heghine grigoryan

Ինչու չհավատալ Ձմեռ պապին

Երեկ ինձ առաջարկեցին Ձյունանուշի դերը տանել նախակրթարանի երեխաների ամանորյա միջոցառման ժամանակ: Ակամայից հիշեցի ինձ այն տարիքում, երբ ինքս էի անհամբեր սպասում Ձմեռ պապին ու Ձյունանուշին: Այնքան հաճելի էին այդ սպասումները` լցված մանկական միամտությամբ: Հիշում եմ, թե ինչպես էի նամակ գրում Ձմեռ պապին, հետո նկարազարդում ու ձևավորում և լցնում այն իմ մանուկ հավատով: Որքա՜ն երկար էի նախապատրաստվում Նոր տարվան:

Բայց տարեցտարի ամեն ինչ փոխվում է, կարծես թե ժամանակ չի մնում  հավատալու ամանորյա հրաշքին: Ավելի մեծանալով ես զգում եմ, որ ամեն անգամ Ամանորն ուրիշ գույն ունի, ձյունն ու ձմեռը`ուրիշ: Ու թվում է` եթե այդպես շարունակվի, միգուցե այն ամբողջովին խամրի: Վերջերս կարդացի ընկերներիցս մեկի նյութը, աչքս ընկավ մի արտահայտություն. «ինչ լավ է մնալ երեխա»: Եվ ես հասկացա, որ իսկապես մեր սրտերում մանկական պարզությունն ու անհոգությունն է պակասում: Իսկ ինչո՞ւ չլինել երեխա, ինչո՞ւ չլինել պարզ ու հասարակ, և վերջապես, ինչո՞ւ չհավատալ Ձմեռ պապին:

Ես արագորեն վազեցի սենյակ ու սկսեցի  փորփրել դարակս և գտա իմ պատրաստած ձնեմարդն ու ծայրերը սպիտակ ներկած կոները, որոնք անտառից ինքս էի բերել: Սկսեցի թղթե փաթիլներ, հրեշտակներ ու ծաղկեշղթաներ պատրաստել:

Մարդիկ կարիք ունեն ամանորյա հրաշքների: Այդժամ աշխարհն  ավելի գունեղ է, իսկ ձմեռային սառն օդը` լի ամանորյա կախարդանքի բույրով:

Մի քանի օրից մեծ ու պայծառ երազանքներով լցված Ձյունանուշը գնալու է նախակրթարանի երեխաների ամանորյա հանդեսին: