anahit baghshetsyan

Ինչպե՞ս լռեցնել մտքերը

Պառկել եմ քնելու։ Փակում եմ աչքերս։ Փորձերն իզուր են։ Աչքերդ փակելով միտքդ չես կարող լռեցնել։ Մտքերն ավելի վառ ու գունեղ են գիշերը, երբ կարող են փայլել իրենց ողջ գեղեցկությամբ։ Դրանում վերջերս եմ համոզվել։  Իսկ մտքերս պտտվում են երկու մեծ աշխարհների ներսում՝ «քիմիա» և «հանրահաշիվ» անուններով։ Երկու առարկաներից էլ վաղը գրավոր աշխատանք ունեմ։ Գլխումս վազվզում են եռանկյունաչափական հավասարումներն ու օքսիդավերականգման ռեակցիաները։

Հանկարծ, ինձ թվում է, որ շատ բան գիտեմ։ Եվ իրոք, իմացածս քիչ չէ. հավասարումներ, տարածաչափական խնդիրներ, պատմական թվականներ, օտարալեզու բառեր, համակարգչային ծրագրեր։ Ակամա ներսումս մի հարց է ծնվում․ իսկ ինչքա՞ն բան ես չգիտեմ։

Ես չգիտեմ՝ ինչպես սիրել։ Սիրե՜լ․․․ Թվում է ՝ պարզ բան է, բայց ինչքան թաքնված իմաստներ, խոհեր ու պատգամներ կան քողարկված այդ պարզ բառի ստվերում։ Ես չգիտեմ՝ ինչպես սիրել և նվիրվել ամբողջ սրտով։ Միգուցե գիտեմ, ուղղակի տեղյակ չեմ։

Ես չգիտեմ՝ ինչպես լսել։ Օրվա ընթացքում լսում եմ հարյուրավոր հնչյուններ, բայց չեմ լսում դրանց ներսում պարփակված գաղտնիքները։ Ես չգիտեմ՝ ինչպես լսել լռությունը, հա՛, այդքան պարզ ու անպետք լռությունը, որ երբեմն շա՜տ ավելի խոսուն է, քան այն դատարկ ու փուչ բառերը, որ արտաբերում ենք անընդհատ։

Ես չգիտեմ՝ ինչպես չվախենալ։ Չվախենալ այն պարզ բաներից, որոնք շրջապատում են ինձ, որոնք ես տեսնում եմ ամեն օր, որոնք երբևէ չեմ տեսել, որոնց մասին երբևէ չեմ լսել։ Ուղղակի նայել այն ամենին, ինչ շրջապատում է ինձ առանց վախի։ Սպանել ներսումս ծնվող մութ վախը, որ կրում է «Իսկ եթե՞․․․» անունը։

Ես չգիտեմ՝ ինչպես չկառչել հասարակական կարծիքից։ Ինչպես չմտածել այն մասին, թե ինչ կարծիքի են մարդիկ։ Չգիտեմ՝ ինչպես կոտրել այդ նույն մարդկանց կերտած կարծրատիպերն ու նայել դրանց աչքերին։ Ես չգիտեմ՝ ինչպես է պետք հակառակվել հասարակությանն ու դրա կերտած սահմանափակ իրականությանը։ Ինչպես ստիպել մարդկանց ապրել ավելի պարզ, արդար, անվախ ու ինքնամոռաց, ստիպել նրանց դուրս գալ այն քարե ապարանքներից, որոնք նրանք կերտել են՝ ամբոխներից ու աշխարհից առանձնանալու համար։

Ես չգիտեմ՝ ուղղակի ապրել ներկա օրով։ Չմտածել ապագայի մասին ու վայելել այն գունեղ կյանքը, որը իմ շուրջն է։

Ու հանկարծ հասկանում եմ, որ եռանկյունաչափական տերմինները, տարեկան ՀՆԱ-ն, հատած բուրգերը, կրավորական սեռը, գծային ֆունկցիան ու  Ժյուլ Վեռնի կենսագրությունը ինձ երբևէ չեն օգնի, քանի որ ես չգիտեմ շատ ավելի կարևոր ու նշանակալից բաներ։

Գրո՛ղը տանի, ինչքան բան ես չգիտեմ։

Ինչ արած, վաղը հանրահաշվից գրավոր ունեմ․․․