Sargis մելքօնյան

Ինչո՞ւ…

Մանկությանս հուշերում կնիքի պես դրոշմվել են այնպիսի իրադարձություններ, որոնք դեռ փոքր տարիքից կոփում են մարդուն՝ նախապատրաստելով ապագայի դժվարություններին ու կյանքին: Ես սիրում եմ դպրոցն ու ուսուցիչներին, և դա իր հիմնավոր պատճառն ունի: Գուցե հարցնեք` ինչո՞ւ… Փորձեմ պատասխանել:

Մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Մայրս՝ Ոսկեհատը, ավագ հորաքույրս՝ Սուսաննան, և կրտսեր հորաքույրս՝ Անահիտը, մանկավարժներ են: Ամռան օրերին, երբ հորաքույրներս (ունեմ 3 հորաքույր՝ Սուսաննա, Հայկանուշ, Անահիտ) գյուղ էին գալիս, հավաքվում էինք մեր այգու ամենամեծ տանձենու ստվերում և գրական երեկոներ էինք կազմակերպում: Ի դեպ, տանձենին տնկել է Մելիք պապս` 60 տարի առաջ: Ծառը մոտ 15 մետր բարձրություն ունի:

Ահա այդ երեկոներից մեկն էլ տպավորվել է իմ հուշերում, և գուցե այդտեղ է թաքնված նաև իմ հարցի պատասխանը:

Ամառ էր: Ես հինգ տարեկան էի: Այդ երեկո Հայկանուշ հորաքրոջս նախաձեռնությամբ (նա բուժքույր է) վերցրինք ծածկոցներ, բարձեր, քաղցրավենիք, հյութեր և իջանք այգի` մեզ հետ տանելով նաև Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուն: Տեղավորվելով մեր հարազատ տանձենու տակ, սկսեցինք գրական երեկոն: Բացումը կատարեց Սուսաննա հորաքույրը.

-Կանաչ, վիթխարի այս տանձենու տակ…

-Իրենց հասակի կարգով ծալպատակ,- շարունակեց Հայկանուշը։

-Միասին բազմած, մի շրջան կազմած,- հեռվից լսվեց մայրիկիս ձայնը,- քեֆ են անում և ուրախանում,
Իմ լավ տալերն ու բալաները, սիրելիները…

Մեր գրական երեկոն դեռ երկար կշարունակվեր, եթե չլինեի ես: Արևի տակ երկար մնալուց քթիցս արյուն եկավ: Լավ է, որ ներկա էր բուժքույր հորաքույրս, և արագ օգնության հասավ:

Դրանից հետո, իհարկե, շատ այսպիսի երեկոներ են եղել, որոնց ընթացքում ծնողներս, հորաքույրներս, տատիկներս ոչ միայն ասմունքում, այլ նաև պատմում էին հայ գրականության կարկառուն դեմքերի մասին: Մենք՝ ես, քույրերս, եղբայրս, հորաքույրներիս երեխաները, հաճույքով էինք լսում այդ պատմությունները:Մեր մեծերն այնպիսի ոգևորությամբ ու սիրով էին ներկայացնում այդ ամենը, որ չլսելն ուղղակի անհնար էր: Երևի այդ օրերից էլ ես սիրեցի մանկավարժներին և դպրոցը:

Ահա և « ինչու»-ի պատասխանը:

Ի դեպ, ես էլ եմ ցանկանում ուսուցիչ դառնալ, բայց `բոլորս գիտենք, թե մեր երկրում ինչպիսի կարգավիճակ ունի ուսուցիչը: Այդ աշխատանքով անհնարին կլինի ընտանիք պահել , ուստի կսահմանափակվեմ` դպրոցին սիրահարված մնալով…