arxiv

Ինչու մեծերը չեն սիրում, երբ փոքրերը հարցեր են տալիս

Ինչո՞ւ

Ջրափոսերի միջով թռվռալով տուն է գնում մի հինգ-վեց տարեկան տղա: Նա ունի մեծ կապույտ աչքեր: Կարմիր բաճկոնով է: Նայեց երկնքին, տեսավ թռչունների մի երամ: Երամն այնպիսի տեսք ուներ, որ փոքրիկ տղային մի պահ թվաց, թե դա մի սլաք է երկնքում և ցույց է տալիս ինչ-որ ճանապարհ: Ո՞ւր էին գնում թռչունները, ինչո՞ւ էին լքում մեզ: Այս հարցերն էին տանջում տղային: Մտավ տուն, հարցրեց մայրիկին.

-Ինչո՞ւ են թռչունները հեռանում:

-Ցուրտ է, բալե՛ս, փակի՛ր պատուհանը:

Տղան կրկնեց հարցը, սակայն պատասխանն այդպես էլ չստացավ: «Միգուցե մայրիկը չգիտի՞ պատասխանը… Ո՜չ, նա գիտի, բայց երևի պետք չի, որ ես իմանամ»,- մտածում էր տղան:

Ես էլ եմ մտածում՝ միգուցե մեր տված հարցերի պատասխանը կարող է վնասել մեզ կամ դարձնել ավելի մեծ… Միգուցե նրանք չեն ուզում, որ մենք իրենցից շատ բան իմանանք… Միգուցե ամաչում են պատասխանել մեր հարցերին… Միգուցե հոգնել են արդեն «ինչո՞ւ, ինչպե՞ս, որտեղի՞ց, ե՞րբ» հարցերից… Չգիտեմ: Ես դեռ մեծ չեմ, բայց երևի պետք է իրենցից հարցնել: Մեծերը հաստատ կիմանան:

Գայանե Մուրադյան, 15 տ.

***

Անհարմար է, չէ՞

Երբ փոքրերը հարցեր են տալիս մեծերին, նրանք անհարմար են զգում այդ հարցերից: Օրինակ՝ ընկերուհուս՝ Մարալի փոքր քույրը՝ Անին, իրեն շատ հարցեր է տալիս: Մարալը շատ է բարկանում: Անին հարցնում է.

-Այդ դերասանին ինչո՞ւ ես սիրում, դե, որ սիրում ես, ամուսնացիր հետը:

Մարալն ասում է Անիին, որ սուս մնա և այլևս այդպիսի բան չասի, այլապես մայրիկին կասի, որ իրեն պատժի:

Անահիտ Վասիլյան, 16 տ.

***

Մի բան ասե՞մ

Մի անգամ մեր ֆիզիկայի ուսուցչուհին, ինչպես միշտ, առանց բացատրելու խնդիրը գրեց գրատախտակին և ճանապարհի՝ S-ի փոխարեն գրեց H, որը մեզ անծանոթ էր: Ոչ ոք ձայն չհանեց, բայց ես ասացի.

-Ընկե՛ր Հարությունյան, H-ն ի՞նչն է:

-Մանե՛, այստեղից էլ երևում է քո բթամտությունը, դա մենք արդեն անցել ենք,- ասաց ուսուցչուհին և այդպես էլ հարցին չպատասխանեց:

Ես շատ եմ բարկանում, երբ մեծերը հարցիս կոնկրետ չեն պատասխանում: Ուրախ եմ, որ իմ ծնողները հարցերիս պատասխանում են, անգամ երբ դրանք անմիտ են լինում:

Մինչ վերջերս ունեի մի շատ վատ սովորություն. ամեն հարցից առաջ ասում էի՝ մի բան ասե՞մ: Մայրս դրանից շատ էր բարկանում, և շատ անգամներ, երբ ես կարևոր բան էի հարցնում, սակայն դրանից առաջ «մի բան ասեմ» էի ասում, նա հարցիս չէր պատասխանում: Եվ ես, տեսնելով, որ շատ հարցեր անպատասխան են մնում, այլևս այդպես չեմ ասում:

Մանե Արշակյան, 13 տ.

***

Հանրահայտները և Հաստ Կողոսկրը

-Ըհը՜, երեք ամիսը լրացավ,- ասացի ես և, մի րոպե դադար առնելով, շարունակեցի,- պա՛պ, հեսա կատուն էլի ձագեր կունենա:

Անցավ ևս քառասուն օր, կատուն մեզ ծանոթացրեց իր ձագերի հետ: Ես անուններ տվեցի՝ Բեգեմոտ, Կառլսոն, Վինի Թուխ, Արքիմեդ և Հաստ Կողոսկր: Բեգեմոտը «Վարպետը և Մարգարիտան» գրքի սև կատվի պատվին է կոչվել, որին ես սիրեցի իր հետևյալ հայտարարությունից հետո. «Сижу себе, никого не трогаю»:

Կառլսոնն ու Վինի Թուխը բոլորիս հայտնի հերոսների անուններն են: Արքիմեդին այդ անունը տվեցի իր չափազանց խելացի հայացքի համար: Միայն խեղճ Հաստ Կողոսկրի բախտը չի բերել: Նրա անունը կապ չունի ոչ մի նշանավոր մարդու կամ կերպարի հետ. ուղղակի կողոսկրերն են շատ հաստ:

-Պա՛պ, էս մեր կատուն ո՞նց է ձագ ունենում, եթե ամբողջ թաղում իրենից բացի ուրիշ կատու չկա,- հարցրեցի մի անգամ հայրիկիս:

-Լուսինե՛, այսօր չէ, վաղը անպայման կասեմ,- ասաց հայրս:

Արդեն յոթ տարի է՝ նա ինձ դեռ պատասխանում է:

Լուսինե Համբարձումյան, 13 տ.

***

Կմեծանաս՝ կիմանաս

Երբեմն մեծերը երեխաների հարցերին չեն պատասխանում՝ կարծելով, որ պատասխանը նրանք դեռ չեն հասկանա: Ես փոքր տարիքից չեմ սիրել ստիպել պատասխանել հարցերիս: Երբ փոքր էի, շատ հարցեր էի տալիս, և երբ մեծերը շփոթվում կամ չէին իմանում ինչպես պատասխանել, ասում էի. «Լավ, կմեծանամ՝ կիմանամ»: Հիմա իմ փոքր եղբայրն է հարցեր տալիս, պատասխանն է՝ կմեծանաս՝ կիմանաս:

Տաթև Ավակիմյան, 13 տ.

***

Հնդիկները, հնդկացիներն ու «Հայոց հարցը»

Պատմության դասն էր: Ուսուցչուհին պատմում էր դասը.

-Եվ այսպես, երեխանե՛ր, երբ օտարերկրացիներն առաջին անգամ ոտք դրեցին Ամերիկա, այնտեղ ստիպված եղան առնչվել բնիկների՝ հնդիկների հետ:

-Ընկե՛ր Քոչարյան, կարո՞ղ եմ մի բան հարցնել,- ասացի ես:

-Սպասի՛ր վերջացնեմ, նոր:

-Լավ:

Նա ամբողջ դասը պատմեց՝ մի քանի անգամ նշելով, որ Ամերիկայի բնիկները հնդիկներն են:

-Դե, հիմա, Լիլի՛, կարող ես հարցդ տալ:

-Ընկեր Քոչարյա՛ն, Ամերիկայի բնիկները հնդիկնե՞րն են, թե՞ հնդկացիները:

Դասարանցիներիցս մի քանիսը, ովքեր համաձայն էին ինձ հետ, ծիծաղեցին դասատուի վրա: Վերջինս իրեն շատ վատ զգաց, որ ես ամբողջ դասարանի առաջ իր սխալն ասացի: Նա սկսեց բղավել ինձ վրա, անպատվել և ամեն գնով ուզում էր ապացուցել, որ ինքն է ճիշտը: Երբ զանգը հնչեց, ուսուցչուհին գնաց ավագ քույրիկիս դասարան, այդ դեպքի մասին պատմեց քրոջս և ասաց, որ վաղն առանց մայրիկի ես դպրոց չգամ:

Դասերից հետո գնացի տուն, մայրիկիս պատմեցի, թե ինչ է եղել իրականում, և հաջորդ օրը նա եկավ դպրոց: Դասատուն այդ գործին էր խառնել նույնիսկ տնօրենին: Այսպիսով, իմ սովորական հարցը նրանք դարձրին «Հայոց հարց». հավաքվեցին, զրուցեցին, որոշեցին, որ ես մեկ ներողությամբ կքավեմ մեղքս: Այդպես էլ արեցի: Բարեբախտաբար, ընկեր Քոչարյանը մոռացավ այս դեպքի մասին… Համենայնդեպս, ես այդպես էի կարծում մինչև այն օրը, երբ մենք նորից մի անգամ դասի ժամանակ անդրադարձանք Ամերիկային:

-Երեխանե՛ր, հիշո՞ւմ եք, նախկինում ձեզ ասել եմ, որ Ամերիկայի բնիկները հնդկացիներն են,- ասաց նա, նայեց ինձ և ժպտաց:

Այնուամենայնիվ, ես ճիշտ էի:

Լիլի Զաքարյան, 14 տ.

***

Հարցեր, հարցեր…

Երբ ես ու ընկերս գնացինք ամառանոց, ընկերս ամեն օր հարցեր էր տալիս, իսկ ես հոգնում էի ու չէի ուզում պատասխանել: Բայց անպայման պիտի նրա հարցերին պատասխանեի, որովհետև անքաղաքավարություն կլիներ չպատասխանելը: Երբ մենք նստեցինք ավտոմեքենա, ընկերս սկսեց հարցեր չտալ:

Մի անգամ էլ մայրիկս հիվանդացավ, իսկ ես մայրիկիս հարցեր էի տալիս: Նա չէր կարող ու չէր ուզում հարցերիս պատասխանել, ձայն չէր հանում, իսկ ես անընդհատ հարցնում էի.

-Մայրիկ, ի՞նչ է եղել:

Արամ Մնացականյան, 6 տ.

***

Երբ տատիկը սերիալ է դիտում

Փոքր էի, նստած էի տատիկիս կողքին, իսկ նա հեռուստացույց էր դիտում: Ես մածուն էի լցրել բաժակի մեջ և շաքար էի ավելացնում.

-Տատի՛կ, որ մածունի մեջ հաց լցնեմ, մածունը կավելանա՞:

Տատիկս կլանված սերիալ էր նայում և չէր էլ լսում իմ հարցերը, այդ պատճառով էլ անտրամաբանական պատասխաններ էր տալիս:

-Հա՛, ավելանում է,- ասաց նա:

-Տատի՛կ, իսկ որ շաքար լցնեմ, մածունը կպակասի՞:

-Այո՛, այո՛, կպակասի,- ասաց նա:

Սերիալից հետո ես նրան ասացի, որ երբ շաքար լցրեցի, մածունը չպակասեց, և նա սկսեց ծիծաղել՝ հասկանալով, որ ուշադրություն չի դարձրել իմ հարցերին և սխալ պատասխաններ է տվել:

Հովնան Բաղդասարյան, 13 տ.

2008թ.