերջապես ժամանակն է վերադառնալու մեր արմատներին, վերականգնելու մեր ինքնությունը, տարածելու ու փոխանցելու մերը՝ ազգայինը: